«Փորձ է արվում գործարկել չեղարկված պայմանագրի 9-րդ կետը». Շահան Գանտահարյան

  • 11.11.2023
  • 0
  • 52 Views

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։ 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

– ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանից Նախիջևան բացվող հաղորդակցության վերահսկողությունը կոչված է իրականացնելու ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Հայկական կողմը հերքում է այս պնդումը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս երկու իրարամերժ հայտարարությունները։

– Նոյեմբերյան եռակողմի 9-րդ կետի մասին է խոսքը։ Տարածաշրջանային տարողունակություն ունեցող այս կետը խոսում է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման մասին։ Ճշտում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Զախարովան չի նշում հայաստանյան բաժինը․ լուսարձակի տակ է առնում ռուսական վերահսկողությունը։ Սակայն կարծում եմ՝ խնդիրն այն է, որ նոյեմբերյան եռակողմը չեղարկվել է։ Մոսկվան փորձում է վերակենդանացնել չեղարկված պայմանագրի 9-րդ կետը։

– Էրդողանն էլ հայտարարել է, թե Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը կհեշտացնի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը։ Չափազանց կարևոր է մոտ ապագայում կյանքի կոչել տրանսպորտային հաղորդակցությունները: Ըստ էության՝ օրակարգային կարևորագույն հարց է դառնում տրանսպորտային հաղորդակցությունների հարցը։ Ձեր կարծիքով 2024 թվականին կիրագործվի այս ծրագիրը՝ հատկապես նման հակասությունների պարագայում։

– Թուրքիայի նախագահը վերստին արծարծել է թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանը՝ ուղղված հայկական կողմին: «Զանգեզուրի միջանցքը» նախ ուղղություն է փոխում, հետո` գրավչություն, ապա մեկնաբանվում է Հայաստանի շրջանցումով, հետո վերստին սպրդում է հայտարարությունների բովանդակությունում, վերածվում Նախիջևան-Ադրբեջան հաղորդուղու, կորում ընդհանուր ապաշրջափակման ոլորապտույտներում, հիմա էլ Ուզբեկստանում Թուրքիայի նախագահի միջոցով վերածվում խաղաղության հաստատման նախապայմանի՝ իբրև Ադրբեջանը Նախիջևանին կապող փոխադրական գիծ, Մերձավոր Արեւելք-Արեւմուտք կամրջի տեսքով:

Այստեղ ուղերձներ կան թե՛ Իրանին և թե՛ Մոսկվային: Առաջինի դեպքում ասվածն այն է, որ Իրանի վրայով նոր կամ վերակառուցվելիք ճանապարհները չեն փոխարինելու Սյունիքի վրայով բացվելիք ուղիներին, հետևաբար Իրանը պիտի չունենա ռազմավարական այդ կապը վերահսկելու մենաշնորհը: Իսկ Մոսկվան էլ պիտի իմանա, որ միայն իր կողմից պիտի չվերահսկվի համաշխարհային նշանակություն ունեցող այդ ճանապարհը: Հատկապես Արևմուտքը, նաև հասցեագրելով՝ իբրև այս ճանապարհի կարևոր ուղղություն, Անկարան ռուսական առանձնաշնորհումն է չեզոքացնում:

– Այս հարցի լուծման համատեքստում կարևոր է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բաքվից հնչում են հայտարարություններ, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կնքումը հնարավոր է, եթե Երևանը դադարեցնի իր մասնակցության իմիտացիան և վերսկսի կառուցողական աշխատանքը։ Դուք խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն տեսնո՞ւմ եք։

– Ադրբեջանի նախապայմանները պարզ են․ Զանգեզուրի միջանցք, անկլավների վերադարձ, սահմանազատում՝ իրենց նախընտրած քարտեզների հիման վրա, որից հետո արդեն տարածքային ամբողջականությունների փոխճանաչում։

– Հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

– Չեմ կարծում ուղղակի կարճաժամկետ դրվածքով կազդի։ Ադրբեջանը խորացնում է իր ռազմավարական համագործակցությունը Իսրայելի հետ։ Ինչը թշնամական կարող է ընկալվել հարևան Իրանի կողմից, որի անվտանգության հիմնական սպառնալիքը Իսրայելն է, որ Բաքվի աջակցությամբ հայտնվել է արդեն Իրանի սահմանամերձ շրջաններում։ Իրանը՝ իր կարմիր գծերը ամրագրելով, ճշտում է նաև հայկական կողմի համար կարմիր գծեր աշխարհագրական որոշ շրջանում։ Իսրայելյան հենակետերի Կովկասում հայտնվելով որքան տեղաշարժվի Բաքուն դեպի Հայաստան, դա ընկալվելու  է Իրանի համար ոտնձգություն։ Զանգեզուրյան միջանցքի աշխարհագրության փոփոխության մասին կատարված հայտարարությունները դրա մասին են խոսում։

– Մակրոնը շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։ Ձեր կարծիքով՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին որքանո՞վ է նվազեցնում Ադրբեջանից եկող անվտանգային ռիսկերը։ 

– Ֆրանսիան որքան աջակցի Հայաստանին, այնքան կնվազի Փարիզի միջնորդությամբ խաղաղության պայմանագրին ընդառաջ բանացությունների կայացման հավանականությունը։ Կգնան հակակշիռ գործողություններ՝ միջնորդելու և երաշխավորելու ուղղություններով՝ մի կողմից՝ Մոսկվայի, մյուս կողմից՝ համակարգված Վաշինգտոնի և Բրյուսելի։ Այս վերջինի դեպքում Ֆրանսիան գործոն է։ Բաքվի մերժողականությունը Փարիզի դեմ ենթադրում է գործընթացի ձգձգում։ Իսկ դա գուցե բխում է հայկական կողմի շահերից։

Հայկ Մագոյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում