Սուրբ Ներսես Շնորհալին հնչեց Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում

  • 19.11.2023
  • 0
  • 296 Views

Նոյեմբերի 11-ին Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում կեսօրվա ժամերգությունից հետո Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ Հայկ սարկավագ Ութիջյանի մասնակցությամբ ներկայացվեց 12 րդ դարի մեր լավագույն գանձերից մեկը՝ Սուրբ Ներսես Շնորհալու հոգեւոր-երաժշտական ժառանգությունը։

Նախ Հայր Բարսեղը նշեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2023 թվականը հռչակել է Ներսես Շնորհալու մահվան 850 րդ տարելիցի նշանավորման տարի եւ այդ առիթով, նաեւ Պրահայում հիշատակում են հայ միջնադարյան շարականագրության մեծագույն ներկայացուցչին։

Հայր Սուրբը խոսեց Սուրբ Ներսես Շնորհալու կյանքի ու գործունեության մասին , ներկայացրեց միջնադարյան շարականագիտության մեջ Շնորհալու ունեցած անգերազանցելի դերը, համարելով նաեւ նրան հայ եկեղեցու ամենաարգասավոր հոգեւորականներից ու կաթողիկոսներից մեկը (1166ից սկսյալ)։ Նա եղել է աստուածաբան, բանաստեղծ, երաժշտագէտ, երգահան ու պատմիչ, եւ իր բազմաշնորհության համար էլ ժամանակակիցների կողմից ստացել է Ներսես Շնորհալի անունը, իսկ իբրեւ կաթողիկոս նա կոչվել է Ներսես Դ Կլադեցի։

Հայր Բարսեղը ներկայացրեց Շնորհալու բանաստեղծություններն ու արձակ գործերը, իսկ շարականների մասին մասնավորապես նշեց, որ նա թողել է այնպիսի հսկայական ժառանգություն, որն ընդգրկում է հայ առաքելական եկեղեցու բոլոր կարեւոր արարողություններն ու տոները։

Այնուհետեւ Հայկ սարկավագն ու Հայր Բարսեղը երգեցին ութ շարական, նախապես պատմելով յուրաքանչյուրի նշանակությունն ու իմաստը։ Ու թեեւ եկեղեցում շատ ցուրտ էր, սակայն նրանց կատարումները ջերմացրին ներկաներին՝ նաեւ պարգեւելով հոգեւոր սնունդ, որն այդքան պակասում է մեր ամենօրյա կյանքում։

Հ.Ա.

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում