«Թումանյանական օրերը Դսեղում» առաջին անգամ անցկացվեց առանց Սերգո Երիցյանի

  • 09.10.2023
  • 0
  • 475 Views

Լուսանկարում՝ Ռուբեն Քանքանյանը

Հոկտեմբերի 8-ին Դսեղում ավանդական  Թումանյանական օրերի շրջանակում հավաքվել էին Ամենայն հայոց բանաստեղծի  գրականության սիրահարներն ու համագյուղացիները։  Կրկին հնչում էր Թումանյանի պոեզիան ու հայկական ժողովրդական երգը։ 

Վերջին տասնամյակներում այս տոնը կազմակերպում էր «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը՝ Սերգո Երիցյանի ղեկավարությամբ։ Ցավոք, այս տարի Սերգո Երիցյանն անժամանակ  հրաժեշտ տվեց կյանքին։  Ինչպես  ՕՐԵՐ-ին հայտնեց ռեժիսոր Էդուարդ Տեր-Սահակովը , այս տարի էլ նրա որդին՝ Սարգիս Երիցյանն էր իր համախոհներով ստանձնել  միջոցառման կազմակերպումը։

Սերգո Երիցյանը ժամանակին ասել է . «Որքան էլ հեռու ապրենք մեր ծննդավայրից, հայրենի եզերքը միշտ նաև կարոտ է ինձ համար: Երբ ինձ առաջարկեցին ղեկավարել «Լոռվա Ձոր» հայրենակցական միությունը, սիրով համաձայնեցի: Բնական էր «Լոռվա Ձոր»-ի խնդիրները՝ մշտական կրթամշակութային կապ պահպանել հայրենի եզերքի հետ՝ միջոցառումներ կազմակերպել ինչպես Երևանում, այնպես էլ Լոռվա ձորում կարևոր են: Օրինակ՝ ավանդական դարձավ «Թումանյանական օրը» Դսեղում։

Էդուարդ Տեր-Սահակովի ասելով, «Լոռվա ձոր» հայենակցական միության նորընտիր նախագահ,  Երեւանի թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանի ղեկավարությամբ Դսեղ էին եկել դպրոցի աշակերտները և ուսուցիչները՝ մասնակցելու Թումանյանական օրերին։ Նախագահն իր ելույթում նշեց, որ այս այցը նվիրում են Սերգո Երիցյանի հիշատակին։

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ցերեկույթ, որտեղ աշակերտներից բացի ելույթներ ունեցան հայտնի ասմունքողներ, երգիչներ, դերասաններ և Թումանյանի ծոռը՝ Ռուբեն Քանքանյանը։ Վերջինս իր ելույթում անդրադարձավ իր մեծ պապի ժառանգությանը եւ տուն-թանգարանին նվիրեց դեռեւս 1892 թվականի հրատարակության «Կենդանիների աշխարհում» հանրագիտարանը, որ ժամանակին իրեն էր նվիրել Օլգա տատիկը։

«Կենդանիների աշխարհում» հանրագիտարանը

Ոգեշնչող ելույթներ ունեցան դերասան Արթուր Եղինյանը, երգիչ Ստեփան Դալլաքյանը, ասմունքող Սիլվա Նազարյանը։

Ինչպես նշեց Էդուարդ Տեր-Սահակովը օրը հագեցած էր մեծ լոռեցու շնչով ու էությամբ։

Լուսանկարները՝ Էդուարդ Տեր-Սահակովի

orer.eu

Արթուր Եղինյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում