Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարը 108 տարեկան է

  • 14.11.2023
  • 0
  • 312 Views

Նոյեմբերի 12-ին մեծ շուքով նշվեց Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարի հիմնադրման 108-րդ ամյակը։ Այդ առիթով, ձեռամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, մատուցվեց տոնական Ս․ Պատարագ՝ մասնակցությամբ թեմի հոգևոր դասի։ Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ Կոնստանցայից, Պիտեշտից, Գալացից, Թուլչայից, Կրայովայից, Բոտոշանից, Սուչավայից, Կլուժից, Գեռլայից, Բակըուից, Ռոմանից։

Սրբազան Հայրն իր քարոզում մեկնեց օրվա ավետարանական հատվածը, խոսեց եկեղեցու դերակատարության մասին և ի մասնավորի Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Տաճարի կարևորության և հայապահպան դերի մասին։

Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց նաև խորանի վրա սպասավորող քահանաներին, սարկավագներին, դպիրներին ու երգչախմբի անդամներին, ինչպես նաև Բուխարեստի հայոց ծուխի հոգևոր հովվին ու ծխական խորհրդին, ինչպես նաև բոլոր նվիրատուներին։

Քարոզից հետո Բուխարեստի հայ համայնքի երկու նվիրյալ հայորդիներ՝ Չամուրյան Հռիփսիմե և Չամուրյան Աշխեն քույրերն արժանացան Առաջնորդական օրհնության գրի՝ ի նշան ռումինահայ, հատկապես Բուխարեստի հայ համայնքից ներս ունեցած ավանդի, ինչպես նաև Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգության, համազգային նշանակության և համահայկական նախագծերին մշտական աջակցության, թեմի կողմից իրականացվող սոցիալական տարաբնույթ ձեռնարկներին ակտիվ մասնակցության։

Հավարտ Սուրբ Պատարագի, թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն բոլոր թեմակալ առաջնորդների, Բուխարեստի հայոց տաճարում ծառայած հոգևորականների, ինչպես նաև բարերարների հոգիների համար։

Այնուհետև եկեղեցու բակում օրհնվեց մատաղը և բաժանվեց ներկաներին։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում