Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ ի արձագանքումն Լեռնային Ղարաբաղից բնակիչների զանգվածային գաղթին շուրջ 1.7 միլիոն եվրոյով ավելացրել է մարդասիրական օգնությունը Հայաստանին։
Ֆինանսավորման նոր փաթեթն ուղղվելու է տեղահանված անձանց համար գործող ԵՄ մարդասիրական արձագանքի ամրապնդմանը՝ տրամադրելով դրամական օգնություն, ապաստան, պարենային անվտանգություն եւ ապրուստի միջոցներ, ապահովելով պաշտպանություն եւ հոգալով առողջապահական կարիքներ:
Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Հանձնաժողովի կողմից ճգնաժամին ի պատասխան արդեն իսկ հայտարարված 10,45 միլիոն եվրո աջակցության փաթեթին՝ 2023 թվականի ընթացքում տրամադրված մարդասիրական ընդհանուր ֆինանսավորումը հասցնելով ավելի քան 12 միլիոն եվրոյի:
Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է. «Ղարաբաղի հայերը մոռացության չեն մատնվի. ձմռան շեմին Հայաստանում ապաստանած տեղահանվածները բախվելու են լրացուցիչ մարտահրավերների։ ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը ձմռանը նախապատրաստվելու համար: Մենք շարունակում ենք տեղում աշխատել մեր հումանիտար գործընկերների հետ՝ ամենախոցելի խավերին օգնություն տրամադրելու համար»։
Ըստ Հանձնաժողովի՝ ավելի քան 100,000 մարդ լքել է իր տունը՝ վերցնելով հիմնականում նվազագույն թվով իրեր։ Ակնկալվում է, որ մոտալուտ ձմռան լույսի ներքո կարիքները կավելանան, քանի որ կարիքի մեջ գտնվող մարդկանց համար կպահանջվեն ձմեռային ապաստան եւ տաք հագուստ:
orer.eu