Չեխահայերը դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան եւ եվրոպական երկրներից պահանջեցին պատժամիջոցներ սահմանել դիկտատոր Ալիեւի ռեժիմի դեմ

  • 01.10.2023
  • 0
  • 401 Views

Լուսանկարը՝ IRozhlasi

Այսօր Պրահայի Ստարոմեստսկա հրապարակում տեղի ունեցավ չեխահայ երիտասարդության եւ հայ համանյքի ուժերով կազմակերպված բողոքի ակցիա, որի նպատակն էր դատապարտել Արցախի դեմ սանաձազերծված ադրբեջանական ագրեսիան, որպեսզի ոչ միայն Չեխիան, այլեւ Եվրոպական միության երկրները պատժամիջոցներ սահմանեն դիկտատոր Ալիեւի ռեժիմի դեմ։

Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կատարված Արցախի համար աղոթքից ու ժամերգությունից հետո, Չեխիայի հոգեւոր հովիվ Հայր Բարսեղ Փիլավչյանի առաջնորդությամբ հարյուրավոր հայրենակիցներ Արցախի ու Հայաստանի դրոշներով, եւ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող լոզունգներով երթով շարժվեցին մինչեւ կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակ։

Հայ երիտասարդների կազմակերպության ներկայացուցիչ Բելլա Կնյազչյանը ընթերցեց Ադրբեջանի կողմից Արցախը հայաթափելու վերջին գործողություններին նվիրված տեղեկատվություն, նշելով, որ այդ ամենը կատարվել է ոչ միայն ռուս խաղաղապահների թողտվությամբ, այլեւ Եվրոպական Միության լռության պայմաններում։ Ադրբեջանի գազն ու նավթը չպետք է հակակշիռ դառնան մարու իրավունքներին ու կյանքին։

Մասնակիցները պահանջեցին Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ, դադարեցնել Արցախի հայերի էթնիկ զտումները, Հայաստան ուղարկել մարդասիրական օգնություն, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ ուժեր։

Հանրահավաքի մասնակիցները երգեցին նաեւ հայրենասիրական երգեր, իսկ ելույթ ունեցողները միասնության, հավաքական պայքարի ու լավատեսության կոչեր արեցին, հույս հայտնելով, որ Արցախը կմնա հայկական, իսկ Հայաստանը ոտքի կկանգնի բոլորի համատեղ ուժերով։

Նշվեց նաեւ, որ այսօր Արցախի աջակցության համաեվրոպական հանրահավաքներ են տեղի ունենում նաեւ եվրոպական այլ քաղաքներում՝ Բրյուսելում, Լոնդոնում, Վիեննայում, Աթենքում, Կոպենհագենում, Ստոկհոլմում, Լիսաբոնում, Փարիզում, Բոֆիայում, Մարսելում, Վարշավայում եւ այլուր։

Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում