
«Վտանգված աշխարհ առանց Ռուսաստանի՞» Չեխական «ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ» օրաթերթի անցյալ շաբաթվա այս հոդվածն իր բովանդակությամբ կարծես տրամաբանական շարունակությունն է «ՄՖ ԴՆԵՍ»-ի այն նախորդ վերլուծության, որը «ՕՐԵՐ»-ի կայքէջում ներկայացվեց «Կայսերական երազանքի փլուզումը» վերնագրով։
Ներկայացվող հոդվածի հեղինակը չեխ լրագրող Տոմաշ Վլախն է, ով, անդրադառնալով ղարաբաղյան վերջին իրադարձություններին, շեշտը դնում է հետևյալ մեկնաբանության վրա.
«… Խնդիրը ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի միտումը եղել է նախապես հայտնի։ Ուստի, Ռուսաստանը կարող էր դրան արձագանքել՝ համալրումներ ուղարկելով թեժ գոտի։ Այնինչ նման բան չարեց», միաժամանակ համեմատական զուգահեռներ անցկացնելով նաև նախկին խորհրդային ռեժիմի հետևանքները կրող ու ոչ բարվոք քաղաքական վիճակում հայտնված հանրապետությունների միջև։
Վերլուծությանը ծանոթացեք ստորև.
«Դարեր շարունակ Ռուսաստանը եղել է հայերի ավանդական դաշնակիցն ու պաշտպանը մի միջավայրում, որտեղ ապրել են հայերը՝ շրջապատված ոչ այնքան բարի-դրացիական տրամադրվածությամբ թուրք կամ պարսիկ հարևաններով:
1828 թվականին Պարսկաստանի և Ռուսաստանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագրի հիման վրա հայկական տարածքը ներառվել է Ռուսական կայսրության կազմի մեջ։ Սարիղամիշի ճակատամարտում ռուսների հետ հայերի համագործակցության մասին մեղադրանքները պատրվակ են հանդիսացել Օսմանյան կայսրությանը՝ իրականացնելու այն մեծ եղեռնը, որը խլել է 1,5 միլիոն հայերի կյանք:
Բոլշևիկյան հեղափոխությունից հետո հայերը հիմնեցին իրենց պետությունը, սակայն ադրբեջանցիների և թուրքերի մշտական նվաճումների ու ջարդերի մթնոլորտում ապաստան գտան Խորհրդային Միության կազմում։ Կոմունիստական կայսրության փլուզումից հետո այդ Ռուսաստանի Դաշնությունն էր, որ օգնեց հայերին Լեռնային Ղարաբաղը դարձնել «սեպարատիստական»* պետություն։ Անջատողական անկլավներ ստեղծելու հայեցակարգը Մոսկվայի կողմից վարպետորեն յուրացված հիանալի ռազմավարություն էր, որի նպատակն էր զսպել ապստամբ պետություններին իրենց ազդեցության գոտում։
(* «սեպարատիստական» ածականը, Բաքվի ջանքերով, հաճախակի կիրառական արտահայտություն է չեխական մամուլում՝ անկախ ղարաբաղյան խնդրի նկատմամբ չեխ հանրության տրամադրվածության – խմբ. նշում):
2020 թվականի աշնանը Ադրբեջանը հաջողակ ռազմական հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի ժամանակ իր վճռորոշ դերակատարությունն ունեցավ ռուսական միջամտությունն ու, այսպես կոչված՝ «խաղաղապահ զորակազմի» տեղակայումը՝ փրկելով անկլավները լիակատար պարտությունից։
Մերձդնեստրից կամ Աբխազիայից քաջ հայտնի ռազմավարությունը հանգեցրեց Մոսկվայի ազդեցության ուժեղացմանը տարածաշրջանում։ Բայց հիմա մեր առջև միանգամայն անհասկանալի այլ տեսարան է բացվում, ըստ որի Ռուսաստանը կամավոր հրաժարվում է իր նախընտրած «անջատողական» անկլավներից։
• Թեժ Կովկաս
Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերը գործնականում կապիտուլյացիայի ենթարկվեցին։ Երևանի տեղեկացմամբ, ավելի քան 100 հազար բնակիչ (մարզի հաշվառված բնակչության մոտ 80 տոկոսը) մի քանի օրվա ընթացքում լքեց լեռնային անկլավը, իսկ ռուսներն ընդհանրապես ոչինչ չձեռնարկեցին դրա դեմ։ Արդյունքը եղավ Լեռնային Ղարաբաղի «կլանումը» Ադրբեջանի կողմից։ Հետևաբար խաղաղապահներն այլևս տեղ չունեն այնտեղ։
Ռուսներն ինչպես նահանջեցին Ղարաբաղից, նույնկերպ և զարմանալի թուլություն են ցուցաբերում այլ հարցերում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երբեք նրանց սրտով չի եղել, իսկ եթե ստույգ՝ վերջին շրջանում խիստ դժգոհ են Արևմուտքի և ամերիկացիների հետ համագործակցության խորացումից։ «Ընդդիմությունը ռուսամետ է և, անշուշտ, նրանց ավելի հոգեհարազատ։ Բայց չունեն այնքան բավարար ուժ, որպեսզի հեղաշրջում կամ խռովություն և նոր ընտրություններ նախապատրաստեն»,- ասում է արևմտյան մի դիվանագետ, ով չի ցանկացել հրապարակել իր անունը՝ ավելացնելով. «Ուկրաինայի պատերազմն ակնհայտորեն իր ազդեցությունն է թողել նրանց, այսպես կոչված, իմունային մարզավիճակի վրա»։
Խնդիրը ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի միտումը եղել է նախապես հայտնի։ Ուստի, Ռուսաստանը կարող էր դրան արձագանքել՝ համալրումներ ուղարկելով թեժ գոտի։ Սակայն նման բան չարեց: Իհարկե, կարելի է ենթադրել, որ խոսքը փոխհամաձայնեցված մասնավոր գործարքի վերաբերյալ էր՝ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, որի երկիրն Ադրբեջանի կողմնակիցն է։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը հրաժարվեր ազդեցությունից այն տարածաշրջանում, որն այդքան տքնաջանորեն ձեռք էր բերել տասնամյակներ շարունակ:
Ռուսաստանի թուլացումը, իհարկե, լավ նորություն է։ Հարցն այն է՝ ինչպե՞ս կլրացվի այն ուժային վակուումը, որը կմնա Ռուսաստանից հետո։
Հաճախ է խոսվում ձախողված ագրեսիայի արդյունքում կրած պարտության հետևանքով Ռուսաստանի կազմաքանդման մասին։ Այո, շատերն են ցանկանում դա։ Սակայն պետք է հաշվի առնել և ներքին անկայունության ու կոնֆլիկտների տեսքով հասունացող հավանական հետևանքները։ Ռուսաստանի Դաշնությունում կա 160 էթնիկ խումբ, որոնք թեև չեն տառապում, այսպես կոչված՝ «լուրջ քաղաքական ճեղքերից», բայցևայնպես դեռ բախվում են առկա խնդիրների։
Թերևս ամենամեծը Հյուսիսային Կովկասում է, որտեղ չեչենները երկար տարիներ ձգտել են անկախության։ Ներկայումս միգուցե հիմնավորված են մոսկվամետ առաջնորդ՝ Ռամզան Կադիրովի շնորհիվ, բայց նրանց բաղձանքն ամեն պահ կարող է վերակենդանանալ։
Ինգուշների և օսերի միջև թշնամանքից մեզ առավել քիչ է հայտնի, որը դրսևորվել է անցյալ դարի իննսունական թվականներին և դեռ մինչ օրս պահպանվում է այդ ժողովուրդների մեջ։
Խնդիրներից անմասն չէ և Դաղստանը, որտեղ ավելի քան 30 ժողովուրդ ու ազգություն է ապրում՝ մոտավորապես Սլովակիայի չափ տարածքում։
Կովկասից դուրս «առավել ռիսկային» ժողովուրդներից են բուդդայական բուրյաթները կամ մահմեդական թաթարներն ու բաշկիրները: Գործնականում խնդիրներ կարող են առաջ քաշվել ամենուր, որտեղ վտանգված կլինեն տնտեսական շահերը, օրինակ՝ օգտակար հանածոների արդյունահանումը:
• Ամենակարևորը՝ չնահանջելն է
Այնուհանդերձ, Ռուսաստանից դուրս կան այլ վայրեր, որտեղ կարող է դրսևորվել նշյալ ազդեցության թուլացումը։ Օրինակ՝ Տաջիկստանը։ Այստեղ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի Խորհրդային Միության փլուզումից ի վեր, իսկ 1990-ականներին երկիրը բախվեց տեղի կլանների միջև երկարատև քաղաքացիական պատերազմին: Ավելին, Տաջիկստանը սահմանակից է Աֆղանստանին և Կենտրոնական Ասիայի երկրներից ամենաշատն է հակված այնպիսի բացասական երևույթների ներմուծմանը, ինչպիսիք են իսլամական ֆանատիզմը կամ թմրանյութերի մաքսանենգությունը։
Նախկինում Ֆերգանայի ավազանը (էթնիկական դրդապատճառներով) խռովությունների վայր էր ղրղզների և ուզբեկների, ինչպես նաև ղրղզների և տաջիկների միջև՝ (սահմանամերձ հողերի շուրջ մինչ օրս շարունակվող վեճում): Մյուս կողմից, ռուս զինվորները երբեք նշանակալից դեր չեն խաղացել Կենտրոնական Ասիայի վերը նկարագրված հակամարտություններից և ոչ մեկում։ Քանզի կայունացնող գործոնի դերը սահմանափակվում է ավելի շուտ քաղաքական, քան ռազմական ազդեցությամբ։
Հաջորդը Սիրիան է, որտեղ տեղի բռնապետ Բաշար ալ-Ասադին աջակցության դադարեցումը կարող է խթանել ընդդիմությանը: Երկիրը կա՛մ կհամախմբվի և կշարժվի դեպի ավելի ժողովրդավարական քաղաքականություն (ինչպիսին Լիբանանն է), կա՛մ նորից կհայտնվի մասնատված քաղաքացիական պատերազմի մեջ։
Մերձդնեստրում ռուսական ազդեցության թուլացումը կարող է նշանակել, որ Մոլդովան Ռումինիայի կամ Ուկրաինայի աջակցությամբ կորոշի վերջ դնել ապստամբների անկլավին։ Բացի այդ, այստեղ զենքի ու զինամթերքի հսկայական պահեստները գայթակղիչ են և Կիևի համար։
Ի վերջո, առկա է նաև ռուսական միջուկային զենքի հարցը, որը չի վերանա և կարող է ընկնել անկանոն կառավարիչների կամ երրորդ երկրների ձեռքը։ Բայց մի բան հարկ է ընդգծել։ Վերը նկարագրված սպառնալիքները պայմանավորված են պատմական զարգացումներով և չպետք է Մոսկվայի համար պատճառ հանդիսանան, որ նա որևէ կերպ հետ կանգնի և ուղիներ փնտրի պատերազմը շուտափույթ ավարտելու կամ Պուտինի ռեժիմը պահպանելու հարցում»,- այսպես է խոսքն ավարտում հոդվածագիրը։
Թարգմանությունը Արսեն Քոչարյանի,
Հատուկ «ՕՐԵՐ»-ի համար