Արեւիկ եւ Շարնուտ՝ «Հայկական համը» Չեխիայում

  • 26.11.2023
  • 0
  • 553 Views

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների շեմին մշտապես անակնկալներ են լինում։ Այս անգամ  զարմանքի ու հիացմունքի առիթ տվեց  Պրահայի ամենախոշոր «Պալադիում» առեւտրային կենտրոնում ներկայացվող  հայկական շարոցի (քաղցր սուջուխի) գեղեցիկ ձեւավորվումներով տուփերը։ Համտեսի համար սեղանիկին արդեն իսկ կտրտված շարոցներն էին՝ ամենատարբեր յուրահատուկ համերով։

Այստեղ է նաեւ հայկական քաղցրավենք արտադրող ընկերության չեխ ղեկավար Դավիթ Զոհրաբյան-Միշակը։  Հայկական ազգանունը թող շփոթության մեջ չգցի։ Զոհրաբյանը կնոջ ազգանունն է։ Դավիթն այնքան է սիրում Հայաստանն ու իր կնոջը՝ Հռիփսիմեին, որ որոշել է  վերցնել նաեւ կնոջ ազգանունը, որը կրում են նաեւ նրանց փոքրիկ երեխաները՝ դուստրն ու որդին։

Մեկ տարի առաջ Դավիթը որոշում է թողնել իր հիմնական առեւտրային գործը, եւ սկսել հայկական շարոցի արտադրություն Հրադեց Կրալովե քաղաքից ոչ հեռու գտնվող իրենց ավանում՝ հիմնելով «Բոհայա» ընկերությունը։ Նրանց գովազդային նշանաբանն է՝ «Ընկույզից զարդեր՝ Հայաստանի համով»։ Առայժմ արտադրանքի տեսականին տեղավորվում է երկու տարբեր տուփերում՝ «Արեւիկ» եւ «Շարնուտ»։  «Արեւիկը»  խաղողի դոնդողակերպ շիրայից ու կակաոից բաղկացած շոկոլադներ են՝ զարդարված տարբեր համեմունքներով։ Իսկ «Շարնուտը»  բաղկացած է ամենատարբեր տեսակի քաղցր սուջուխներից՝  խաղողի դոշաբից պատրաստված դասականը,  կաթնային, սպիտակ կամ սեւ շոկոլադով պատված սուջուխներ եւ այլն։ Ընդ որում, դրանց նույնպես տրվել են հայկական անվանումներ։ Մի տուփը կոչվում է «Համովիկ», մեկը՝ «Դասական», իսկ երրորդը՝ «Կրակ»։ Ընդ որում «Կրակ» շարքի մեջ կան նաեւ կծու պղպեղով սուջուխներ։

Ինչպես մեզ հետ զրույցում նշում է Դավիթը, ամբողջ արտադրանքը ձեռքի աշխատանքի արդյունք է։ Օգտագործում են միայն որակով հումք, նույնիսկ ալյուրը հատուկ ներկրում են Իտալիայից, որպեսզի այն լինի սեմոլինա բարձր տեսակի։ Նրա ասելով, չեխ-հայկական այս արտադրանքն իր կնոջ ընտանիքի ավանդական բաղադրատոմսով է արվել։ Նրանց ընտանիքում պատրաստված համեղ շարոցներն էլ հուշել են, որ այն կարելի է վերածել արտադրության։ Այս քաղցրավենիքը նրանց ընտանիքի սիրո, նվիրվածության եւ հետեւողական աշխատանքի  արդյունք է։

Ու քանի որ այս ամենը ձեռքի աշխատանք է, լավագույնս փաթեթավորված, գինը նույնպես բարձր է՝ 770 կրոն։ Բայց այն հայկականը ներկայացնելու լավագույն նվերը կլինի մեծ ընկերությունների, դեսպանատների կամ միջազգային կազմակերպությունների աշխատողների համար։  Այն հաճելիորեն կարող են վայելել կոնյակի կամ այլ խմիչքների հետ։ Ի դեպ, այս քաղցրավենքից զատ, ընկերությունը վաճառում է նաեւ Հայաստանից բերված «Մաթեւոսյան»  նռան գինիները, որոնց գները տատանվում են 500-600 կրոնի սահմաններում։

Այնպես որ, հայկական գինին ու շարոցը միասին կարելի է վայելել Սուրբ Ծննդյան տոներին եւ Ամանորին։ Պրահայում բնակվողները հնարավորություն ունեն Պալադիում առեւտրի կենտրոնի +1 հարկում գտնվող վաճառքի կետից  գնել մինեւ այս տարվա դեկտեմբերի 23-ը, այնուհետեւ կարելի է պատվիրել գեղեցիկ պատրաստված կայքէջի միջոցով՝  Chuť Arménie (chut-armenie.cz)հասցեով կամ տեղում գնել՝ Կոստելեց նադ Օրլիցի ավանում գտնվող վաճառատնից։ Ընկերության կայքէջում մանրամասն բացատրվում են թե՛ արտադրանքի բաղադրությունը, թե՛ գնելու ու ստանալու հնարավորությունները։

Հետեւաբար, հատկապես ձեր օտար բարեկամներին կարող եք տոնական օրերին զարմացնել հրաշալի հայ-չեխական արտադրանքով։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐի եւ Բոհայա ընկերության

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում