«Միգուցե ոմանց Անիից բացի, շատ է խանգարում նաեւ Թումանյանը՝ իր հոդվածներով եւ մտածելակերպով». Թումանյանի թոռնուհի

  • 03.11.2023
  • 0
  • 347 Views

Հովհաննես Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը եւ ծոռը՝ Ռուբեն Քանքանյանը զարմացած են, որ Անի Եղիազարյանը ԿԳՄՍ նախարարի հրամանով ազատվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից: «Ի՞նչ է, խանգարո՞ւմ են այն մարդիկ, որոնք աշխատում են: Առհասարակ թանգարանը միշտ էլ փեթակի նման է աշխատել, այդ կոլեկտիվին ես շատ լավ գիտեմ, միասնական է, բոլորը սիրում են Անիին: Անին էլ մշտապես գործի մեջ է եղել», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Իրմա Սաֆրազբեկյանը:

Մեր դիտարկմանը, որ ըստ մամուլում եղած տեղեկությունների՝ կարծես ԿԳՄՍ նախարարի ծանոթներից մեկին են ցանկանում տնօրեն նշանակել, տիկին Սաֆրազբեկյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Անին գուցե մեկին խանգարում է, չեմ բացառում՝ ինչ-որ մեկի համար են տեղը նախապատրաստում: Այդ մասին ես երկու տարի շարունակ Անիին զգուշացրել եմ, չի կարող պատահել, որ գիտակ եւ աշխատասեր մարդուն, որ այլեւայլ հարցերի մեջ չի խառնվում, հանգիստ թողնեն, ինչ-որ մարդկանց նա հարմար չէ: Կարծում եմ ոմանց Անիից բացի, շատ է խանգարում նաեւ Թումանյանն՝ իր հրապարակախոսական հոդվածներով …»:

Ի պատասխան մեր հարցին՝ ինչ-որ մարդիկ ասելով նկատի ունի գործող իշխանությա՞նը, Թումանյանի թոռնուհին նշեց. «Ես իշխանության հետ գործ չունեմ, չեմ շփվել, չեմ ճանաչում, բայց այն, ինչ ես եմ տեսնում, որոշակի եզրակացության է բերում: Վրդովված եմ, ինչպե՞ս կարելի է նման կերպ վարվել: Եթե ինչ-որ թյուրիմացություն է եղել, տալիս են նկատողություն, խիստ նկատողություն, բայց ոչ թե միանգամից ազատում են աշխատանքից: Ստացվում է՝ աշխատանքից ազատել են մի մարդու, որը շատ լավ է աշխատել եւ պահպանել թանգարանը: Ի դեպ, ժամանակին մեր ընտանիքն է պատճառ հանդիսացել, որ թանգարանը հիմնադրվել է հենց Երեւանում եւ ոչ թե մնացել Վրաստանում: Վրաստանից շատ էին առաջարկում, որպեսզի բնակարանը մնա որպես թանգարան, սակայն տատիկը՝ Օլգա Թումանյանը, նրա դուստրերը դիմեցին Անաստաս Միկոյանին, եւ մարդիկ հասկացան, որ իսկապես ապահով կլինի կառուցել թանգարանը Երեւանում»:

Ինչ վերաբերում է Անի Եղիազարյանի՝ Լատինական Ամերիկա մեկնելուն, որտեղ, Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակում նա ներկայացրել է Թումանյանի կյանքն ու գործունեությունը, նրա գրական ժառանգության արդիականությունը, ինչի պատճառով էլ հեռացվել է աշխատանքից, այս մասին էլ մեր զրուցակիցը նշեց. «Պետք է գնահատել, որ կա մասնագետ, որը կարող է գնալ արտասահման եւ այդպիսի բարձր մակարդակով ներկայացնել Թումանյանին: Թումանյանը թարգմանված է ավելի քան 50 լեզվով, տարիներ առաջ ես նույնպես ներկայացրել նրան տարբեր երկրներում: Կարծում եմ, որ եթե Անին չլիներ, թանգարանը կփակեին մի երեքուկես տարով՝ վերանորոգման անվան տակ, եւ չգիտեմ, թե ինչ կլիներ: Գաղտնիք չէ, որ Թումանյանի թանգարանը շատ լավ տեղում է գտնվում՝ քաղաքի կենտրոնում, այսպես կոչված «քաղցր պատառ» է… Ախր Անին միանգամից չի դարձել տնօրեն, այնտեղ աշխատել է, սովորել է, սիրել է իր աշխատանքը, թանգարանը եւ հետո միայն դարձել է տնօրեն: Շատ կուզենայի, որ նախարարությունը մեկ անգամ եւս մտածի՝ արդյո՞ք ճիշտ է վարվել նման որոշում կայացնելիս: Մեր կարծիքով որոշումը հապճեպ է եղել և շատերը կկիսեն մեր տեսակետը: Հուսով ենք` նախարարությունը կվերանայի իր դիրքորոշումը»:

Իրմա Սաֆրազբեկյանը մի դրվագ պատմեց. «Երբ 1969թ. Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակն էր, կառուցեցին Հովհաննես Թումանյան անունով բեռնատար նավ, որը մեկնում էր տարբեր ուղղություններով՝ Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա, որտեղ հայկական համայնքներ կային: Նավապետը պատմում էր, թե ինչպես էին հայերը հավաքվում նավահանգստում եւ անհամբեր սպասում, թե երբ է ժամանելու Հովհաննես Թումանյան նավը, որ բերի լուրեր ու գրականություն, ինչպես նաեւ քաղցրավենիք: Հիմա փոխանակ ուրախանան, որ Անին մեկնել է Ուրուգվայ եւ Արգենտինա՝ Թումանյանին ներկայացնելու, հրավիրող կողմն էլ ծախսի մեծ մասն իր վրա է վերցրել, աշխատանքից ազատել են նրան»:

Տիկին Սաֆրազբեկյանը եւ Թումանյանի ծոռը՝ Ռուբեն Քանքանյանը վերջերս իրենց ընտանեկան արխիվից ձեռագրեր էին նվիրել Հովհաննես Թումանյանի թանգարանին։ Այս մասին հիշեցնելով՝ տիկին Իրման ասաց. «Եթե մենք չվստահեինք Անիին, չէինք նվիրի թանգարանին 10 ձեռագիր: Դրանք մեզ համար շատ թանկ մասունքներ են: Վերջապես դրանք ոչ թե Անիինն են կամ թանգարանինը, այլ Հայաստանի Հանրապետությանը: Ժամանակին Օլգա Թումանյանը ընծայել է Մեծ բանաստեղծի առանձնասենյակը հայ ժողովրդին՝ թանգարանը կառուցելու առթիվ»:

Հավելենք, որ այդ ձեռագրերից 5-ը պատկանում է Հովհաննես Թումանյանին, 2-ը Իսահակյանինն են, 2 նամակ պատկանում է Դերենիկ Դեմիրճյանին, 1-ը Գուրգեն Մահարու գրչին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/11/03/1380516/?fbclid=IwAR1qB34uOGPA7Bcl7zSbzSuSKJElgToT3mQbQ9F4XLyJaXypwJbYpgx0OyA

«Առանց համապատասխան հրամանի ու թույլտվության՝ թանգարանի տնօրենը ինքնակամ մեկնել է երկրից».

ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

«Հովհ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը 2023 թ. սեպտեմբերի 5-ի գրությամբ դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11ը Ուրուգվայի Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն մեկնելու թույլտվության խնդրանքով՝ գիտաժողովների մասնակցելու նպատակով։

2023 թ. սեպտեմբերի 9-ի գրությամբ ԿԳՄՍ նախարարությունը նրան  պատասխանել է, որ նպատակահարմար չի գտնում թանգարանի սուղ  ֆինանսական միջոցների հաշվին 2023 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը (23 օր) թանգարանի տնօրենի գործուղումը կազմակերպել Ուրուգվայի Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն՝ հաշվի առնելով նաև թանգարանի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Բացի գրավոր պատասխանից՝ Անի Եղիազարյանին աշխատանքային կարգով մեկ անգամ ևս տեղեկացվել է նախարարության դիրքորոշման մասին՝ առաջարկելով կրճատել ժամկետները։ Սակայն 2023 թ. սեպտեմբերի 16-ին (ոչ աշխատանքային օրով) նախկին տնօրենը  նույն ժամանակահատվածի համար (սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը) մեկնելու թույլտվության խնդրանքով կրկին դիմել է ԿԳՄՍՆ: Չսպասելով նախարարության պատասխանին (դրական և/կամ բացասական) եւ առանց համապատասխան հրամանի ու թույլտվության՝ նա ինքնակամ մեկնել է երկրից՝ թողնելով թանգարանն առանց կառավարման և կոպտորեն խախտելով ՀՀ աշխատանքային օրենսդրությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»,- Aravot.am-ին հայտնեցին գերատեսչության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից: Նախարարության գրավոր պատասխանի վերջում նշված է. «Միաժամանակ հավելենք, որ պետական քաղաքականության առաջնահերթություններից է հայկական մշակույթի հանրահռչակումն արտերկրում»։



Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում