Տարին ԵԹԿՊԻ-ի համար նշանավորվեց իտալական ֆիլմերի ցուցադրությունների շարքով

  • 15.12.2023
  • 0
  • 227 Views

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) և Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցությունը ձևավորվել է դեռևս այս տարվա հունիսին, երբ առաջին անգամ ուսանողական թատրոնում ցուցադրվեց իտալացի ռեժիսոր Մարիո Վիտալեի 2023 թվականի արտադրության «Երկնքի որսորդները» ֆիլմը, որը նվիրված է Իտալիայի ռազմաօդային ուժերի կազմավորման 100-ամյակին: Իտալական ռազմական ավիացիայի ծննդյան հուզիչ պատմությունը ներկայացվում է երեք մարդկանց սխրագործությունների միջոցով։

ԵԹԿՊԻ-ի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այս տարվա ընթացքում արդեն հասցրել են մի քանի իտալական ֆիլմեր ցուցադրել: Կինոդիտումներին մասնակցել են ինչպես բուհի դասախոսներն ու ուսանողները, այնպես էլ հյուրեր, քոլեջների ուսանողներ, կինոսեր մարդիկ։

«Շատ կարևոր է իտալական կինոարվեստին առնչվելը, ժամանակակից միտումներով նկարահաված ֆիլմերի գեղագիտությունն ընկալելը։ Կինոարվեստով զբաղվող յուրաքանչյուր մարդ պետք է ակտիվորեն հետևի` ինչ է կատարվում այսօր կինոարտադրության ոլորտում»,- մեզ հետ զրույցում նշեց ԵԹԿՊԻ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ ֆիլմերը ցուցադրվել են հայերեն ենթագրերով, որն ապահովել է բուհի միջազգային կապերի բաժինը։ ԵԹԿՊԻ-ում ցուցադրվել է նաև ռեժիսոր Լուիջի Լո Կասիոյի «Իդեալական քաղաք» ֆիլմը:

Հաջորդը «Պինգվինի քայլն» է, իտալական կատակերգական ֆիլմ, որի բեմադրող-ռեժիսորն ու սցենարի հեղինակն հանրահայտ Կլաուդիո Ամենդոլանն է: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2013 թվականին Թուրինի կինոփառատոնի ընթացքում: Իսկ տարին եզրափակվեց ռեժիսոր Ալեսանդրո Դ՚Ալատրիի «Սթարթափ» ֆիլմը` հայերեն ենթագրերով: Ֆիլմը ներկայացնում է 18-ամյա տղայի կյանքի վայրիվերումներով հարուստ պատմությունը և ցույց է տալիս հաջողության հասնելու ճանապարհին հանդիպող խոչընդոտները վճռականորեն հաղթահարելու միջոցները։

Ցուցադրություններին ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն, դեսպանատան աշխատակիցներ։ Դեսպանը կարևորել է շարունակական համագործակցությունը և ուրախությամբ նշել, որ իտալական կինոն Հայաստանում սկսում է նոր զարգացում ապրել, աջակցությամբ կինոդիտողների, իսկ Երևանի թատրոնի կինոյի ինստիտուտը, լավագույն միջնորդն է: 2024 թվականին կշարունակվի արդեն դրական հիմքերի վրա կառուցված համագործակցությունը և այժմ էլ մշակվում են տարբեր ծրագրեր այն ընդլայնելու նպատակով:

Իզա Ասծատրյան

Երեւան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում