Ֆրանսիան Հայաստանին կվաճառի ռադարներ և հակաօդային պաշտպանության հրթիռներ․ ՀՀ պաշտպանության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարների հանդիպումը

  • 24.10.2023
  • 0
  • 322 Views

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը:


Այնուհետև մեկնարկել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 
Ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը,
վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել նոր ջանքեր գործադրել՝ այն առավել զարգացնելու նպատակով:
Պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համար համատեղ հայտարարություն, որի  ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը համակողմանիորեն ցուցաբերվող աջակցության համար: 
Նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին: 
Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Թոմա Գասիյուի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ:
Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին՝ համագործակցության զարգացմանն աջակցելու և ազգային ու եվրոպական հարթակներում հայանպաստ գործունեություն ծավալելու համար:
Օրվա ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է «Լեզ Էնվալիդ» (Les Invalides) զինհաշմանդամների վերականգնողական և վետերանների աջակցության կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը:

Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել հակաօդային պաշտպանության կարողությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ հայտնելով, որ Ֆրանսիան Հայաստանին կվաճառի երեք ռադար, ինչպես նաև ապագայում կմատակարարի Mistral հակաօդային պաշտպանության հրթիռներ, որի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել կողմերի միջև։

Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, որ հակաօդային պաշտպանությունն առանցքային կարևորություն ունի։

Նշվում է, որ երկու նախարարները ստորագրել են Thales մակնիշի GM 200  3 ռադարի վաճառքի վերաբերյալ, որոնցից Ֆրանսիան նաև Ուկրաինային է մատակարարել, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ապագայում ֆրանսիական հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության Mistral հրթիռների մատակարարման վերաբերյալ։

Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան նաև Հայաստանին կօգնի ցամաքային զորքերի վերապատրաստման և կաջակցի զինված ուժերը բարեփոխելու և արդիականացնելու երկրի ջանքերին։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, որ հավատարիմ են Հայաստանի հետ պաշտպանական հարաբերություններին՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրները նույն ռազմական և քաղաքական միությունների անդամ չեն։ «Դա հիմնված է այն պարզ սկզբունքի վրա, որ դուք պետք է կարողանաք պաշտպանվել»,- հայտարարել է Լըկորնյուն Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

mil.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում