Հարգելի հայրենակիցներ,
Քիչ առաջ հաստատվեց, որ Արցախից դուրս գալու ժամանակ ադրբեջանական իշխանությունները գերևարել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին: Այս մասին հայտնել է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:
Կոչ ենք անում լսելի դարձնել արդարության ձեր ձայնը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի:
Հարգանքով,
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամ
Իր հերթին, «Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, «Հայաքվե»-ի աջակից Ռուբեն Վարդանյանին։
Խստորեն դատապարտում ենք թշնամի պետության այս հակաօրինական քայլը և պահանջում ՀՀ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»։
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ռուբեն Վարդանյանի ձերբակալման տեսանյութը եւ լուսանկարը։