Ի՞նչ է տալու Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը. Եղիշե Կիրակոսյանը բացատրում է, Հակոբ Արշակյանը՝ մեկնաբանում.Ռուսաստանի դեմ չէ

  • 03.10.2023
  • 0
  • 480 Views

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» օրենքի նախագիծը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ 123 պետություն անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը: Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռեւս 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, որից հետո վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին կանոնադրությունում ամրագրված որոշ պարտավորություններ համարել էր Սահմանադրությանը հակասող:

Զեկուցողը ներկայացրել է հարցի նախապատմությունը` հիշեցնելով, որ կանոնադրության վավերացման քննարկումները վերստին սկսվել են մեկ տարի առաջ, երբ ՀՀ ինքիշխան  տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա, որի ընթացքում կատարվեցին պատերազմական ծանրագույն հանցագործություններ նաեւ ՀՀ սուվերեն տարածքում: Այդ պահից սկսած վերստին սկսվել են քննարկումները կանոնադրության վավերացման եւ իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու հարցի վերաբերյալ: Արդյունքում` 1990 թվականին ընդունված Հռոմի կանոնադրության վավերացման եւ իրավազորության ճանաչման նախագիծը Կառավարության կողմից հավանության արժանացավ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, որից հետո այն ներկայացվեց Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին կայացրեց որոշում, որում նշվում է, որ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանում են կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները: ՍԴ-ին ներկայացվել էին ե’ւ վավերացման  ենթակա, ե’ւ իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու նախագծերը:

«Միջազգային քրեական դատարանն իր իրավազորության առարկայի շրջանակում քննություն է իրականացնում ծանրագույն միջազգային հանցագործությունների վերաբերյալ եւ դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հանցագործություններ կատարած անձանց: Խոսքը վերաբերում է պատերազմական հանցագործություններին, մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ցեղասպանությանը: Կանոնադրությունում կան նաեւ նոր փոփոխություններ, որոնցից մեկը Կամպալայում տեղի ունեցած համաժողովում իրականացված փոփոխությունն է, որը կատարվել է 2010 թվականին եւ որով ավելացվել է ագրեսիայի հանցագործությունը նշված հանցագործությունների շարքին»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նրա խոսքով այս պահին վավերացման է ներկայացվել նախագծի` առանց Կամպալայի փոփոխության տարբերակը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում Կամպալայի փոփոխության վավերացումը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը կարծիք եւ հույս է հայտնել, որ փաստաթղթի վավերացումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ տարածքում վերոնշյալ հանցագործությունները կանխարգելելու եւ բացառելու տեսանկյունից:

Զեկուցողին հարցեր են ուղղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է, թե հետխորհրդային երկրներից որոնք են վավերացրել փաստաթուղթը: Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ այն վավերացրել է երկու երկիր: Վրաստանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել է 2004 թվականին, իսկ Տաջիկստանը, որը ե’ւ ՀԱՊԿ, ե’ւ ԱՊՀ անդամ պետություն է, 2002 թվականին:

Բաբկեն Թունյանը հարցրել է, թե ինչ է Հայաստանին տալու փաստաթղթի վավերացումը: Հիմնական զեկուցողը պարզաբանել է, որ Հռոմի կանոնադրության վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Այն որոշակիորեն երաշխիք է տալու, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, եւ այն անձանց համար, որոնք մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, սա առնվազն կանխարգելիչ ազդեցություն կունենա: «Կարծում եմ, որ դա պակաս հիմնավորում չէ, որպեսզի վավերացման հարցը քննարկենք: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ դեռ գտնվում են Ադրբեջանի զինված ստորաբաժանումներ. կանոնադրության վավերացումը վերստին հիմնավորվում է այս տրամաբանությամբ»,- ասել է զեկուցողը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ այս հարցն արդեն 20 տարի է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում է: «Փաստաթղթի բովանդակությունը, բնույթը, արմատներն այնպիսին են, որ կարծես թե Հայաստանը պետք է լիներ առաջին երկիրը, որ պետք է վավերացներ այն: Այն իր արմատներով գնում-հասնում է 1915 թվականի մայիսի 24, երբ Անտանտի պետությունները` Ռուսական կայսրությունը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, առաջին անգամ օգտագործեցին «մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ» եզրույթը` Հայոց ցեղասպանությունը մեղադրելու համար: Այս փաստաթուղթն է առաջին անգամ պատմության մեջ ամրագրում կոնսոլիդացված տեսքով, թե որոնք են մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները: Այս հարցով ՄԱԿ-ը սկսել է զբաղվել 1946-47 թվականներին: Ստատուտը որեւիցե բովանդակային քրեական արարք չի նախատեսում: Այն պարզապես ամրագրում է այն բոլոր արարքները, որոնք աշխարհի գրեթե բոլոր պետությունների օրենսդրության մեջ ամրագրված են. ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ»,- ասել է հանձնաժողովի նախագահը` պարզաբանելով, թե ինչու է հարցը քննարկվում այս պահին: «Այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում է գտնվում էթնիկ զտման` մարդկայնության դեմ ուղղված հանցագործության արդյունքում բռնի տեղահանված անձերի ստվար խումբ, հիմք է տալիս, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանում կարող է պնդել, որ վերջինս ունի իրավազորություն այս արարքի նկատմամբ»:

Նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովի նիստում` արժանանալով դրական եզրակացության:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցության դրդապատճառներին:

Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայնով ընդունել է օրենքի նախագիծը:  ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկել:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց, թե ինչ կտա Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ Եղիշե Կիրակոսյանն ընդգծեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

«Այն որոշակիորեն երաշխիք է տալիս, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, և այն անձանց համար, ովքեր մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, սա առնվազն կունենա կանխարգելիչ ազդեցություն։ Կարծում եմ, որ դա պակաս հիմնավորում չէ, որպեսզի վավերացման հարցը քննարկենք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ գտնվում են Ադրբեջանի զինված ստորաբաժանումներ, կանոնադրության վավերացումը վերստին հիմնավորվում է»,- ասաց Կիրակոսյանը։Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ ընդունել է նախագիծ և այն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Իր հերթին, news.am-ը հայտնում է . Հայաստանը մշտապես մեծ ուշադրություն է արժանացնում ՌԴ-ի հետ ունեցած մեր հարաբերություններին, շատ կարևոր է, որ դրանք հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, արժանապատվության, ինչպես նաև միմյանց նկատմամբ իրավական պարտավորությունների կատարման սկզբունքների վրա։ Այ մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգային հարցերը միշտ բխում են երկու երկրների ու ժողովուրդների շահերից։

«Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ, ինչում, ցավոք, մեզ փորձում են մեղադրել ռուսաստանյան մեր գործընկերները: Իսկ հայաստանյան ընդդիմության որոշ գործիչներ փորձ են կատարում միջպետական լարվածություն ստեղծելու միջոցով դիվիդենտներ շահել ներքաղաքական ասպարեզներում։ Բազմիցս փաստել ենք, որ Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից և գոյություն ունի մեխանիզմ, որով լուծվում են բոլոր երկկողմ հարցերը։ Այս մեխանիզմի իրագործման համար հարցի՝ կառավարության դաշտում գտնվելու հավելյալ ժամանակը, ցավոք, նույնպես չօգտագործվեց», – ասաց Արշակյանը։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ երկկողմ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունն այսօր էլ առկա է, և հույս հայտնեց, որ ռուսաստանյան գործընկերները չեն շարունակի այդ հնարավորութունն անտեսել։

«Ցանկանում եմ նշել, որ տարաձայնություններ ու լարվածություններ լինում են բոլոր ընկերների, բարեկամների, գործընկեր երկրների և նույնիսկ հարազատների միջև։ Թվացող լարվածությունը, վստահ եմ, ժամանակավոր է, վստահ եմ՝ այն կպարզաբանվի և կհաղթահարվի», – եզրափակեց նա։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում