ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը.հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում

  • 23.10.2023
  • 0
  • 592 Views

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարևոր երաշխիք։

Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Արարատ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և ի մասնավորի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ «Ընդ որում, կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- իր խոսքում ընդգծել է Արարատ Միրզոյանը։

Վկայակոչելով նախորդ՝ 2021թ. դեկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ այս խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական և զարգացման օրակարգերի վրա՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը տնտեսության, լոգիստիկայի, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, մշակութային ժառանգության պահպանման և այլ ոլորտներում։

Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար։»

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով. Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաև այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը։

«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման համատեղ հաղորդագրություն

2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը:


Նախարարները.

1. Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարևորությունը` ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա:

2. Արտահայտելով իրենց դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ՝ քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարևոր հարցերը և ընդգծել այնպիսի հարթակների, ինչպիսին է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի կարևորությունը՝ կառուցողական երկխոսության հնարավորություններ ապահովելու և տարածաշրջանի այն երկրների միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար, որոնք առաջնային դեր ունեն այդ առումով։

3. Կարևորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության և տարածաշրջանի կայունության վրա։

4. Ընդգծելով մշակութային համագարծակցության, մարդկանց միջև շփումների և կրթական, գիտական, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերի կարևորությունը:

5. Տևական խաղաղության և տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:

6. Ողջունելով տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները:

7. Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները` նրանք վերահաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար:

8. Նախարարները նաև մտքեր են փոխանակել Գազայում իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:

9. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լավ ընդունելության և այս հանդիպման բարեհաջող անցկացման համար: Գնահատելով տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ընդլայնման և ամրապնդման հարցում «3+3» տարածաշրջանային հարթակի պարբերական հանդիպումները՝ նրանք պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով:

2023թ. հոկտեմբերի 23, Թեհրան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում