Բողոքի ակցիա Ռումինիայի կառավարության շենքի դիմաց՝ հաջակցություն արցախահայության

  • 10.10.2023
  • 0
  • 249 Views

            Հոկտեմբերի 9-ին, ժամը 17։00-ին, Բուխարեստի կենտրոնում՝ Ռումինիայի կառավարության շենքի դիմաց, տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ հաջակցություն Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների, ինչպես նաև բոյկոտելու համար հոկտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Խորհրդարանի նախագահի և իր ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցը Ռումինիա։ Բողոքի ակցիան կազմակերպվել էր Ռումանիոյ հայոց թեմի և Ռումինիայի հայոց միության կողմից, որին ներկա էին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանում Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար տիար Վարուժան Փամբուկչյանը, պատմաբան, Ռումինիայի Խորհրդարանի Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի նախագահ, պատգամավոր տիար Դանիել Գեորգեն, պատմաբան տիար Ադրիան Նիկուլեսկուն, թեմի քահանայից և սարկավագաց դասը, հարյուրավոր հայեր Ռումինիայի մի շարք քաղաքներից՝ Բուխարեստ, Ջուրջու, Կոնստանցա, Պիտեշտ, Կրայովա, Բոտոշան, Բակըու, Սուչավա, Գեռլա, Դումբրըվեն։

            Ակցիայի մասնակիցները պաստառներ էին բարձրացրել ռումիներեն և անգլերեն հետևյալ գրություններով՝ Ադրբեջան-հանցագործ դիկտատորի երկիր, Արցախը հայկական հող է, կանգնեցրեք մշակութային ցեղասպանությունն Արցախում, վերջին մի քանի հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայեր այլևս չեն ապրում Արցախում, Ալիև-ռազմական հանցագործ, պատժամիջոցներ Ադրբեջանին, Ալիևը էթնիկ զտումների հեղինակ է Արցախում, ազատ արձակել գերիներին և այլն։

            Բողոքի ակցիան սկսվեց Տերունական աղոթքով։ Սրբազան Հայրը դատապարտեց Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները՝ դրանք որակելով երկրորդ ցեղասպանություն, միևնույն ժամանակ իր կոչը հղեց ռումին կառավարությանը՝ առավել շրջահայաց լինելու իր արտաքին քաղաքականության մեջ, քանզի անընդունելի է Արցախում Ադրբեջանի իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական գործողությունների ֆոնին հանդիպել ագրեսոր երկրի Խորհրդարանի նախագահի հետ։ Սրբազանը հույս հայտնեց, որ պայքարը շարունակվելու է և մի օր անպայման հայը վերադառնալու է Արցախ։ Նշենք, որ ավելի վաղ Ռումանիոյ առաջնորդը պաշտոնական նամակներ էր հղել Ռումինիայի նախագահին, վարչապետին, Սենատի նախագահին, Պատգամավորների Պալատի նախագահին, Արտաքին Գործոց նախարարին և Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքին, իսկ սեպտեմբերի 29-ին անձամբ մեկնել Հայաստան, այցելել Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզեր, եղել Վայք, Մասիս, Երևան քաղաքներում, անձամբ հանդիպել Արցախից բռնի տեղահանված հայությանը, ծանոթացել խնդիրներին և ստեղծված հումանիտար աղետին։

            Խոսքով հանդես եկան նաև տիար Վարուժան Ոսկանյանը և տիար Վարուժան Փակբուկչյանը՝ հայտարարելով, որ մի շարք հանդիպումներ են ունեցել Ռումինիայի նախագահի, Արտաքին Գործերի նախարարի և մի շարք պատասխանատու կառույցների ղեկավարների հետ՝ պահանջելով չեղարկել ադրբեջանական պատվիրակության այցը, հումանիտար օգնություն տրամադրել բռնի տեղահանված արցախահայերին, անմիջապես քայլեր ձեռնարկել Արցախում մշակութային ցեղասպանությունը կանխելու համար՝ պահանջելով Եվրամիության կողմից հստակ երաշխիքներ։ Հանդիպումների արդյունքում Ռումինիայի նախագահն արդեն չեղարկել է հանդիպումը ադրբեջանական պատվիրակության հետ, իսկ Ռումինիան արդեն մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն է ուղարկել Հայաստան։

            Պատմաբան, Ռումինիայի Խորհրդարանի Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի նախագահ, պատգամավոր տիար Դանիել Գեորգեն խոսեց հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, իբրև առաջին քրիստոնյա ժողովուրդ հայերի ստեղծած քրիստոնեական ու մշակութային հսկայածավալ ժառանգության մասին, որոնք այս պահին վտանգված են Արցախում։ Դանիել Գեորգեն իր աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին՝ ողջունելով Եվրախորհրդարանի կողմից դատապարտող բանաձևի ընդունման փաստը, կոչ անելով միջազգային հանրությանը թույլ չտալ հայ ժողովրդի պատմական հիշողության ջնջումը։

            Պատմաբան Ադրիան Նիկուլեսկուն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանի իրականացրած գործողություններն Արցախում որևէ հիմնավորում կամ արդարացում չունեն, իսկ ագրեսոր երկրի Խորհրդարանի նախագահի այցը Եվրոպա՝ Ռումինիա, որևէ կերպ ընդունելի չէ և չի տեղավորվում ժողովրդավարության եվրոպական չափանիշների մեջ, միևնույն ժամանակ առաջարկեց դիմել Բուխարեստի քաղաքային իշխանություններին՝ պահանջելով ապամոնտաժել քաղաքի այգիներից մեկում տեղադրված ագրեսոր Ալիեվի հոր՝ Հեյդար Ալիեվի արձանը։

            Ելույթներ ունեցան նաև երիտասարդաց կառույցի պատասխանատուներ Վահե Հովակիմյանը և Հրանտ Ջաղինյանը՝ իրենց բոցաշունչ ելույթներով հուզելով ներկաներին, հույս ներշնչելով, որ վաղվա օրը հուսալի ձեռքերում է, քանզի երիտասարդները մեր պայքարի շարունակողներն ու ջահակիրները պետք է լինեն։

            Մեր երախտագիտությունն ենք հայտնում բողոքի ակցիայի բոլոր կազմակերպիչներին, մասնավորապես երիտասարդներին՝ կազմակերպչական աշխատանքերում մեծ ներգրավվածության և նվիրումի համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև ռումին կառավարությանը՝ Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Լուսանկարները՝ Անդրեա Տընասեի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում