ԵՄ-ն իր անսասան համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին․ Յանեզ Լենարչիչ

  • 07.10.2023
  • 0
  • 236 Views

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը Հայաստանին և հայ ժողովրդին է հայտնել Եվրամիության աջակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լենարչիչը այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

https://platform.twitter.com/

«Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը փախել է Հայաստան։ Այսօր ես Երևանում եմ՝ արտահայտելու ԵՄ անսասան համերաշխությունը բոլոր այն մարդկանց, որոնք ստիպված թողել են իրենց բնակավայրերը, ինչպես նաև Հայաստանին և կարիքավոր մարդկանց հյուրընկալող համայնքներին»,- գրել է Լենարչիչը։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում էր ամիսներ շարունակ՝ նախարար Միրզոյանն շեշտել է տարածաշրջանում ուժի կիրառման շարունակվող վտանգի բացառման անհրաժեշտությունը:

«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման և այդ ուղղությամբ միջազգային գործընեկների հետ աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում