«ԳԱՎԻԹ» հարթակի մասնակիցների հայտարարությունը

  • 26.10.2023
  • 0
  • 141 Views

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Գավիթ» հարթակի հանդիպում «Հայաստան և Արցախ․ գոյաբանական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայով։

Բազմակողմանի քննարկման առարկա դարձնելով հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրներն ու սպառնալիքները, հայրենիքում և սփյուռքում բարձրաձայնվող մտահոգությունները՝ հարթակի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ.

«Մենք՝ «Գավիթ» հարթակի մասնակիցներս` հոգևորականներ, հասարակական գործիչներ, մասնագիտական ու փորձագիտական հանրույթների ներկայացուցիչներ, «Հայաստան և Արցախ․ գոյաբանական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայի շրջանակներում քննարկելով Հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրները, խոր մտահոգությամբ արձանագրում ենք․

Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սերմանվող հայատյացությունը, սանձազերծված պատերազմները, ցեղասպան գործողությունները և ագրեսիան հանգեցրել են Արցախի հայաթափմանը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների բռնազավթմանը։

Խիստ մտահոգիչ են առկա ծանր իրավիճակի հանդիման ՀՀ իշխանությունների անհամարժեք դիրքորոշումներն ու գործողությունները, ներազգային կյանքում տեղ գտնող թշնամանքի ու ատելության դրսևորումները։

Մեծապես գիտակցելով ներկա ծանր մարտահրավերների հաղթահարման գոյաբանական անհրաժեշտությունը՝ «Գավիթ» հարթակի մասնակիցներս հայտարարում ենք.

1․ Ազգային կյանքում հառնած սպառնալիքները լուծումներ պետք է գտնեն բացառաբար Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների անձեռնմխելիության և Արցախի Հանրապետության ժողովրդի՝ հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի շրջանակներում։ Այս առումով կարևոր է բարեկամ ու դաշնակից երկրների հետ հավասարակշված հարաբերությունների զարգացմամբ, փոխվստահության մթնոլորտում փոխշահավետ գործակցությունը և ողջ միջազգային հանրության զորակցության ապահովումը,

2․ Արցախի բռնազավթմամբ և հայաթափմամբ Արցախյան հիմնախնդիրը չի լուծվել. արցախահայության ազատ կամարտահայտությամբ միջազգային հանրային իրավունքի համաձայն ստեղծված Արցախի Հանրապետությունը կա և պետք է լինի։ Հնարավոր բոլոր ճանապարհներով, առկա ողջ գործիքակազմի կիրառմամբ պետք է ամրագրել Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնման, ազատ ինքնորոշման և հայրենի հողի վրա ինքնիշխանության հայեցակարգը,

3․ Հարկ է զորավիգ լինել բռնի տեղահանված և ծանրագույն վիճակում գտնվող մեր եղբայրներին ու քույրերին և ըստ ամենայնի հոգալ նրանց օրախնդիր հոգևոր-բարոյական, իրավական, տնտեսական ու սոցիալական կարիքները՝ մեղմելու նրանց կրած ահռելի կորուստների հետևանքները և այս դժվարին շրջանում նպաստելու իրենց կյանքի կազմակերպմանը Հայաստանի Հանրապետությունում,

4. Բոլոր տեսակի բանակցային գործընթացներում և միջազգային ատյաններում հարկ է հետևողականորեն առաջ մղել առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակման պահանջը, ինչպես նաև անհայտ կորած բոլոր անձանց ճակատագիրը պարզելու անհրաժեշտությունը,

5. Բանակցություններում և միջազգային ատյաններում բարձրաձայնել Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման, սրբատեղիների գործածության իրավունքների և դեպի սրբավայրեր ուխտագնացությունների կազմակերպման խնդիրները, որոնք իրենց ամբողջական լուծումը կգտնեն արցախահայության հայրենադարձման, ինքնորոշման իրացված իրավունքների ճանաչման և Արցախի թեմի առաքելության լիարժեք վերականգնման միջոցով։

Մեր կոչն ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լայն շրջանակներին, առաջին հերթին՝ ազգային, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, մշակույթի, գիտության ու կրթության գործիչներին` պատասխանատվություն ստանձնելու հայրենիքի և հայոց պետականության ապագայի նկատմամբ, համախմբվելու մեր երկրի, մեր ինքնության պահպանության ու մեր ապրելու իրավունքի պաշտպանության գաղափարական առանցքի շուրջ և համընդհանուր ջանքերով կասեցնելու շարունակվող պարտությունների ու ձախողումների կործանարար շղթան:

Թող Աստված անսասան պահի հայրենի մեր պետականությունը և օգնական ու պահապան լինի համայն մեր ժողովրդին այսօր և միշտ և հավիտյանս. Ամեն»։

##

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում