Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան դիմել է Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու և մանդատը հզորացնելու հարցով.12.5 միլիոն արցախցի բռնագաղթածներին

  • 03.10.2023
  • 0
  • 273 Views

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային:

Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար:

Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և ցավոք միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել: Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:

Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը կարողանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը որոշակի կառավարելիության ներքո պահել, մարդկանց ամենակենսական անհրաժեշտությունները բավարարվում են պետության և նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցությամբ:

«Բայց, իհարկե, Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի նաև կարողանանք միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Մեր այս միջավայրում շատ կարևոր եմ համարում մեր երկրների միջև երկկողմ օրակարգի հարցերի հասցեագրումը: Դրանք, իհարկե, քաղաքական երկխոսության հարցեր են, միջազգային հարթակներում համագործակցության հարցեր, տնտեսական համագործակցության հարցեր»,- ասել է վարչապետը:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել  նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները: «Ուրախ եմ, որ իմ նախորդ այցից մի քանի ամիս անց նորից Երևան եմ վերադառնում, թեև շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական` Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար: Եվ ինչպես ապրիլին, այնպես էլ հիմա սեղանի շուրջ տեսնում եմ ծանոթ ու բարեկամական դեմքեր և դա իհարկե շատ հաճելի է այս բարդ աշխարհում, որ հիմա ապրում ենք:

Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում: Մեր համերաշխությունը դրսևորվել է ողջ տարվա ընթացքում: Մարդասիրական ճգնաժամի և, ընդհանրապես, հումանիտար իրավիճակի վատթարացմանը զուգահեռ օգնության ծավալներն են մեծացել, և ես հպարտ եմ ասելու, որ Ֆրանսիան միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է գտնվի»,- ընդգծել է Կատրին Կոլոննան:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի համար Ֆրանսիան նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն: Կատրին Կոլոննան վստահեցրել է, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գրավոր դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու, նրա մանդատը հզորացնելու խնդրով, որ այն կարողանա էլ ավելի օգտակար լինել ՀՀ-ին: 

 «Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի  հետ հանդիպմանը հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան:

«Առաջարկել եմ ներառել Հայաստանը «Խաղաղության եվրոպական մեխանիզմի» մեջ, ինչը իրականացվում է Մոլդովայի համար: Մեր նպատակն է, որ ԵՄ-ն և նրա անդամները սկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված: Ցանկացած գործողություն, որ կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ հստակ և կոշտ արձագանքի կարժանանա, հուսով եմ` կարող ենք հույս դնել նաև այլ գործընկերների վրա, մասնավորապես խոսքս ԱՄՆ մասին է»,- ասաց նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ափսոսանք հայտնեց, որ եղանակային վատ պայմանների պատճառով չի կարողացել այցելել Սյունիքի մարզ՝ հատկապես Գորիս, քանի որ Սյունիքը առաջին է եղել, որ մոբիլիզացվել է բռնի տեղահանվածներին ընդունելու համար, այն մարդկանց ովքեր ստիպված են եղել լքել իրենց հողերը։

«Նշեմ որ մենք նշանակել ենք նոր պատվավոր հյուպատոս, որը իր ներկայությամբ կամրապնդի Ֆրանսիայի ներկայությունը Հայաստանի այս շատ կարևոր հատվածում՝ Սյունիքի մարզում»,- ընդգծեց նա։

«Կցանկանայի հանրայնորեն ասել`  Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: Առայժմ չեմ կարող ավելի մանրամասնել»,- ասաց նախարարը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց, որ իր այս այցը Հայաստան հերթական մի ձև է` ցույց տալու, որ  Ֆրանսիան զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի, ցանկացած մտքի դեմ, որը նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Ֆրանսիան շատ զգոն կլինի բարեկամ երկրի` ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների նկատմամբ: Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի»,- ասաց նա:

Ֆրանսիան ջանում է պայմաններ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ում բանաձևի ընդունումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր տանն անվտանգ ապրելու իրավունքի վերաբերյալ բանաձև չընդունելու հարցին:

«Փորձում ենք գտնել նոր ճանապարհներ՝ ինչպես կարող ենք դասեր քաղել մոտ 10 օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումներից՝ հեռանկարում ունենալով գուցե հնարավոր բանաձև: Շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել: Կարծում եմ այդ առումով մեր տեսլականը նույնն է, որ կարող ենք դրա շուրջ միավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ անդամների»,-ասաց Կոլոննան՝ նշելով, որ չնայած գործադրված փորձերին՝ ավելի վաղ հնարավոր չի եղել համախմբել ավելի շատ գաղափարակից ուժերի:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում