Վաշինգտոնը, Բրյուսելը եւ Անկարան ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը. 32 հայ զինծառայողների ադրբեջանական կողմը ազատ է արձակելու, հայկականը՝ երկու

  • 08.12.2023
  • 0
  • 208 Views

Վաշինգտոնը ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը, որը վստահության կառուցման կարևոր քայլ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը 2 ադրբեջանցի և 32 հայ պահվող անձանց ազատ արձակման մասին։ Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր քայլ է, մինչ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու և հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», – նշված է հայտարարությունում։

Միլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մեծապես աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։

Ինչպես ավելի հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Եվրամիությունը կարևոր քաղաքական քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա․ Բորելը նույնպես ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը պահվող անձանց փոխադարձ ազատ արձակման և վստահության կառուցման այլ միջոցների մասին՝ դա համարելով կարևոր քաղաքական քայլ։ Մենք համակարծիք ենք այն հարցում, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին», – գրել է Բորելը X սոցիալական հարթակում։

Թուրքիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն՝ ուղղված վստահության ամրապնդմանը

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններն՝ ուղղված երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը և հանդես է գալիս նրանց միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որի մասին հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ, և աջակցում ենք այս ուղղությամբ լրացուցիչ քայլերի քննարկումը շարունակելու որոշումը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ կերպով ստորագրվի խաղաղության համաձայնագիր, որը կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն հիմքերից մեկը», – ​​ասվում է փաստաթղթում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում