Էթնիկ զտումներ՝ ադրբեջանա-թուրքական-ռուսական կոալիցիայի համատեղ մատուցմամբ. գրում է չեխ լրագրող Կլիցպերովան

  • 30.09.2023
  • 0
  • 118 Views

Ուշագրավ է չեխ լրագրող Լենկա Կլիցպերովայի ֆեյսբուքյան էջի այսօրվա կարճ մեկնաբանությունը, ով երկու բառով լուսաբանում է Ղարաբաղից հայաբնակչության արտահոսքն ու տիրող իրավիճակը՝ հիմնվելով արցախցի ճանաչված հասարակական գործիչ և գրող, «Երբ կորցնում ես Հայրենիքդ» գրքի հեղինակ՝ Կարեն Օհանջանյանի տեղեկատվությանը։

Open photo

«Ղարաբաղում մնացել են միայն վերջին 200 հայերը։ Սրանք ղարաբաղցի մտավորական, ողջ կյանքում հայկական Ղարաբաղին նվիրյալ մարտիկ և մեր ընկեր՝ Կարեն Օհանջանյանի տվյալներն են։ Մյուսներին, հանգիստ ու անաղմուկ, Լաչինի միջանցքով քշել են Հայաստան՝ ձեռքներին ունենալով մի քանի պարկեր։ Էթնիկ զտումներ՝ ադրբեջանա-թուրքական-ռուսական կոալիցիայի համատեղ մատուցմամբ, մինչդեռ մնացած աշխարհը լուռ հետևում է։

100 հազար մարդիկ կորցրել են իրենց տները։ Այդ թվում և Կարենն ու իր ընկերները։ Ադրբեջանցիներն ակնհայտորեն փոխել են իրենց մարտավարությունը։

Երեք տարի առաջ բռնկված պատերազմի համեմատ, երբ հարյուր հազարավոր մարդիկ հեղեղում էին սոցիալական ցանցերը, այժմ նույնպես լուռ են։

Այն, ինչի մասին լռում են, թերևս ոչ մի կիրք չի առաջացնում։ Ղարաբաղը փակ է օտարների և հատկապես լրագրողների համար։ Նույնիսկ հիմա լրագրողներին թույլ չեն տալիս մտնել Արցախը Հայաստանին կապող միակ Լաչինի միջանցք:

Միայն հայկական կողմում կարող են շփվել փախստականների հետ… Բայց սա դեռ վերջը չէ։ Ադրբեջանը ցանկանում է պատմական հայկական տարածք Սյունիքը, որն այժմ կապելու է իր էքսկլավ Նախիջևանի, նվաճված Ղարաբաղի և 2020 թվականի պատերազմում գրավված տարածքների հետ։

Սյունիքը արժեքավոր հողատարածք է։ Դրանով կկարողանան անցնել ռազմավարական հումքի ուղիներ, որոնք օգուտ կբերեն միայն Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանն էլ հարկավոր է մեզ՝ եվրոպացիներիս, քանի որ մենք չենք ուզում ռուսական գազ։ Այսպիսով, մի բռնապետի գազը փոխարինում ենք մեկ այլ բռնապետի գազով…

Աստված հայերի հետ, քանի որ նրանք թերևս վերջինն են, որոնք կարող են հետաքրքրվել տեղահանվածների ճակատագրով…

Հերթական արտագաղթը սպասվում է հայկական Սյունիքին։ Ընդամենը ժամանակի հարց է…»,- բուռն զգացմունքներով ու հուզումնալից տողերով է ավարտում իր մեկնաբանությունը Կլիցպերովան։

Արսեն Քոչարյան

Հատուկ «ՕՐԵՐ»-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում