Կառավարությունը 1 միլիարդ 370 միլիոն դրամ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական ծրագրերն իրականացնելու համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 միլիարդ 370 միլիոն դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական ծրագրերն իրականացնելու համար: 950 մլն դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի համար: 420 մլն դրամ էլ կհատկացվի 100 000 դրամի չափով միանվագ դրամական սոցիալական աջակցությունը տրամադրելու համար:
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, այս պահի դրությամբ 40+10 հազար ծրագրից օգտվել է 73 հազար 196 անձ, նրանցից 3997–ը ստացել է միայն 10 հազար դրամ։ Ըստ նախարարի՝ հատկացվող գումարը հնարավորություն կտա շարունակել հոկտեմբեր ամսվա վճարումները և գումար տրամադրել 19 հազար անձի: Արդյունքում՝ 40 և 10 հազար դրամ աջակցությունը կտրամադրվի ավելի քան 92 հազար շահառուի, իսկ 100 հազար դրամ աջակցության ծրագրի հատկացումը թույլ կտա իրականացնել շուրջ 4200 անձի համար վճարումները, որոնց գերակշիռ մասն անչափահասներ են։ «Մենք նաև որոշել ենք, որ պետք է վճարներ տրամադրենք 2022 թ. դեկտեմբերից հետո, այսինքն՝ շրջափակումից հետո Հայաստան տեղափոխվածներին, այն մարդկանց, որոնց Լաչինի միջանցքի ապօրինի փակման ընթացքում են եկել Հայաստան՝ այլ միջոցներով կամ Կարմիր խաչի միջոցով»,– ասել է նախարարը։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչի հետ են կապված 100 հազար դրամ միանվագ աջակցության վճարումների ուշացումները, Նարեկ Մկրտչյանը նշել է, որ դիմումների մուտքագրման ընթացքում տարբեր խնդիրներ են առաջացել, մասնավորապես՝ եղել է, որ ծնողները երկու դիմում են լրացրել մեկ երեխայի համար կամ ծննդյան վկայականի փոխարեն կցել անձնագրի լուսանկարը։ Ըստ նախարարի՝ վճարումները շաբաթական կտրվածքով հաստատելուց առաջ կրկին ստուգվել են, թե շահառուներից քանիսն են գտնվում ՀՀ-ում, որպեսզի ավելի հասցեական ու արդյունավետ տրամադրվի աջակցությունը։
Անդրադառնալով աջակցության գումարները կանխիկ եղանակով տրամադրելու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում որևէ պետական վճարում կանխիկ եղանակով չիրականացնել, որովհետև մենք ինչ-որ տեղեր խորշեր ենք թողնում, որը մեզ համար տեսանելի և կանխատեսելի չի: Մինչև տարվա վերջ այդ խնդիրը լուծեք»:
Վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ մնալ, ապրել և աշխատել ՀՀ-ում. «Նորից ուզում եմ այս դիրքորոշումն ասել և դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին: Եթե նրանք օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր քաղաքականությունն ու ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում»:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ արդեն իսկ բավականին մեծ հոսք կա՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով: «Իհարկե, մենք սպասում էինք, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործը կազմակերպեք, իհարկե, դա նաև ունի օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն: Այստեղ նաև բոլորս՝ Կառավարությունը և պետական մարմինները, պետք է հնարավորինս արագ աշխատենք, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի հնարավորինս ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք: Այդ պրոցեսը կգնա բնականոն, և նաև շնորհակալ եմ, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև նշել է, որ առաջիկայում «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների շրջանակում սպասվում է 50+50 ծրագրի իրականացումը: «Եվ հետագայում՝ քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով արդեն պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,-ասել է Կառավարության ղեկավարը:
Թեմայի առնչությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակային իրավունքն օրենքի ուժով ծագել է փախստականների կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու հետ։ «Ընթացակարգային խնդիրներ կան: Դիմում է՝ համապատասխան հաշվարկ պիտի լինի հիմքում, որ նշանակվի կենսաթոշակը, ինչպես ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Հիմա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերները նախագիծ են մշակում, որ առավել պարզեցված, այսինքն՝ մեր օրենսդրությունը պարզեցնելու կարգավորումներ ներառենք, որ այդ անցումը լինի շատ ավելի սահուն, քան յուրաքանչյուր հաշվարկման դեպքն է։ Առաջիկա շաբաթվա ընթացքում այդ փաթեթն էլ կվերջնականացնենք: Հուսով եմ՝ Կառավարության հաջորդ նիստում այդ կարգավորումների պարզեցումը կհաստատենք։ Եվ դա թույլ կտա, որ հոկտեմբերի 25-ից, երբ իրենց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, վերականգնենք օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքը՝ զուգահեռ այն աջակցությանը, որ հիմա տալիս ենք»,-ասել է փոխվարչապետը։
Ի պատասխան վարչապետի այն հարցին, թե արդյո՞ք թոշակները ստանալու համար շահառուները որևէ գործողություն պետք է կատարեն, Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է. «Եթե մեկը որոշել է այդ իրավակարգավորումներով առաջ շարժվել՝ դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ապա որևէ խոչընդոտ չկա, որ գործող իրավակարգավորումներով նշանակվի այդ կենսաթոշակը։ Մեր կարգավորումների նպատակն այն է, որ հավաքական կարգավորում ձևավորենք, որ այդ անհատական դիմումները և վերահաշվարկների կարիքը մեղմենք, այսինքն՝ ընդհանուր առմամբ շատ ընթացակարգեր պարզեցնենք»:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով աջակցության ծրագրերին, նշել է. «Մեզ համար կարևորագույն խնդիրը հետևյալն է՝ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աշխատանքի տեղավորման հարցում, այս ուղղություններով աշխատանք արվում է»: