Կառավարությունը հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու կարգը
Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարավոր՝ ազգությամբ հայ բնակիչներ հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և նկատի ունենալով նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը, որոշմամբ առաջարկվում է ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել և փախստական ճանաչել` Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
Որոշմամբ առաջարկվում է նաև հաստատել ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ԼՂ-ից բռնի տեղահանված որոշակի մեծ խումբ անձանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ՝ նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով, և ովքեր համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի կճանաչվեն փախստական՝ ձեռք բերելով փախստականների համար «Փախստական և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները:
Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս որոշման նպատակն է ապահովել, երաշխավորել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և միջազգային իրավունքի կիրառությունը նաև համապատասխան դեպքերում: Ըստ փոխվարչապետի՝ այն տալիս է նաև հնարավորություն հետագա քայլերն այնպես կազմակերպել, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվեն այն սոցիալական աջակցության մեխանիզմներից, որոնք առկա են ՀՀ-ում, մասնավորապես՝ կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն և կենսաթոշակներ ձևակերպել:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգծել է, որ մարդիկ առանց որևէ դիմումի և որևէ մարմին այցելելու են ստանում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձի կարգավիճակը: «Իրենք դիմումով կամ այդ փաստաթուղթը ստանալու բերումով չէ, որ ձեռք են բերելու այդ կարգավիճակը։ Դա ուղղակի լինելու է կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, որը երբեմն, դիցուք՝ ճամփորդելիս, կարող է անհրաժեշտ լինել: Մարդիկ, այս կարգավիճակն ունենալով, իրավունք ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր հավելյալ իրավունքներով և պարտականություններով, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու, բայց նաև, օրինակ՝ քաղաքացի դառնալով, կենսաթոշակ ստանալով՝ այլևս փախստականին տրամադրվող սոցիալական աջակցությունը տեղին չի լինի»,-նշել է ԱԳ նախարարը։
Միանվագ դրամական սոցիալական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է որպես միջոցառման շահառու դիտակել նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձանց, ովքեր հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ընկած որևէ ժամանակահատվածում ՀՀ-ում հիվանդանոցային ձևով բուժված անձանց, ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված և 2023 թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող՝ ԼՂ-ի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին, ինչպես նաև 2022 թ. դեկտեմբերի 12-ից հետո ԼՂ-ից ՀՀ-ում ուսման նպատակով տեղափոխված անձանց: Անչափահաս շահառուի համար դիմում ներկայացնելու հնարավորություն է նախատեսվել նաև հոր և հոգաբարձուի համար: Ընդ որում, եթե անչափահաս շահառուի համար դիմումը ներկայացրել է հայրը կամ խնամակալը կամ հոգաբարձուն և առկա է նաև մոր կողմից ներկայացված և չմերժված դիմում, ապա մերժվում է հոր կամ խնամակալի կամ հոգաբարձուի դիմումը:
ԼՂ-ից Հայաստանի Հանրապետություն տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1,103.0 մլն դրամ գումար կհատկացվի ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար, որից Արագածոտնի մարզին՝ 108 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 50 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին` 250 մլն դրամ, Լոռու մարզին՝ 220 մլն դրամ, Կոտայքի մարզին` 234 մլն դրամ, Շիրակի մարզին` 30 մլն դրամ, Սյունիքի մարզին` 60 մլն դրամ, Վայոց ձորի մարզին` 50 մլն դրամ և Տավուշի մարզին` 101 մլն դրամ ։
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1,5 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 30000 անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու նպատակով՝ 40000 դրամ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: