ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծ

  • 17.11.2023
  • 0
  • 259 Views

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ այս քվեարկությունը տեղի է ունեցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, հայ համայնքի, վերջինիս կոնգրեսական բարեկամների, ԱՄՆ-ում բնակվող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների շարունակապես աճող հասարակական ու քաղաքական երկարատև ճնշման պարագայում։ 

https://youtube.com/watch?v=GY0EC5-bp7c%3Fsi%3D0jJyOguyR-6hVnAr

Մեկնաբանելով օրինագծի ընդունումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է․

«Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Փիթերսին իր առաջնորդության համար և ողջունում ենք Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ որպես Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան զսպելուն ուղղված առաջին քայլ։ Իր հերթին, նախագահ Բայդենը, հաշվի առնելով իր դերը Արցախի էթնիկ զտման գործընթացում Ադրբեջանին զինելու գործում, այս պահին պետք է անի շատ ավելին, քան պարզապես ազդարարի ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման պատրաստակամության մասին, օրինակ՝ ԱՄՆ-ն կարող է առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև՝ հաստատելու միջազգային մանդատ, որը կապահովի հայության անվտանգ և կայուն վերադարձ դեպի Արցախ»։

Օրինագծի ներկայացման ժամանակ սենատոր Փիթերսը մանրամասնորեն ներկայացրել է ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ սկսած շուրջ տասնամսյա շրջափակումից մինչև սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիա։ Վկայակոչելով այն, որ նախագահ Բայդենը, Ադրբեջանի շարունակապես աճող ագրեսիայի պարագայում, չի դադարեցրել վերջինիս տրամադրվող օժանդակությունը՝ Փիթերսը Սենատի իր գործընկերներին հորդորել է գործել, ասելով․

«Եթե մենք քայլեր չձեռնարկենք, երբ երկրները դիտավորյալ անտեսում են իրենց հետ մեր համաձայնագրերի պայմանները, մեր համաձայնագրերը կդառնան իրականում անիմաստ և անատամ: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, գործադրելու մեր պայմանավորվածությունները և չհրահրված ագրեսիայի պայմաններում  կանգնելու հայ ժողովրդի կողքին»:

Նշվում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հայ համայնքի ակտիվ ներգրավմամբ, շարունակելու է աշխատանքը «907-րդ բանաձևի» ամբողջական կիրարկումն ապահովելու համար՝ խրախուսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկու օրինագծերի անհապաղ ընդունումը, որոնք կարգելափակեն ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին, ամբողջությամբ չեղարկելով «907-րդ բանաձևի» շրջանցման նախագահական լիազորությունները: Ներկայացուցիչների պալատում գտնվող օրինագծերի նախագծերով նաև առաջարկվում է ընդլայնել Հայաստանին տրամադրվող հումանիտար և ռազմական օժանդակությունը՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ինչպես նաև օգնություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված հայությանը։

Իր հերթին, ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Սենատի կողմից «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծի ընդունումը, որի նպատակն է 2024 և 2025 թվականների համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը շրջանցելու նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։

«Ծափահարում եմ Սենատին «Հայկական պաշտպանության ակտն» ընդունելու համար։ Այժմ Ներկայացուցիչների պալատը պետք է հետևի այս քայլին և ընդունի իմ երկկուսակցական օրինագիծը՝ H.R. 5683-ը, որով 907-րդ ենթաբաժինն ուժը կորցրած կճանաչվի, և կարգելվի ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին։ Հայաստանի դեմ Ալիևի ագրեսիան պետք է իրական հետևանքներ ունենա», – գրել է Փալոնը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում