Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում Երեւանում

  • 15.12.2023
  • 0
  • 289 Views

Դեկտեմբերի 14-ից Երևանոմ անցկացվում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը:

Միջոցառումը մեկնարկել է «Տրանսպորտային փոխկապակցվածության դերը կայուն և դիմակայուն զարգացման խթանման հարցում» խորագրով բացման հատվածով, որին խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման և Բոտսվանայի ԱԳ նախարար, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով նախագահող Լեմոգանգ Կվապեն:

Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախագահել է նախարարական մակարդակով նիստը՝ հանդես գալով բացման խոսքով, ապա՝ ազգային ելույթով՝ ԱԳ նախարարի կարգավիճակով: Նիստն անցկացվել է տրանսպորտային կապակցվածության ռազմավարական նշանակության թեմայի շուրջ՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հաջորդ գործողությունների ծրագրի համատեքստում: Նախարարական նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել 19 ներկայացուցիչ` 13 երկրից և 6 միջազգային կազմակերպությունից:

Միջոցառման առանցքային թեմաներից է եղել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը: Իրենց ելույթներում ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարն ընդգծել են, որ այն նպատակ ունի իրար կապել Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսությանը, հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների: Պանելային քննարկումների ընթացքում մասնակիցները քննարկել են տրանպորտային փոխկապակցվածության դերը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման գործում, տարածաշրջանային ինտեգրման խորացումը ներառական տրանսպորտային փոխկապակցվածության միջոցով, գլոբալ առևտրի և փոխկապակցվածության վերափոխումը թվային տեխնոլոգիաների միջոցով:

Նախարարական հանդիպումը կազմակերպվել է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ: Ընդհանուր առմամբ, նախարարական հանդիպմանը, որը ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում է 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություն, որոնց թվում են դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 15-Ին Երևանում շարունակվել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։ Այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է: Մասնակցում են 30-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ, որոնց թվում են դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ։

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների դժվարությունների մեծ մասը կա նաև Հայաստանում՝ տրանսպորտային բարձր ծախսեր, ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային խոչընդոտներ, տրանզիտային երկրներից կախվածություն, հեռավորություն հիմնական շուկաներից և սահմանափակ ռեգիոնալ ինտեգրում՝ նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդը: Այս մասին հայտնում է Հանրային ռադիոն։

«Չնայած մեծ ճգնաժամեր են եղել վերջին 1-2 տարիներին, Հայաստանը ունեցել է առաջընթաց գործողությունների ազգային ծրագրին համահունչ: ՄԱԿ-ի ընտանիքում մենք հաճախ ենք խոսում մարդասիրական զարգացման եւ խաղաղության կապի մասին: Հայաստանի վարչապետի կողմից խաղաղության խաչմերուկի ներկայացումը ցույց տվեց Հայաստանի տեսլականը, թե ինչպիսի դերակատարում է ցանկանում Հայաստանն ունենալ տարածաշրջանում՝ կոմունիկացիաների առումով, ինչը կնպաստի խաղաղությանը եւ երկարաժամկետ կյունությանը»:

Վայգանդը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան թիմն աջակցում է այդ զարգացման օրակարգին և կառույցը պատրաստ է օգնել ՀՀ կառավարությանը՝ բարելավելու տարածաշրջանային կոմունիկացիաները Հայաստանի և հարևան երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև: 

«Մասնավորապես, բարելավելու կոմունիկացիաների ոչ ֆիզիկական ենթակառուցվածքը, այդ թվում գիտելիքի, փորձի փոխանակում, ժողովուրդների միջև շփումների խթանում, ինչպես նաև ընմդհանուր նպատակների և ռազմավարությունների մշակում 2030-ի օրակարգի իրականացման համար»:

Քրիստինե Վայգանդի խոսքով՝ Հայաստանի և ՄԱԿ-ի համագործակցության 2021-2025 թվականների ծրագրով Հայաստանում ՄԱԿ-ի թիմը մի շարք ծրագրերի է մասնակցում, որոնք աջակցում են թվային ենթակառուցվածքի զարգացմանը, ճանապարհների անվտանգությանը եւ հանրային տրանսպորտի բարելավմանը: Հաջորդ տարի ՀՀ կառավարության հետ կմեկնարկի համագործակցության 2026-2030 թվականների ծրագրի մշակումը։

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը ելույթ է ունեցել  Հայաստանի  էկոնոմիկայի նախարարի խորհրդական Չայլս Մանասը, որն անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ծրագրին։ Մանասը նշել է, որ այն կապում է Պարսից ծոցը Սև ծովին և Հայաստանը դարձնում է գրավիչ, տարանցիկ ճանապարհ՝  դառնալով ամենակարճ ճանապարհներից մեկը:

«Եթե մենք այդ բոլորն իրար գումարենք, և դրան ավելացնենք նաև Խաղաղության խաչմերուկ նախագծի մոտեցումները, սա խթան է տարածաշրջանի բոլոր երկրների համար հասկանալու՝ շարունակում ենք մնալ պատերազմող երկրնե՞ր, թե՞ դառնում ենք հարևաններ: Բոլոր ծով չունեցող երկրների նպատակն է ապահովել բնակչության բարեկեցությունը, զարգացման հեռանկարները: Հայաստանն ապացուցել է, որ կարող է ունենալ ՀՆԱ-ի աճ, բայց պետք է ունենալ նաև լավ հարաբերություններ հարևանների հետ, որպեսզի շարունակենք առաջընթաց ունենալ: Չես կարող մշտապես պատերազմել,  ինչ-որ պահի պետք է ասես՝ բավական է»։

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման հիմնական նպատակը, ըստ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանի, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցության միջոցով կայուն զարգացման նպատակներին հասնելն է։

«Մենք՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրներ, այս մարտահրավերներին բախվում ենք, շատ յուրահատուկ իրավիճակում ենք, և սա մեզ միավորում է։ Տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում արհեստական բանականությունը, կիբեռ անվտանգությունը, թվայնացումը կարևոր դեր ունեն բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության մեջ, որը երկրների մրցունակության բարձրացման կարևոր ռեսուրս է։ Մենք ընգծում ենք միջազգային և տարածաշրջանային համագործակցության նշանակությունը՝ հաղթահարելու համար ամենօրյա մարտահրավերները արագորեն փոփոխվող բազմաբևեռ աշխարհում»։

Նախարարական հանդիպմանը, որը ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում է 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություն, որոնց թվում են դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում