Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է հնարավորինս շուտ ՄԱԿ-ի պաշտպանության տակ վերցվեն.-Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը «CNN Հունաստան»-ին

  • 18.10.2023
  • 0
  • 150 Views

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը «CNN Հունաստան»-ին CNN Greece

-CNN Հունաստան. Պարոն դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի և մեզ հյուրընկալելու համար։

– ️Դեսպան Մկրտչյան։ Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար։

-CNN Հունաստան. Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը կդադարի գոյություն ունենալ հաջորդ տարվա սկզբից։ Ի՞նչ եք կարծում, Լեռնային Ղարաբաղի էջը Հայաստանի համար փակվա՞ծ է։

Դեսպան Մկրտչյան. Լեռնային Ղարաբաղը չի դադարում գոյություն ունենալ. Լեռնային Ղարաբաղի վարչակազմը կամ Լեռնային Ղարաբաղում կառավարումն է դադարում գոյություն ունենալ։ Լեռնային Ղարաբաղում հայկական կառավարումը կամ հայկական գոյությունը որոշ ժամանակով է դադարում գոյություն ունենալ։ Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որպես այդպիսին, ավարտված չէ, քանի որ վերջին բռնությունների ավարտից բխող որոշ հարցեր կան։ Գիտեք, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանում կոմպակտ միավոր է՝ 100 հազարից ավելի փախստականներ, ովքեր բռնի տեղահանվել են իրենց տներից, Լեռնային Ղարաբաղի հարցը չի համարվում լուծված։ Սա այն է, ինչ կուզենային պատկերացնել ադրբեջանցիները. չկա ժողովուրդ Լեռնային Ղարաբաղում, հետևաբար՝ չկա և հակամարտություն։ Բայց իրավիճակն այդքան պարզունակ չէ, ինչքան կցանկանային ներկայացնել ադրբեջանցիները։

Կան բազմաթիվ խնդիրներ կան այս իրավիճակից բխող, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, նրանց ունեցվածքի իրավունքը, որից ադրբեջանցիները փորձում են հնարավորինս արագ ազատվել։ Նրանցից շատերը տուժել են Լեռնային Ղարաբաղում մշակութային իրավունքների ոտնահարումից և այլ հանցագործություններից, իսկ այնտեղ առկա է հայկական հարուստ մշակութային ժառանգություն: Ցավոք, Ադրբեջանը կա՛մ աղավաղում է հայկական այս ժառանգության էությունը, կա՛մ փորձում է ոչնչացնել դրա մի մասը: Մենք ունենք նաև սարսափելի հանցագործությունների ապացույցներ, որոնք պետք է հնարավորինս արագ վերցվեն միջազգային դիտարկման, միջազգային վերահսկողության տակ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն, օրինակ, մշակութային ժառանգության մասով պետք է հնարավորինս շուտ գործի անցնի: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է հնարավորինս շուտ ՄԱԿ-ի պաշտպանության տակ վերցվեն։ Նրանց վերադարձի միջազգային անվտանգ երաշխիքները պետք է ապահովվեն, և դրա համար միջազգային հանրությանը, իհարկե, Հայաստանի հետ միասին պետք է մեծ ճնշում գործադրեն, որպեսզի Ադրբեջանը ի վերջո համաձայնի վերականգնել նրանց իրավունքներն իրենց հայրենիքում։ Նաև, իհարկե, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները պետք է թափանցիկ և միջազգայնորեն հետաքննվեն։ Նաև՝ ռազմագերիների և նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների վերադարձի մասով․ Ադրբեջանը նրանց վերաբերվում է որպես «ահաբեկիչների», բայց սրանք, իհարկե, կեղծ դատավարություններ են, և սա ամոթալի է ողջ միջազգային հանրության համար։

❓️CNN Հունաստան. Գրեթե բոլոր էթնիկ հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, չնայած Բաքվի հավաստիացումներին իրենց անվտանգության և որպես քաղաքացիների հավասար վերաբերմունքի մասին: Երևանը դատապարտում է էթնիկ զտումները: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է մտադիր անել Ադրբեջանն այդ տարածքում:

✅️ Դեսպան Մկրտչյան. Պարզապես պետք է նայեք Նախիջևան կոչվող հայկական մեկ այլ շրջանի, որը 100 տարի առաջ շատ հայ բնակչություն ուներ` հսկայական քանակությամբ հայ բնակչություն: Նախիջևանի բնակչության գրեթե կեսը հայեր էին։ Եթե միջազգային հանրությունը, ի վերջո, չգործի, չարթնանա, չզգուշացնի Ադրբեջանին, որ չի հանդուրժելու Նախիջևանում կատարվածի կրկնությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ցավոք, մենք կարող ենք տեսնել նմանատիպ սցենարի զարգացում առաջիկա տասնամյակների ընթացքում: Ես չեմ խոսում գալիք մեկ-երկու տարվա մասին. սա կլինի ավելի դանդաղ, բայց հետևողական. հայկական հետքերի հետևողական մաքրում: Այնպես որ, այն, ինչ մտադիր է անել Ադրբեջանը, պարզ է. նախ հայերից ազատվելն է, հետո՝ հայկական հետքերից: Չնայած մի կողմից հայերի անվտանգության երաշխիքների մասին հավաստիացումներին, ազդակները լրիվ այլ բան են հուշում․ հակառակ կողմում տեսնում եք բռունցք թափահարող, հիտլերյան ոճով բռունցք թափահարող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հայերի մասին խոսում է այնպես, կարծես նրանք շներ լինեն:

Գիտեք, այս ամենը հիշեցնում է ֆաշիստ առաջնորդների պահվածքը: Նրանց զինվորների կատարած սարսափելի խեղումները և ռազմական հանցագործությունները, և նրանցից ոչ մեկը երբևէ չի պատժվել։ Ոչ ոք։ Եվ հենց վերջերս տեղեկացանք, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներից մեկն անվանակոչվել է Էնվեր փաշայի անունով, ով եղել է Հայոց ցեղասպանության երեք գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Նշված ազդակներն ու խորհրդանիշները ոչ մի լավ բան չեն ասում տարածքում հայերի անվտանգության մասին։

❓️CNN Հունաստան. Ռուսաստանը վճռորոշ դեր է ունեցել խաղաղապահ համաձայնագրերում: Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը հավասարակշռված մոտեցում չի՞ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Իսկ ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունն ինչո՞ւ այդպես բուռն չարձագանքեց, ինչպես օրինակ Ուկրաինայի դեպքում։

✅️ Դեսպան Մկրտչյան. Միջազգային հանրությունը շատ ուշ գործեց ու շատ քիչ բան արեց։ Դրա պատճառն, իհարկե, Ադրբեջանի կողմից տարբեր երկրներում նախապատրաստված քարոզչական հողն էր՝ աշխատելով լրատվամիջոցների, որոշակի քաղաքական գործիչների հետ, նաև իհարկե, Թուրքիայի աջակցությամբ՝ լռեցնելու կամ նվազագույնի հասցնելու միջամտությունն ու արձագանքը։ Մյուս կողմից, շատերը մոռանում են, որ Ադրբեջանը, ինչպես բնութագրում է Freedom House-ը, կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ է, որտեղ չկա ազատ լրատվամիջոց, չկա խոսքի ազատություն և այլն: Նրանք թույլ չեն տալիս ազատ լրատվամիջոցներին մուտք գործել Ադրբեջան, գնալ և նկարահանել ցանկացած նյութ այնտեղ, որտեղ ուզում են։ Դա անհնար է, դա բացառված է։

9 ամիս շարունակ ոչ հայազգի, ոչ էլ օտարերկրացի լրագրողների թույլ չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Կարմիր խաչից բացի, նույնիսկ միջազգային կազմակերպություններին թույլ չեն տվել ներս մտնել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի քայլերին, ես չեմ կարող մեկնաբանել՝ դրանք հավասարակշռված էին, թե՝ ոչ։ Այն, ինչ վստահաբար կարող եմ ասել, այն է, որ երբ Լաչինի միջանցքում շրջափակումը մտցվեց, այն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության համաձայն գտնվում էր ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Ադրբեջանին հաջողվեց այնտեղ հսկիչ անցակետ տեղադրել, և ռուս խաղաղապահներին չհաջողվեց կանխել դա։

Սա նոյեմբերի 9-ի հայտարարության խախտման հստակ դեպք էր, և Ռուսաստանը չկարողացավ դրա դեմն առնել։ Կարող ենք բազմաթիվ վարկածներ բերել, թե ինչու ռուսները չմիջամտեցին, բայց փաստն այն է, որ նրանք չկարողացան կասեցնել։ Մյուս կողմից, գիտեք, վերջին հարձակումը տեղի ունեցավ նաև այն տարածքներում, որոնք գտնվում էին ռուս խաղաղապահների հսկողության տակ, և նրանք կրկին չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Այսպիսով, օրինական մտավախություններ կան, որ Ռուսաստանը, ցավոք, չկարողացավ ապահովել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մեջ կմնա։

❓️CNN Հունաստան. Ցավոք, կան վերլուծություններ և մտավախություններ, որ Ադրբեջանը Հայաստանից ավելի շատ տարածքներ կպահանջի։ Արդյո՞ք արդարացված են այս մտավախությունները: Ինչպիսի՞ն է Ձեր մեկնաբանությունը այս կարգի խոսակցությունների վերաբերյալ:

✅️Դեսպան Մկրտչյան. Այս կարգի խոսակցությունները կարող են շարունակվել, քանի դեռ միջազգային հանրության կողմից կոշտ և անկոտրոմ արձագանք չլինի: Առնվազն հայտարարությունների մակարդակով կարող եմ վստահաբար ասել, որ մեր որոշ գործընկերներ շատ հստակ ուղերձներ են փոխացում Ադրբեջանին և Թուրքիային, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի կարող խախտվել։ Մեր արևմտյան գործընկերների կողմից, անշուշտ, եղել է նման աջակցություն, բայց դա երկարաժամկետ հեռանկարում պետք է պահպանվի։ Հավանաբար, պետք է ավելի շատ միջազգային ներկայություն ապահովել այնտեղ: Նաև Հայաստանի պաշտպանական կարողությունները և անվտանգության ոլորտը պետք է հնարավորինս արագ ընդլայնվեն, քանի որ Հայաստանն ինքը պետք է կարողանա պաշտպանել իր սեփական տարածքները: Սա պարզ է, բայց, իհարկե, այն պետք է արվի մեր գործընկերների հետ համագործակցությամբ։

❓️CNN Հունաստան. Ռուսաստանի հետ պայմանագիր կա, որ նա կպաշտպանի Հայաստանը արտաքին հարձակման դեպքում: Որքանո՞վ եք ապահով Ձեզ զգում Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձություններից հետո։

✅ ️Դեսպան Մկրտչյան. Դե, 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ հարձակումներ եղան նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Դրանից անմիջապես հետո ներխուժումներ եղան հենց Հայաստանի տարածք։ Եվ նաև 2022 թվականի սեպտեմբերին՝ վերջին ներխուժումը Հայաստան: Ընդհանուր առմամբ, ավելի քան 150 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածք օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Սա ընդունում են մեր գրեթե բոլոր գործընկերները։

ԵՄ-ն, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հստակ ընդունել են, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացում է։ Այնպես որ, չնայած դրան, մենք տեսանք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի առաջատար անդամ է Ռուսաստանը, չկարողացավ հստակ գնահատականներ տալ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս խախտումների վերաբերյալ։ Այնպես որ, սա մեծ դժգոհություն բարձրացրեց Երևանում, և ոչ միայն Երևանում։ Շատ պարզ է, որ կան սովետական վարչական սահմաններ, և այդ վարչական սահմանները, որոնց հիման վրա մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել սահմանազատման և սահմանագծման հարցում։ Սա չի կարող աշխատել, եթե մենք նվազագույն պատկերացում չունենանք սահմանների մասին: Մենք հստակորեն նվազագույն պատկերացում ունենք այս սահմանների մասին։

❓️CNN Հունաստան. Ի՞նչ եք ակնկալում Եվրամիությունից և Հունաստանից:

✅️ Դեսպան Մկրտչյան. Հունաստանի հետ մենք ինտենսիվ քաղաքական և դիվանագիտական համագործակցություն ունենք։ Հունաստանն աջակցում է Հայաստանին միջազգային կազմակերպությունների մեծ մասում, որոնց երկու երկրներն էլ անդամ են։ Բայց ոչ միայն այդ կազմակերպություններում, այլև կազմակերպություններում, որտեղ անդամ է միայն Հունաստանը։ Մենք գիտենք, որ Հունաստանն աջակցում է Հայաստանին։ Այս օգնությունը պետք է ավելի շատ աջակցություն ստանա մյուս անդամներից, և այդ աջակցության հնարավոր խանգարողներին պետք է բացատրել և ուղղորդել: ԵՄ-ն Հայաստանում պետք է լինի, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի, և այն ռազմավարական առումով կարևոր է, ինչպես երբևէ: Կարիք չկա, որ Եվրոպան ուռճացնի Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը։ Ադրբեջանի գործողությունները, ինչպես դուք ներկայացրիք, որակվել են որպես էթնիկ զտումներ։ Որոշ ցեղասպանագետներ դա դնում են Ցեղասպանության կոնվենցիայի սահմանումների մեջ: Էստ էության, այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանական գործողություն էր։

Այսպիսով, Հունաստանը կարող է մեզ օգնել միջազգային կազմակերպություններում, բայց նաև երկկողմ աջակցությամբ։ Հունաստանի տարբեր գերատեսչություններ պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանին, և մենք սերտ կապի մեջ ենք Հունաստանի կառավարության հետ, թե ինչպես կազմակերպել այդ աջակցությունը: Կարճաժամկետ հեռանկարում մենք չենք կարծում, որ փախստականների ընդունումն անհրաժեշտ է, քանի որ մենք չենք ցանկանում, որ փախստականները ցրվեն աշխարհով մեկ: Նրանց իրավունքները պետք է լուծվեն, և հուսալով, որ նույնիսկ եթե դա հիմա իրատեսական չթվա, գոնե մոտ ապագայում նրանց իրավունքները պետք է վերականգնվեն, և նրանք պետք է վերադառնան իրենց տները: Ուստի, մեծ երախտագիտությամբ փախստականներ ընդունելու պատրաստակամություն հայտնող երկրին, մենք չենք ցանկանում խրախուսել այս գործընթացը։ Դրանից զատ, Հունաստան-Հայաստան հարաբերությունները կարող են և կավելանան, և մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի մենք կհասնենք ռազմավարական գործընկերության: Սա մի բան է, որին մենք ձգտում ենք:

CNN Հունաստան. Լավ, շատ շնորհակալություն այս հարցազրույցի համար:

Դեսպան Մկրտչյան. Շնորհակալություն։

https://greece.mfa.am/…/10/17/amb_interview_CNN_Gr/12167

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում