Այս շաբաթվա սկզբից ողջ չեխական մամուլը ողողված է նոյեմբերի 27-ին Պրահայում տեղի ունեցած բողոքի ակցիան լուսաբանող հոդվածներով ու վերլուծություններով։ Քանզի, ԶԼՄ-ների հավաստմամբ, երկուշաբթի օրվա հանրահավաքը Չեխիայի պատմության, թերևս, ամենախոշոր գործադուլն էր, դասադուլը և բողոքի ցույցը՝ 1989 թվականի հեղափոխությունից ի վեր։
Երկուշաբթի օրը Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի հենց շենքի առջև սկսվել է հանրապետության արհմիությունների առնվազն 20 խոշորագույն միավորումների ներկայացուցիչների հանրահավաքը։ Արհմիությունները դեմ են հանդիսացել կենսաթոշակային բարեփոխումներին, պետական հատվածում աշխատավարձերի բարձրացմանը, կրթության համար գումարի բացակայությանը, էլեկտրաէներգիայի թանկացմանը, բարձր գնաճին ու նվազագույն աշխատավարձի բարձրացման անհասկանալի հեռանկարներին և մի շարք այլ չլուծված խնդիրներ

«Դա աչքի ընկնող բողոքի ակցիա էր, որին, սակայն, էապես ոչ ոք չօգնեց։ Արհմիությունները կոչ են արել Պետր Ֆիալայի (ODS) կառավարությանը բանակցել, բայց վարչապետը պատասխանել է, որ պատրաստ է, միայն ոչ՝ ճնշման տակ, և ոչ այն հարցերի շուրջ, որոնք արդեն ընդունվել են ՉՀ-ի Պատգամավորների պալատի կողմից, ինչպիսին է օրինակ՝ պետբյուջեի կոնսոլիդացման փաթեթը»,- գրել է չեխական ՄՖ ԴՆԵՍ պարբերականը՝ նոյեմբերի 28-ի «Ընդդեմ Ֆիալայի կառավարության» վերնագրով հոդվածում:
Նոյեմբերի 27-ը ՉՀ-ի կողմից հայտարարվեց որպես «Բողոքի օր»՝ ընդդեմ վերը նշված պետական բյուջեի միջոցների խնայողության կառավարության միջոցառումների համախմբման (կոնսոլիդացման) փաթեթի։
Պրահայի Մալոստրանսկա հրապարակում, կառավարության գործողությունների դեմ ուղղված այդ մի քանի հազարանոց հանրահավաքին եկել էր մասնակցելու տարրական ու միջնակարգ դպրոցների և մանկապարտեզների գրեթե 74 տոկոսը։ Նույնիսկ դրանց մի զգալի մասը երկուշաբթի օրը մնացել է ամբողջությամբ փակ, իսկ մյուսները մասնակցել են զուտ խորհրդանշական առումով։ Հոծ բազմության գոռգոռոցների և սուլոցների ներքո, ուսուցիչներն ու ուսանողներն իրենց դժգոհությունն են հայտնել՝ պահանջելով ավելի շատ գումար հատկացնել կրթությանը։

Գործադուլին աջակցել են նաև որոշ ընկերություններ։ Օրինակ, «Škoda Auto» ավտոմոբիլային բոլոր գործարաններում արտադրությունը դադարեցվել է երկու ժամով։ «Բողոքի ցույցերից երևաց, որ կազմակերպիչ արհմիությունները կարող են հանդես բերել անհամաձայնության դրսևորում, թեև Պրահայի ցույցը ոչ մի կերպ զանգվածային չէր։ Մալոստրանսկա հրապարակի մեծությամբ այն կարող էր տպավորիչ լինել, սակայն արհմիութենականները նախընտրեցին խուսափել անցյալ տարվա Վացլավյան հրապարակի, այսպես կոչված, «ֆիասկոյի» կրկնությունից»,- բողոքի միջոցառումը մեկնաբանել է չեխ քաղաքագետ Յոզեֆ Մլեյնեկը, ըստ որի դժգոհությունն ակնհայտորեն աճում է չեխ հասարակության մեջ։

Վարչապետ Ֆիալան, ով հանրահավաքի ժամանակ էքսկուրսիա է կատարել՝ օրն անցկացնելով մայրաքաղաքի սահմաններից դուրս, այնուամենայնիվ իր տեսակետում մնացել է անփոփոխ։ «Պետք է վերջ դնենք պետության պարտքերի կուտակմանը»,- պնդել է Ֆիալան՝ կրկին մատնանշելով կառավարության փաթեթը և ընդգծելով, որ այն արդեն հաստատվել է բոլոր մակարդակներում ու ստորագրվել հանրապետության նախագահի կողմից։ «Հետևաբար, չեմ տեսնում փաթեթում ինչ-որ բան փոխելու որևէ դրդապատճառ։ Ընդհակառակը, այդպիսով կառավարությունը կշեղվի ընտրողներին խոստացած ծրագրերի իրականացումից»,- հավելել է վարչապետը։

«Ես մերժում եմ արհմիությունների հարկադիր գործողությունները, որոնց դիրքորոշումները համընկնում են ընդդիմության հետ: Առանց կենսաթոշակային բարեփոխումների և համախմբման փաթեթի, չենք կարող շտկել պետական ֆինանսները և չենք նպաստի գնաճի արագ կանխմանը։ Գոյություն չունեն կրթության, առողջապահության կամ կենսաթոշակային համակարգում տասնյակ միլիարդների համապարփակ ներդրման տեսքով ցավազուրկ լուծումներ»,- արհմիությունների առաջնորդների և գործադուլավոր ցուցարարների շարքային ներկայացուցիչների ելույթներին ի պատասխան՝ նշել է Չեխիայի Ֆինանսների նախարար Զբինյեկ Ստանյուրան (ODS կուսակցությունից):

«Արհմիությունները չեն բացառել հետագա բողոքի ցույցերի պլանավորումը, որը պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, եթե կառավարությունը չիրականացնի պահանջվող փոփոխությունները։ «Tripartita»-ն՝ (կառավարության, արհմիությունների և գործատուների միջև սոցիալական երկխոսություն վարելու ինստիտուցիոնալ հարթակը) կրկին պետք է հանդիպի դեկտեմբերի 4-ին։ Արդեն ուրբաթ օրը բժիշկները նույնպես մտադիր են ևս մեկ բողոքի ակցիա անցկացնելու՝ արտաժամյա աշխատանքից ազատումների տեսքով»,– հայտնում է չեխական մամուլն առօրյա հաղորդագրություններում։

Այսօրվա ՄՖ ԴՆԵՍ-ը հանդես է եկել «Ուսուցիչների թիվը չափից ավել է։ Բեկը կողմնակից է աշխատատեղերի կրճատմանը» վերնագրով հոդվածով, որում մասնավորապես նշվում է. «Պարզապես պետք է արգելակել կադրերի ավելացումը»,- խոսելով ուսուցիչների թվի մասին, օրաթերթին տված հարցազրույցում նշել է ՉՀ-ի Կրթության նախարար Միկուլաշ Բեկը (STAN կուսակցությունից)։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը տարրական և միջնակարգ դպրոցների երեք քառորդը դասադուլ էր հայտարարել հենց ընդդեմ կրթության ոլորտում աշխատատեղերի կրճատումների՝ մտավախություն ունենալով կրթական մակարդակի անկումից և ասպարեզից ավելի փոքր դպրոցների վերանալուց: «Կադրերի թվի աճը լիովին անջատված էր ժողովրդագրական թվային տվյալների աճից, քանի որ այս հինգ տարում երեխաների թիվն ավելացել է մոտ 7,5 կամ 8 տոկոսով, մինչդեռ դասավանդողների թիվն աճել է 20 տոկոսով»,- վիճակագրորեն հաշվարկել է նախարար Բեկը, ով հաջորդ շաբաթ նույնպես հանդիպելու է արհմիութենականների հետ։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար



