«Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ նրանց ընտանեկան հիմնադրամը 2 միլիոն ԱՄՆ դոլար են հատկացնում Արցախից տեղահանվածներին օգնելու համար

  • 24.10.2023
  • 0
  • 246 Views

«Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ նրանց ընտանեկան հիմնադրամը 2 միլիոն ԱՄՆ դոլար են հատկացնում Արցախից տեղահանվածներին օգնելու համար

Աջակցություն կստանա ավելի քան 100.000 բռնի տեղահանված արցախցի,
որոնք այժմ ապրում են Հայաստանում

Հոկտեմբերի 24, 2023 թ., Բոստոն, Մասաչուսեթս. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ «Աֆեյան» հիմնադրամի համանախագահ Աննա Աֆեյանը հայտարարել են, որ 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն կհատկացնեն ավելի քան 100.000 տեղահանված արցախցիներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետեւանքով: Նվիրատվությունը կտրամադրի «Աֆեյան» հիմնադրամը, որը նախկինում եւս, միավորելով ջանքերն «Ավրորայի» հետ, աջակցել է արցախցիներին 2020 թվականի պատերազմից հետո: Այս վերջին ֆինանսական աջակցությունը կուղղվի մի քանի ոլորտների, այդ թվում՝ առաջնային կարիքների բավարարում, բժշկական եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաեւ երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծում:

«Արցախի ժողովրդին ամիսներ շարունակ ահաբեկել են, հարձակվել նրանց վրա իրենց իսկ տներում, իսկ հետո բռնի տեղահանել գիշերվա կեսին»,- ասվում է «Աֆեյան» հիմնադրամի հայտարարության մեջ։ «Յուրաքանչյուր փախստական արժանի է արժանապատիվ վերաբնակեցման Հայաստանում։ Քանի որ մոտենում է ձմեռը, հիմա է գործելու ժամանակը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր արդեն քայլեր են ձեռնարկել, եւ դիմում ենք համաշխարհային հանրությանը՝ համախմբվելու եւ ցուցաբերելու անհրաժեշտ օժանդակություն մարդասիրական այս ճգնաժամը հաղթահարելու համար»:

2020 թ. սեպտեմբերին՝ Արցախի դեմ ծավալված պատերազմից հետո, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացրեց «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը՝ աջակցելով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած տեղի բնակչությանը: Տեղահանված մարդկանց տրամադրվել է սնունդ, կացարան եւ հագուստ, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության պարագաներ ու կենսական նշանակության դեղորայք: Ծրագրի ընթացքում՝ մինչեւ 2023 թ. հունիս, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատկացրել է 2.2 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելով տեղի եւ միջազգային 70 գործընկերների կողմից իրագործվող 93 նախագծի:

Լուսանկարում՝ Արցախից տեղահանված երեխաները Գորիսում: Սեպտեմբերի 27, 2023 թ. © Նարեկ Ալեքսանյան

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը: 

Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությունը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (ԱՄՆ), Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Հայաստան):

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում