Կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանը Յիհլավայի կինոփառատոնում ներկայացրել է իր նոր ֆիլմը՝ «Դավիթի այգին»

  • 11.11.2023
  • 0
  • 500 Views

Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանն առաջին անգամ մասնակցեց չեխական Յիհլավայի փաստավավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին։

-Մինչ փառատոնին անդրադառնալը, հակիրճ ներկայացրու խնդրեմ, թե որտե՞ղ ես ուսանել եւ ի՞նչ կինոաշխատանքներ ես հեղինակել։

-Ես ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ «Կինոարվեստ»ի բաժինը եւ «Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա» մասնագիտացմամբ։ Այնուհետև ուսումս շարունակել եմ նույն բուհի՝ արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետում որպես մագիստրոս։

Ունեմ մի շարք կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր, որոնք նկարահանել եմ ուսանողական տարիներին։ Իմ դիպլոմային աշխատանքը՝ «Իմ սև սիրտը» իր թերություններով հանդերձ մեծ տարածում գտավ միջազգային կինոփառատոներում, ստանալով բազմաթիվ մրցանակներ։ Առաջին հեղինակային վավերագրական ֆիլմս «Դավիթի այգին» է, որը շատ մեծ տեղ կզբաղցենի իմ ֆիլմագրությունում… Կարելի է ասել, որ այս ֆիլմը կդառնա իմ և իմ թիմի ամենամեծ նվաճումներից մեկը։

-Վիլնյուսում արժանացաք չեխական Յիհլավայի միջազգային կինոփառատոնի մրցանակին։ Ի՞նչ էր ենթադրում այդ մրցանակը եւ ինչի՞ մասին էր ֆիլմը։

-Շատերը, որ նոր են ծանոթանում նյութին միանգամից մտածում են, որ ֆիլմը պատերազմի մասին է… Ո’չ, ֆիլմը պատերազմի մասին չէ։ Ֆիլմը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված՝ Դավիթ Ուզունյանի չիրականացված երազանքների մասին է, որոնք ամեն գնով իրականացնում է հայրը՝ Բագրատ Ուզունյանը։ Մի քանի տարի առաջ Դավիթը ընտանիքի հետ դիտել է «Մայրիգ» ֆիլմը, որտեղ ֆիլմի հերոսը՝ Ազատը, մի գեղեցիկ այգի է նվիրում իր մայրիկին։ Դավիթը հրապուրվելով այգով, հաջորդ օրը իր մայրիկին խոստանում է, որ հենց մեծանա, հարստանա մի այսպիսի այգի է կառուցելու ու նվիրի իրեն։ Նույնիսկ Դավիթի ծառայության ժամանակ հայրը արդեն որոշել էր մի հողատարածք գնել, որ հենց Դավիթը վերադառնա, միանգամից անցնեն աշխատանքի։ Բայց Դավիթը չվերադարձավ…. Այգին մեծ դժվարություններով կառուցեց հայրը, որն էլ շարունակում է Դավիթի կյանքը։

Ֆիլմի նախագիծը արդեն մեծ հաջողություններ է գրանցել։ 2023 թվականի մարտին՝ Լիտվական Vilnius Meeting Point-ի 20 լավագույն նախագծերի մեջ էր «Դավիթի այգին»։ Ամենասպասելին և միաժամանակ անսպասելին ինձ համար այն էր, որ «Դավիթի այգին» ստացավ լավագույն 4 մրցանակներից մեկը՝ աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկի՝ Ji.Hlava International Documentary Film Festival-ի “New Vision” հատուկ մրցանակը։ Այս մրցանակը իրենից ներկայացնում էր նոր հարթակ և նոր ճանապարհ ֆիլմի հետարտադրական և տարածման փուլերի համար։

-Ինչպե՞ս ընդունեցին ֆիլմը Յիհլավայում եւ ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերեցիք։

– 2023 թվականի հոկտեմբերին ֆիլմի նախագիծը նույնպես գրանցեց իր հաջողությունները, արդեն Չեխիայում՝ Յիհլավայում: «Դավիթի այգին» ընդգրկված էր «New vision co-production Market»-ում (Ji.Hlava International Documentary Film Festival)։ Ցավոք, ֆիլմի նախագիծը միջազգային գործընկերներին ներկայացրեցի առանց իմ պրոդյուսերական թիմի, քանի որ մուտքի արտոնագրեր ստանալու համար շատ կարճ ժամանակ էր մնացել։ Բայց ինձ օգնության հասան Յիհլավայի հայկական համայնքից, արդեն ընկերներ դարձած Արթուրը և Դավիթը։ Հետաքրքիր և բովանդակալից հանդիպումներ ունեցանք հեղինակավոր կինոփառատոների ներկայացուցիչների, դիստրիբյուտորների, միջազգային ֆիլմարտադրող ընկերությունների հետ։ Ամենահատկանշականը այն էր, երբ գործընկերներին ծանոթացնում էինք ֆիլմի պատմությունը, բոլորը պատմությանը վերնագրում էին “Universal”. Մեկ տասնյակից ավել միջազգային գործըկերների հետ տեղի ունեցած հանդիպումները շատ արդյունավետ էին։ Նախ շատ ոգևորիչ էր իրենց ուշադրությունը նախագծի նկատմամբ։ Իրենց ոգևորվածությունը շատ հաճախ հույզեր էր բերում, որն էլ իմ ամենաթույլ կողմերից մեկն է՝ անվերջ հուզվել։ Այս Հանդիպումների ընթացքում եղան հատուկենտ առաջարկներ ֆիլմի միջազգային պրեմիերան կազմակերպելու վերաբերյալ, 3 շատ հեղինակավոր կինոփառատոների կողմից։ Այս պահին չեմ բացի չակերտները… դա էլ թող լինի անակնկալ։

-Այժմ ի՞նչ փուլում է գտնվում «Դավիթի այգին» եւ ե՞րբ եք ֆիլմն ավարտին հասցնելու։

– Ֆիլմն այս պահին գտնվում է հետարտադրական փուլում՝ մոնտաժ, ձայնի և գույնի մշակում։ Ֆիլմի առաջին փակ դիտումը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում, Մոսկվա կինոթատրոնում, իսկ 2024 թվականին արդեն ֆիլմը կունենա իր մեծ առաջին պրեմիերան Հայաստանում։

ՕՐԵՐ

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում