Հոկտեմբերի 14-ին եւ15-ին Փարիզի արվարձան Պալեզո քաղաքում կայացան տարածաշրջում առաջին հայկական մշակութային օրերը, որը կազմակերպվել էր Պալեզոյի քաղաքապետարանի աջակցությամբ, (Association Culturelle «Union Franco-Arménienne») «Ֆրանս-Հայկական Միություն» մշակութային ասոցացիայի ջանքերով հանձինս՝ հիմնադիր – նախագահ Արթուր Արզոյանի, ասոցիացիայի գլխավոր քարտուղար Աղավնի Վարդանյանի եւ նախագծերի գլխավոր խորհրդական Գրեգորի Հովսեփեանի: ( https://www.unionfrarm.com)։
Միջոցառումը ներառում էր հայկական մշակութային ողջ ներկապնակը՝ գիր- գրկանությամբ, երգ ու պարով, թատրոնով, ձեռագործ աշխատանքներով, կտավներով, խոհանոցով եւ այլ յուրահատկություններով:
Պալեզո քաղաքի գլխավոր այգում մինչ օրս փակցված է փարիզաբնակ, արմատներով գյումրեցի Ամալի Գալստյանի գեղանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Արցախի պատմամշակութային հուշարձանները:
Պաշտոնական բացման արարողությանը կայացավ Պալեզոյի Հաղթանակի հրապարակում, որին ներկա էին Իլ Դե Ֆրանսի 91րդ տարածաշրջանի, Պալեզոյի եւ Ալֆորտվիլի քաղաքապետարանի, ինչպես նաեւ հայկական դեսպանատան ներկայացուցիչներ:
Փարիզ-Սակլեյ քաղաքային համայնքի նախագահ եւ Պալեզոյի քաղաքապետ Գրեգուար դե Լաստեյրին իր բարեկամական ելույթում պատրաստակամություն հայտնեց, Հայաստանի համար այս դժվար պահին՝ լինել հայ համայնքի եւ Հայաստանի կողքին:
Հայկական երաժշտության ներքո, ուղղելով իրենց բարեմաղթանքները պատվավոր հյուրերը, պարոն Գրեգուար դե Լաստեյրիի գլխավորությամբ շրջայց կատարեցին 31 հայկական տաղավարներից կազմված հայկական տոնավաճառում, ավելի մոտիկից ծանոթացան հայկական մշակույթը ներկայացնող համայնքային կազմակերպություններին եւ անհատներին, ինչպես նաեւ հայկական արտադրանքներին:
Երկոյան կայացավ բարեգործական մեծ համերգ՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայերի, որին մասնակցեցին 13 երաժիշտ կատարող և 50 պարող՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից: ( Մասնակիցները ներկայացված են – https://www.unionfrarm.com/journee-de-la-culture )։
Համերգը սկսվեց յուրհատուկ գեղարվեստական ոճով մատուցված «լռության րոպեով», որի ընթացքում էկրանից հնչեց 44 օրյա պատերազմի ժամանակ մարտնչող զինվորի կողմից կիսատ կատարված «Զինվորի երգը» ստեղծագործությունը, որի ամբողջական տարբերակը ներկայացրեց “The Voice Kids 2023”-ի մասնակից Մադլենը, ում նվագակցում էր Մադլենի մայրը՝ Մարինե Գյուլումյանը:
Հաճելի էր ունկդրել նաեւ Մադլենի ներկայացրած այլ երգեր: Մարինե Գյուլումյանը կատարեց նաեւ իր հեղինակած ստեղծագործություններից: Շատերը կրկին վայելեցին, իսկ ոմանք էլ առաջին անգամ ծանոթացան հայկական ծիրանափողի (դուդուկ) կախարդական ձայնին, որը հնչեց Պերճ Մելիքսեթյանի կատարմամբ: Հանդիսատեսին ոչ պակաս հիասմունք պատճառեց Աղավնի Վարդանյանի նվագած հայկական քանոնը:
Հայկական ժողովրդական նվագարանների «Սպիտակ» համույթը իր երգացանկի բազմազանությամբ յուրօրինակ շունչ հաղորդեց երեկոյին: «Արարատ» ազգային պարային համույթն իր կատարումներով ի ցույց դրեց հայ տղամարդու առնականությունն ու կամքը եւ հայ կնոջ նվիրվածությունն ու անկոտրուն ոգին, այդ ամենի հետ չկորցնելով կանացիությունն ու հայեցի հմայքը:
Հայկական երգերով հանդես եկան մեներգչուհիներ՝ Շաքե Դունուեանն ու Հռիփսիմե Միքայելյանը: Բարեգործական այդ նախաձեռնությունը մաս է կազմում ասոցիացիայի՝ արցախահայությանը ուղղված օգնության լայնածավալ նախագծի: ( https://www.helloasso.com/associations/union-franco-armenienne/formulaires/11 ) ։
Երեկոյին ներկա էր նաեւ բարեգործական նախագծի գործընկերներից՝ ֆրանսիական «ՀայՄեդ»-ի ղեկավար՝ Ժան-Միշել (Հովհաննես) Էքերեանը, ով նախագիծն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28ից կլինի Հայասատանում:
Հոկտեմբերի 15-ին, Պալեզոյի կինոթատրոնում կայացավ «Նրան, ում սպասում էին» ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին ֆիլմի բեմադրիչ Սերժ Ավեդիկյանը եւ դերակատարներից մեկը:
Ներկա պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի «Հայկական մշակութային օրերը» լինեն ամենամյա եւ Պալեզո քաղաքում տեղադրվի «Հայ-ֆրանսիական բարեկամության» հուշարձանը (հեղ. երեւանաբնակ քանդակագործ՝ Սարգիս Բաբայան), որն արդեն անցել է հաստատման փուլը: (https://www.unionfrarm.com/monument-de-lamitie )
Մեր նախագծերին ծանոթանալու համար – https://www.unionfrarm.com/projets «Հայկական մշակութային օրեր» միջոցառման կազմակերպիչների խոսքով, այս հիանալի երկօրյա միջոցառումները անհնար կլիներ իրկանացնել առանց գործընկերների, որոնց նրանք ներկայացրել էին յուրօրինակ տարբերակով, համերգասրահի գլխավոր մեծ էկրանի միջոցով:
Ինչ խոսք, նորաստեղծ միության կողմից կազմակերպված այս միջոցառումը իր որոշումների եւ մատուցման ձեւով նոր շունչ բերեց համայնքային կյանքում: Վստահ ենք, որ նրանց յուրահատուկ մարտավարությունը նոր գույներով կհարստացնի համայնքի մշակութային կյանքը:
“Union Franco-Arménienne” Association Culturelle: