Լիտվան վերահաստատում է, որ մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին ընդգծեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:
«Վերահաստատեցի իմ անկեղծ ցանկությունը՝ տեսնելու Հայաստանում Եվրամիության ներկայության ավելացում: Վերահաստատեցի, որ Լիտվան մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը»,-ասաց Շիմոնիտեն:
Նա նշեց, որ Եվրամիությունը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը՝ բարեփոխումների գործընթացներում: Լիտվան պատրաստ է ավելացնել իր փորձագիտական աջակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը, նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների ընդհանուր գործընթացին:
Վարչապետները քննարկել են, թե ինչպես կարելի է Լիտվայի փորձագիտական կարողությունները օգտագործել տարբեր ոլորտներում:
Շիմոնիտեն համոզված է, որ բարեփոխումների գործընթացում Հայաստանի հաջողությունը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, բարձրացնել դիմակայունությունը և ապահովել Հայաստանի արժանի տեղը ժողովրդավարությունների համայնքում:
«Անկախ, ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են: Լիտվան հանձնառու է դրանց հասնելու ուղղությամբ աշխատելու միասին»,-ասաց Լիտվայի վարչապետը:
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն նաեւ-բարձր է գնահատում Հայաստանի կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին և աջակցում է այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շիմոնիտեն այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
«Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին: Ցավակցում եմ այն տառապանքի համար, որ կրել են իրենց տներից հեռացած մարդիկ»,-ասաց վարչապետը:
Շիմոնիտեն հիշեցրեց, որ Լիտվայի կառավարությունը ֆինանսական և մարդասիրական նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին: Ու թեև դա չի օգնի ամոքել ցավը, սակայն, վարչապետը հույս հայտնեց, որ դա կօգնի հոգալ նրանց որոշ հրատապ կարիքների մի մասը:
«Բարձր եմ գնահատում ձեր կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին և աջակցում եմ այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին: Ես հույս և հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկ մեկու տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել»,-ասաց Լիտվայի վարչապետը:
Շիմոնիտեն հավելեց, որ ճանապարհը դեպի խաղաղություն դյուրին ճանապարհ չէ: Սակայն դա միակ ճանապարհն է Հայաստանում և ողջ տարածաշրջանի համար կայունության և բարեկեցության հասնելու:
Երկու երկրների վարչապետները քննարկել են անվտանգության իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում: Լիտվայի վարչապետը վերահաստատել է իր խորը համոզմունքն առ այն, որ ժողովրդավարությունները պետք է միավորվեն և կանգնեն ուս ուսի՝ պաշտպանելով ընդհանուր արժեքները և կանոնահենք միջազգային աշխարհակարգը: Նա նաև այդ պատճառով է, որ այսօր Հայաստանում է: