Հայկական ցուցահանդեսների հրավառություն Բեռլինում

  • 16.11.2023
  • 0
  • 86 Views

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1–ին ժամը 19։00-ին զարմանահրաշ զուգադիպությամբ բեռլինյան երկու պատկերասրահներում բացվեցին ցուցահանդեսներ հայ արվեստագետների մասնակցությամբ, որոնց հաջորդեցին ևս երեքը։

Նրանցից առաջինը, որ այցելեցինք կազմակերպել և կյանքի էր կոչել արվեստագետ Արչի (Հարություն) Կալենցը՝ «Վոլֆ և Գալենց» (Wolf & Galentz) ցուցասրահում (01.09-22.09)։ Այն նվիրված էր արևմտյան Բեռլինում գործունեություն ծավալած հայտնի և սիրված «Taube» պատկերասրահի 50 ամյակին։ Տեղացի և արտասահմանցի նկարիչների ստեղծագործությունների կողքին էին նաև չորս հայ արվեստագետների աշխատանքներ՝ Միհրան Գաբեյան, Գագիկ Կուրղինյան, Արչի Կալենց և Էդ Թադևոսյան։

««Թաուբեն» կասեի՝ լեգենդար գալերիա էր արևմտյան Բեռլինում, որը միշտ ֆիգուրատիվ, արդի արվեստ է ներկայացրել, և այդ 50 տարիների մեջ մի շարք հայեր են եղել։ Օրինակ՝ Միհրան Գաբեյանը գալերիայի հետ կապ ուներ դեռ 70–ականներից, Գերմանիա էր եկել Պոլսից։ Իմ ծանոթությունը 25 տարուց ավելի է։ Տոնելու միտքը  միշտ կար, բայց երբ որ անցած տարվա վերջ անսպասելի հիվանդության պատճառով սրահը փակվեց, ես գալերիստին՝ Քլաուս Մերթենսին, ասեցի, արի՛, մի ծրագիր կազմենք, պատրաստվենք։ Նա վաստակաշատ է՝ մոտ 58 տարվա աշխատանք է կատարել այս բնագավառում, զուգահեռ նաև լուսնկարչական, որտեղ ևս հայեր կային։ Վստահ էի, որ տարածքը զբաղեցնող կոշիկի խանութի տերը չի արձագանքելու, առաջարկեցի, որ մեզ մոտ անենք։ Եվ, բնականաբար, անհնար կլիներ հինգ տասնամյակների ընթացքում կուտակած ողջ հավաքածուն այստեղ ներկայացնել, ուստի սահմանափակվեցինք շուրջ 130 այս գործերով»,– մեզ հետ զրույցում պատմեց պարոն Կալենցը։

Նույն օրը՝ նույն ժամին բացված հաջորդ խմբակային ցուցադրության (01.09-28.10) հայ մասնակիցը Գերմանիայում վաղուց հաստատված և ճանաչված արգենտինահայ արվեստագետ Սիլվինա Տեր–Մկրտչյանն էր։ Նրա ստեղծագործության բոլոր ժանրերում կարմիր թելով անցնում է մեր ինքնությանը, ազգային պատկանելությանն ու ճանաչողությանը նվիրված մտքերն ու գաղափարները։ Այս մեկը ևս բացառություն չէր։

Համադրող տիկին Լուսին Ռայնշը, ով նախաձեռնել էր այս ցուցահանդեսը Բեռլինի «Galerie Nord|Kunstverein Tiergarten» ցուցասրահում՝ «Տեղափոխված կամ ինչ գիտեն իմ ոսկորները» խորագրով, նույնպես կարևորել է պատկանելության և արմատներին հետևելու մտայնությունը։

«Երեք տարի է, որ այստեղ աշխատում եմ՝ իբրև համադրողի օգնական։ Սա, ըստ էության, իմ ավարտական աշխատանքն է։  Ինձ համար կարևոր էր իմ արմատներին անդրադառնալը և այստեղ բերել նաև Արևմտյան Հայաստանի թեման (հայրը Ամ․ Հայաստանից է)։ Առաջնորդվելով այս գաղափարով էլ ընտրել եմ արվեստագետներին՝ Չան Սուկ Չոյ՝ հարավկորեացի, Սիլվինա Տեր–Մկրտչյան՝ սփյուռքահայ, Փինար Օգրենցի՝ թուրք, և Սելմա Սելման՝ ռումինացի»,– նշեց զրուցակիցս։

Սիլվինա Տեր–Մկրտչյանի ցուցադրությունն ուղղված է փոքրամասնությունների ազգային ինքնությանը։ Նա մասնավորապես լուսանկարների միջոցով ներկայացնում  է Արևմտյան Հայաստանի կրթամշակութային անցյալը և ցեղասպանությունից փրկվածների մասին խոսում։ Առանց սցենարի՝ միայն պատառոտված կամ ամբողջական լուսանկարներ են, որոնք հանդես են գալիս իբրև անցյալի պատմությունը կրող վկաներ։ Քչաթիվ լուսանկարներին զուգահեռ և դրանց կապակցված ֆիլմում արվեստագետը ներկայացնում է այն գաղափարը, որ մենք պետք է հիշենք մեր նախնիներին։ Նրանցից մեզ հասած այդ բազմաթիվ լուսանկարները ներկայի համար թերևս կարևորագույն հենարաններ են։

Այս ամենի ֆոնին՝ անցյալը խոսուն դարձնելու նպատակով,  նաև դեկորատիվ ցուցադրություն կար, որտեղ երևում է քարերի անցքերից կարմիր թելերի միջոցով հայի հոսող արյունը։

Տեր–Մկրտչյանն իր ֆիլմը մարմնավորել է փարիզաբնակ Գրիգոր Բելեդյանի «Սեմեր» նովելի (1997 թ․) հիման վրա, ուր խոսվում է ընտանեկան լուսանկարների պատմության մասին։ Եթե նրանք ոչնչանան, ապա ի՞նչ կմնա առհասարակ այդ ընտանիքի պատմությունից։ Ընդգծված հնչում է այն հարցադրումը՝ արդյո՞ք մենք  ուզում ենք պահել այս ժառանգությունը և շարունակել մեր կյանքը կառուցել այդ հիմքի վրա, թե՝ ոչնչացնել այն և բոլորովին անկախ կյանք վարել՝ առանց արմատների, որովհետև այն ծանր բեռ է։

Սրտառուչ այս շարժանկարը արևմտահայերենով է և լուսագրերով՝ անգլերեն թարգմանությամբ։ Ինչպես մեզ տեղեկացրեց արվեստագետը, հրավիրված է ֆիլմն առաջիկայում ներկայացնելու աշխարհի տարբեր վայրերում տեղի ունենալիք վեց փառատոնների ընթացքում։  

Ցուցադրությունների մեր հաջորդ ուղեցույցը մեզ տարավ Բեռլինի նախկին մի հսկայածավալ արտադրամասի տարածք, որի շենք շինությունները աստիճանաբար վերածում են ժամանակակից ցուցասրահների։ Այստեղ՝ «Wilhelm Hallen»–ի ցուցասրահներից մեկն ամբողջությամբ նվիրված էր հայ արվեստին (09.09-17.09)։ Բեյրութահայ բարերար և կոլեկցիոներ, լուսահոգի Հովիկ Քուրքջյանի հազվագյուտ հավաքածուից ծաղկաքաղ էր արել նրա գերմանուհի կինը՝ տիկին Կարոլա Շիլդը, ցուցահանդեսի համադրողի հետ միասին։ «Ժամանակից դուրս» խորագրի ներքո ներկայացված էին գործեր մի շարք հայաստանաբնակ և սփյուռքահայ գեղանկարիչներից՝ Նիկոլ Աղաբաբյան, Գրիգոր Հակոբյան, Ասատուր, Արա Ազատ, Վահրամ Դավթյան, Գաբո, Ռուբեն Գրիգորյան, Պոլ Կիրակոսյան, Հակոբ Հակոբյան, Հրայր, Տիգրան Մատուլյան և Րաֆֆի Թոքատլյան։

Հովիկ Քուրքջյանը 50 տարուց ավելի  հայ արվեստի գործեր է հավաքել։ Ծնվելով Բեյրութում՝ հիմնականում սփյուռքի արվեստին է շատ ուշադրություն դարձրել։ Հայաստան այցելել է բազմիցս՝ անկախանալուց հետո, կապ հաստատել տեղի արվեստագետների հետ։ Նրա հավաքածուն, ինչպես տիկին Շիլդն է հավաստում, բավականին մեծ է և, ինչ խոսք, այս սրահում ներկայացնելն անհնար էր։

«Ներկայացված շարքը և առահասարակ մեր ամբողջ հավաքածուն Հովիկը ձեռք է բերել ցուցահանդես–վաճառքների ժամանակ, որոնք բոլորը փաստաթղթավորված են ըստ պատշաճի։ Առայժմ հավաքածուն կմնա այսպես, ձեռք չենք տա։ Սրանք շատ արժեքավոր գործեր են, որ հրաշալի ձևով են մարմնավորում հայկական արվեստը։ Բոլորն են վարպետ գեղանկարիչներ, մեկը մյուսից հիասքանչ գործեր են և ցույց են տալիս, թե ինչքան զարմանահրաշ կարող է լինել  նկարչությունը»,– մեզ հետ զրույցում նշեց տիկին Շիլդը։

Նա հիշում է, որ Քուրքջյանն իր գործի նվիրյալն էր և ցանկանում էր այս ամենով զբաղվել, արվեստագետներին պլատֆորմ տալ, աշխատանքները տեսակավորել, արժևորել, կատալոգը պատրաստել, հրատարակել, բայց հիվանդությունը նրան 2020 թվականի հունվարին տարավ և չհասցրեց իր ցանկություններն ի կատար ածել։ Վերջինս էլ  նրան խոստացել է հոգ տանել այս հավաքածուի մասին․ «Մենք պետք է Հովիկի ամբողջական հավաքածուն տպագրենք, աշխատում եմ այդ ուղղությամբ և կկատարեմ խոստումս»։

Բեռլինի «Kuchling» պատկերասրահի պատերն էին զարդարում սփյուռքահայ գեղանկարիչ Գևորգ Մուրադի նոր աշխատանքների անհատական ցուցադրությունը (13.09-20.10)։ Սիրիահայ արվեստագետը, որն ուսանել է նաև Երևանում և բնակություն հաստատել Նյու Յորքում, Բեռլինում հանդես է գալիս արդեն երրորդ անհատական ցուցադրությամբ (նախորդ՝ 2017–ին, 2019–ին)։

«Մենք մեծ ուրախությամբ ենք նրա հետ աշխատում։ Դա ինքնաբերաբար է ստացվում, նրա այդ յուրօրինակ մարդ տեսակից է։ Նա իր ինքնավստահ կեցվածքով ու լեցուն էներգիայով ցուցահանդեսի բացման օրն այնքան մարդու գրավեց ու դրական լիցքեր հաղորդեց, որով թելադրում է միայն ապրել, կեսուրախ ապրել։ Նա գիտի ինչ է անում, ինչ է ուզում, սա ինձ համար շլացուցիչ է, և իր այդ բնույթն ու տեսակը արտահայտված է իր արվեստում»,– մեզ հետ զրույցում նշեց պատկերասրահի աշխատակից, գերմանուհի արվեստաբան Ժոզեֆինա Մյուլլերը։

Արվեստագետն իր այս գործերում շեշտը դրել է մարդկային զգացողությունների վրա։ Նրա նրբաճաշակ կտավներում տեսնում ենք գրաֆիկայի և աբստրակտի համահունչ միաձուլում։ Գևորգ Մուրադի ներկապնակը մերթ գունագեղ է, մերթ՝ սև ու սպիտակ։ Նրա ստեղծագործություններում յուրահատուկ նկարչական տեխնիկայով կյանքի կոչված նոր շունչ կա։ Աշխատանքներից մեծադիրը, որը 6 մետր երկարությամբ, 2,4 մետր բարձրությամբ և  1,2 մետր խորությամբ զբաղեցրել էր սրահի մեկ ամբողջ պատը, հիշեցնում էր հին աշխարհ, արևելք, պատմական ճարտարապետական կոթողներ, միևնույն ժամանակ նմանվելով թատրոնի բեմական վարագույրի, որտեղ կարծես՝ ուր որ է պիտի Փափազյանը հանդես գա կամ օպերա բեմադրվի։

«Գևորգի արվեստում բոլոր տարրերն անքան գեղեցիկ են միահյուսված, որ անասելի գրավիչ են այն դարձնում։ Համեմատության մեջ եմ նայում այլ արվեստագետների  ու առհասարակ արվեստի այլ ճյուղերի հետ ու տեսնում եմ նրա գործերի իսկապես ծանրակշիռ արժեքը։ Արտասովոր տաղանդ է նրանը։ Մենք արդեն անասելի շատ այցելուներ ենք ունեցել, շատ արվեստագետներ, հատկապես ճարտարապետներ։ Վստահ կարող եմ ասել, որ այս ցուցահանդեսը գերմանացի արվեստասերների հիշողության մեջ կմնա»,– իր խոսքում շեշտեց տիկին Մյուլլերը՝ ավելացնելով․ «Բոլոր արվեստագետները չեն, որոնց մասին ես կուզեի կամ կարող էի այսքան խոսել, ինչպես Գևորգի դեպքում է»։

Ցուցահանդեսներից վերջինը, որ այցելեցինք ամենաերկարատևն է՝ սեպտեմբերի 7–ից մինչև նոյեմբերի 19–ը։ Այստեղ հանդիպում ենք դարձյալ գերմանացի արվեստասեր հասարակությանը վաղուց քաջածանոթ բեռլինաբնակ գեղանկարիչ Սամ Գրիգորյանի աշխատանքներին։ «Reinbeckhallen» հիմնադրամի ցուցասրահում «Խաղային հպում» խորագրով ներկայացված են երկու տասնյակ արվեստագների աշխատանքներ, որոնք հիմնադրամի սեփական հավաքածուն են հանդիսանում։ Հիմնադրամն այս ցուցադրությամբ նպատակ ունի ժամանակակից արվեստը ներկայացնել։

Գեղանկարչական աշխատանքներ ներկայացնելուց զատ հիմնադրամը զուգահեռաբար կազմակերպել է ֆիլմի դիտման երեկո, զեկուցումներ տարբեր լեզուներով,  արվեստի դասընթացներ երեխաների և մեծահասակների համար։ «Թղթերի աշխարհ» և «Կոլաժներ» թեմաներով դասընթացներից երկուսը վարել է արվեստագետ Սամ Գրիգորյանը՝ նախ երեխաների, ապա՝ մեծահասակների համար։

«Երխաների հետ և՛ հետաքրքիր էր, և՛ զվարճալի։ Շատ գեղեցիկ գործ ստեղծեցինք միասին, սիրով աշխատեցինք, որովհետև իրենք շահագրգիռ էին, նոր և հետաքրքիր բան էր սա նրանց համր։ Անկեղծ ասած, դիմորդները շատ–շատ էին, հատկապես մեծահասակները, բայց անհնար է բոլորին ներգրավել»,– մեզ հետ զրույցում պատմեց պարոն Գրիգորյանը։

Հ․Գ․ Վերոնշյալ ցուցահանդեսների լուսաբանումն առանձին հոդվածներով չենք հրապարակել, որովհետև Արցախի ողբերգական իրադրությունը և դրանից բխող բոլոր հանգամանքները թույլ չէին տալիս։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում