Ռումինիան հոգևոր պետերի մակարդակով արձագանքեց Արցախում տիրող վիճակին. Հարցազրույց Վրթանես Սրբազանի հետ

  • 14.12.2023
  • 0
  • 306 Views

Արցախի շունչը Բուխարեստի Առաջնորդանիստ Մայր Տաճարում.

Հարցազրույց Արցախի Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի հետ

            Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում սույն թվականի նոյեմբերի 19-ը առանձնահատուկ էր։ Այդ օրը մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Արցախի Հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի։ Վրթանես Սրբազանը Ռումինիա էր ժամանել Տ․ Տաթև եպս․ Հակոբյանի հրավերով՝ մասնակցելու Արցախի համար կազմակերպված համագումարին։

            Սուրբ Պատարագից հետո կատարվեց Արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների համար Հոգեհանգստի կարգ։ 

Նույն օրը, եկեղեցու բակում գտնվող ,,Վիկտորիա և Հովսեփ Դուդյան,, Հայ Մշակույթի Տան գրադարանում, հավաքվածները հնարավորություն ունեցան Վրթանես Սրբազանից ավելի մանրամասն տեղեկանալ ներկայիս իրավիճակի մասին։ Նա ներկայացրեց բռնի տեղահանված արցախահայության սոցիալական վիճակը, այն խնդիրները, ինչի դիմաց այժմ կանգնած է հայ ազգը։ Իր խոսքում նա  շնորհակալություն հայտնեց թեմակալ առաջնորդին նախաձեռնության և ջերմ ընդունեության համար, նաև Կրոնից պետքարտուղարին, Ռումին Պատրիարքությանը և բոլոր աջակիցներին։  Ներկա գտնվողները ուղղեցին իրենց  հուզող հարցրերը և ստացան Սրբազան Հոր սպառիչ պատասխանները։ 

Հանդիպման վերջում մեզ նույնպես հնարավորություն ընձեռվեց զրուցել Ռումինիայի Հայոց թեմ հյուրընկալված Արցախի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի հետ և տալ նրան մի քանի հարցեր․

Աստված օգնական, Սրբազան Հայր։ Բարի գալուստ Ռումինիա։ Առաջին անգամ է, որ այստեղ եք, ի՞նչ տպավորություններ ունեք։

– Աստված պահապան։ Նախ ասեմ, որ Ռումինիայի մասին իմ տեղեկությունները գալիս են դեռ խորհրդային տարիներից, երբ ուսանող էի և պատկերացնում էի, որ այս երկիրը բնությամբ, աշխարհագրական և բնակման պայմաններով շատ հարուստ է։ Իմացել եմ նաև երկրի, հայ համայնքի և կարևոր մշակութային արժեքների մասին, երբ Վազգեն Հայրապետը դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Ուսանողական տարիներին, Վազգեն Ա կաթողիկոսի կողմից, պարբերաբար լսում էինք հրաշալի պատմություններ ու հրաշագեղ խոսքեր Ռումինիայի մասին։ Երրորդ աղբյուրը, որտեղից ստանում էի տեղեկություն, որպես ձեռնադրված հոգևորական, լուսահոգի առաջնորդ Տիրայր արք․ Մարտիկյանից էր։ Նա երբեմն գալիս և խոսում էր մեզ հետ, քանի որ նաև Ադրբեջանի Հայոց թեմի առաջնորդն էր։ Լինելով բազմիցս Արցախում՝ պատմում էր հետաքրքիր պատմություններ։ Ռումինիայի մասին պատմելիս՝ խոսում էր այն վանքերի և եկեղեցիների մասին, որոնք գտնվում էին Ռումինիայի Հայոց թեմի հովանու ներքո, ինչպես օրինակ Սուչավայի հրաշագործ Հաճկատար ու Զամկա վանքերը։

Վերադառնալով մեր օրեր՝ տեսա այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարում է առաջնորդ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանը։ Այն տեսնելով՝ հոգևոր մեծ զգացողություն ես ապրում, հեռու հայրենիքից հատկապես ներկա կացության մեջ։ Համայնքը փոքրաթիվ է, բայց այն աշխատանքը, որը կատարվում է եկեղեցիների, վանքերի, հուշարձանների, մեր կալվածքների, ձեռագրերի, մեր մշակութային արժեքների նկատմամբ, որոնք ժամանակին հավաքվել են մեր նախնիների կողմից, հսկայածավալ է։ Այս ամբողջը խմբագրել, տալ համապատասխան արժեհամակարգ, բավականին բարդ և ծավալուն աշխատանք է, որն այսօր կատարում է Թեմակալ Առաջնորդը։ Տեսնելով՝ պատկերացումներ կազմեցինք, որ այս պատմական նշանավոր թեմը դեռ ունի անելիքներ, իր հոգևոր առաքելության նաև ժողովրդագրական և ինչու չէ մշակութային ճանապարհի վրա։

Համագումարին մասնակցելուց հետո, ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Համագումարն ինքնին արդյունք է այն նվիրական աշխատանքի, որն առաջնորդ Տաթև Սրբազանը իրականացնում է։ Ի հարգանս իրեն, իր միջոցով ավելի լավ են իմացել Հայաստանի նաև Արցախի մասին։ Նա մշտապես եղել է Արցախում և կատարել հոգևոր հեղաշրջում մարդկանց մոտ՝ նկարագրելով իր տեսածը։ Սրբազան Հոր շնորհիվ նրանց պատկերացումներն այլ են դարձել։

Կարծում եմ, սա այդ մեծ հսկայածավալ աշխատանքի արդյունքն է, որ կրոնի պետքարտուղարը, պետական ողջ ապարատը, ընդառաջ այս ամենին փորձեցին հոգևոր պետերի մակարդակով արձագանքել Արցախում տիրող իրավիճակին և համարում եմ, որ ակնկալիքս արդեն տեղի է ունեցել։ Այս համախմբումն արդեն իսկ կնշանակի՝ մարդիկ սրտացավ են, գաղափարակից և հասկացել են թե ի՞նչ է Արցախը և ի՞նչ է տեղի ունեցել Արցախում։ Այն, ինչ մենք ներկայացրեցինք դա երկրորդական է, որովհետև առաջնայինը Տաթև Սրբազանի կողմից բացատրվել, ասվել էր, և նրանք եկել էին պատրաստված։

Սրբազան Հայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահեց ձեր պաշտոնը, սակայն Հայաստանի և Արցախի Հանրապետությունները չպահեցին Արցախը, ի՞նչ զգացողություններ ունեք, ինչպե՞ս եք ձեզ զգում։

– Հույսով եմ լցված, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կունենա այն  քաջությունն ու իմաստությունը պահպանելու Արցախի Հանրապետությունը:

Ձեր խոսքերից մեկում ասել եք, որ ցանկություն ունեք գոնե ամիսը մեկ Արցախի եկեղեցիներից մեկում պատարագ մատուցելու, արդյոք կարծում եք դա հնարավո՞ր է և ի՞նչ հեռանկարներ ունեք։

– Այո, դա հնարավոր է: Մենք պետք է համապատասխան աշխատանքներ տանենք միջազգային կառույցների հետ, որպեսզի նրանք ապահովեն մեր անվտանգ ուխտագնացությունը դեպի Արցախ: Մենք ակնկալում ենք միջազգային կառույցներից ոչ միայն պաշպանելու մեր պատմամշակութային հուշարձանները, այլև այնպես անել, որ ուխտավորաբար կարողանանք այցելել մեր պատմական վանքերն ու գերեզմանները:

Սրբազան Հայր ձեր կարծիքով, այս տարածքային, և ոչ միայն, կորուստները կօգնե՞ն հայ ազգին ավելի սթափվելու և գնահատելու, պահպանելու այն ինչ մնացել է մեզ հիմա։

– Քանի՞ անգամ պետք է ազգը ցեղասպանության ենթարկվի, որպեսզի ձևավորի ինքնապահպանության ազգային մի ծրագիր։ Քանի՞ պատերազմ պիտի անցնենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես կազմակերպենք մեր պաշտպանությունը. այսօր անգամ չունենք բավարար չափով տարրական պաշտպանության կառույցներ՝ ապաստարաներ և այսպես շարունակ: Հուսով եմ, որ սա վերջինը պիտի լինի, որպեսզի ազգովի սթափվենք, միավորվենք և ոչ միայն անվտանգ դարձնենք Հայաստանի ներկա տարածքը, այլև հետ վերադարձնենք բռնազավթած մեր տարածքները:

Ի՞նչ տվյալներ ունեք բռնի արտագաղթած Արցախահայության մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում տեղահանվածների սոցիալական կարիքները հոգալու համար։

– Բռնի տեղահանված արցախահայության գերակշռող մասը ապաստան է գտել Հայաստանում՝ տեղավորվելով տարբեր մարզերում: Շատ քիչ քանակությամբ արցախցիներ արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն: Եկեղեցին, պետությունը, հասարակական այլ կազմակերպություններ և անհատներ սիրահոժար կերպով աջակցում են տարբեր ծրագրերով արցախահայությանը: Անշուշտ հնարավոր չէ, լիարժեք կազմակերպված, ապահովել կամ փոխհատուցել այն ամենն ինչ-որ նրանք թողեցին Արցախում:

 – Սրբազան Հայր եզրափակենք՝ թեման շարունակելով․ ինչպե՞ս է հնարավոր այնպես անել, որպեսզի արցախահայությունը հաստատվի Հայաստանում, այլ ոչ արտերկրում։ Առաջիկա և կարևոր քայլերը, որոնց վրա պետք է սևեռենք մեր ուշադրությունը և ձեռնամուխ լինենք դրանք կատարելու, որո՞նք են։

– Անշուշտ սա դժվար հարց է, նախ պետք է արցախահայությանն ապահովել բնակարանով, աշխատանքով և անվտանգ տարածքով: Արցախի Հանրապետության և Արցախի թեմի պահպանումը այն հենասյուներն են, որոնց վրա հենվելով՝ արցախահայությունը կպահպանի իր ինքնությունը և քաղաքական կամքի դրսևորման պահին պատրաստ կլինի հաղթական վերադարձին:

Հարցազրույցը վարեց Ինեսա Թումասյանցը

Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում