Չեխական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց

  • 28.09.2023
  • 0
  • 97 Views

«Մարդը կարիքի մեջ» չեխական բարեգործական հասարակական կազմակերպության թիմը Հայաստանում հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց՝ հատկացնելով սնունդ, ապահովելով շարժունակության միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար և անվտանգ տարածքներ՝ երեխաների համար։

 «Արցախպրես» -ն այս մասին տեղեկանում է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրությունից։ 

«Իրավիճակը ծայրահեղ ծանր է, սահմանին ավելանում է մարդկանց թիվը: Կան տարեցներ, և փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ: Շատերն իրենց հետ վերցրել են միայն տարրական իրեր և չունեն համապատասխան հագուստ, սնունդ կամ հիգիենայի պարագաներ: Մենք հույսը դնում ենք մեր դոնորներից ստացվող միջոցների վրա՝ արձագանքելու քաղաքացիական բնակչության ընթացիկ կարիքներին», – հայտնել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Վարդուհի Դադունցը։

Կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը  հանրությանը խնդրել է արձագանքել SOS Armenia արտակարգ կոչին՝ կատարելով նվիրատվություններ:

Իր հերթին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Հայաստանի համակարգող Միխալ Զելբան հայտնել է, որ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվածներին աջակցությունը տրամադրվում է տեղի իշխանությունների միջոցով։ Այդ օգնությունը ներառում է նաև սնունդ, շարժասայլակներ։

https://youtube.com/watch?v=E12d73NL060%3Ft%3D1s

Ըստ կազմակերպության հաղորդագրության՝ նախնական մարդասիրական օգնության տրամադրումը հնարավոր է եղել՝ շնորհիվ կազմակերպության «Ընկերների ակումբի» մարդասիրական հիմնադրամի միջոցներից հատկացված 40 հազար եվրոյի։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Հայաստանում մշտական առաքելություն ունի 2003 թ.-ից, իսկ առաջին մարդասիրական օգնությունը Հայաստանին տրամադրվել է 1988 թ.-ի աղետալի երկրաշարժից հետո։ Կազմակերպությունը հիմնադրվել է Պրահայի հենց այն մի խումբ ուսանողների կողմից, որոնք Սպիտակի երկրաշարժից տուժածների համար 50 տոննա օգնություն են հավաքել և ուղարկել Հայաստան։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում