«Մինչև քարը քարի վրա չմնա՝ միջնադարյան Հայաստանի թագավորությունների մշակութային ժառանգությունը» ցուցահանդեսի բացումը Բռնոյում

  • 16.10.2023
  • 0
  • 265 Views

Հոկտեմբերի 9-ին Բռնոյի Յիրժի Մահենի անվան քաղաքային գրադարանում տեղի ունեցավ «Մինչև քարը քարի վրա չմնա՝ միջնադարյան Հայաստանի թագավորությունների մշակութային ժառանգությունը» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսը, որը գործելու է մեկ ամիս, նվիրված է ներկայիս Թուրքիայի տարածքում միջնադարյան Հայաստանի վտանգված մշակութային ժառանգությանը:

Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը։
Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Ընդգծելով Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցության կարևորությունն ու վերջինիս անդամների անսասան նվիրումը՝ տարածելու հայկական միջնադարյան մշակութային ժառանգության պատմությունը, որն անփոխարինելի արժեք է հայկական ինքնության և մշակութային հիշողության համար, դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները, շեշտելով, որ ստեղծված իրավիճակում այլևս վտանգված է և ոչնչացման եզրին են Ադրբեջանի տիրապետության տակ անցած ԼՂ-ի հայկական հոգևոր մշակութային կենտրոնները:
Այնուհետև կայացել է Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Իվան Ֆոլետիի՝ 7-րդ դարի Մրեն տաճարի արտասովոր հմայքի և բարդ պատմության մասին դասախոսությունը, որին ներկա են գտնվել բազմաթիվ չեխ ունկնդիրներ:Ցուցահանդեսը կազմակերպվել է Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի և Չեխիայում ՀՀ դեսպանության միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում