Վախճանվել է Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը

  • 13.12.2023
  • 0
  • 326 Views

Վախճանվել է Հայոց համազգային շարժման հիմնադիր-անդամ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի (այժմ՝ Ազգային ժողովի) նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Այս մասին հայտնում է ilur-ը։

Բաբկեն Արարքցյանը ծնվել է 1944 թ. սեպտեմբերի 16-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-1968-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվ. մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ:

1968-71-ին աշխատել է ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-1975-ին՝ մաթեմատիկայի, 1975-1977-ին՝ գիտատեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-1990-ին՝ ԵՊՀ-ում՝ դոցենտ, կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ:

1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է մոսկովյան բանտում «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ:

1990-1991-ին եղել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։

Արարքցյանը 1991-1995-ին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահ։ Նա 1991-ին եղել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-1995-ին՝ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ:

1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ՝ լինելով ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998 թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի հետ միասին։

2000–ականներին Բաբկեն Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։

Ավելի քան 30 գիտական աշխատությունների և բուհական դասագրքերի հեղինակ է:

Բաբկեն Արարքցյանը 79 տարեկան էր։

orer.eu

ՕՐԵՐ-ի կողմից

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Բաբկեն Արարքցյանը Բիշքեկի բանակացությունների ժամանակ ադրբեջանական կողմից պահանջեց ներողություն խնդրել հայ լրագրողի վրա հարձակման համար եւ վերադարձնել վերջինիս ձայնագրիչը։ (Ի դեպ , այդ լրագրողը Օրերի կայքէջի խմբագիր Աննա Կարապտյանն էր, որ այն ժամանակ ներկայացնում էր ամերիկյան լրատվական գործակալությունը՝ UPIը)։ Իսկ բանակցությունների ավարտին, որից հետո ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը, Երեւան վերադառնալիս Բաբկեն Արարքցյանը մտավ ինքնաթիռում նստած համաշխարհային լրատվական գործակալությունների համար աշխատող լրագրողներիս հատվածը եւ հատուկ շնորհակալություն հայտնեց մեր կատարած աշխատանքի համար։ Իսկ մենք մեծ աղմուկ էինք բարձրացրել միջազգային լրատվական հարթակներում, Բիշքեկից հաղորդել էինք հայանպաստ ռեպորտաժներ։ Մինչեւ հիմա ես չեմ լսել , որ որեւէ քաղաքական գործիչ լրագրողների աշխատանքի համար շնորհակալություն հայտնի։ Այդ ժամանակ մենք զգացինք, որ մեր թիկունքին Հայաստան պետությունն է կանգնած։

Այսօր այս պարկեշտ ու փորձառու քաղաքական գործիչը հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Ցավակցում եմ հարազատներին ու բարեկամներին։ Աստված հոգին լուսավորի։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում