«Այսօր Արցախում ցեղասպանություն է տեղի ունենում, արթնացի՛ր Գերմանիա»․ գերմանացի իրավապաշտպան

  • 24.09.2023
  • 0
  • 650 Views

Սեպտեմբերի 23–ին կոչ–պահանջագրով հարյուրավոր գերմանահայ խաղաղ ցուցարարներ հավաքվել էին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նստավայրի դիմաց։ Հայերի կողքին էին կանգնած նաև բազմաթիվ օտարազգիներ՝ գերմանացիներ, հույներ, թուրքեր, ասորիներ և մի շարք տարաբնույթ կազմակերպություննների անդամներ։ Բողոք–պահանջի այս հավաքը նախաձեռնել էին մի շարք կառույցներ՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Գերմանիայի հայոց թեմը, Վտանգված ժողովուրդների իրավունքները պաշտպանող միությունը, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախումբը։

Մասնակիցները՝ հուզված, բայց ցասումով և վճռական, միաբերան պահաջում էին մեկ բան՝ արդարություն։ Պաստառների գրությունները՝ «Ճանաչե՛լ Արցախը», «Պատժամիջոցներ Բաքվին», «Գազի գինը՝ ցեղասպանություն», «Ալիևը տեռորիստ է», «Վերջ սովին և շրջափակմանը», «Անկախություն Արցախին» և այլն, և այլն։ Գրություններին ուղեկցող լուսանկարներն ու ծաղրանկարները ցուցադրում էին Բաքվի կամայականությունների ու բռնաթյան հետևանքով առաջացած Արցախում տիրող իրավիճակը։ 

Միջոցառման սկզբում տերնուական աղոթքը հնչեցրեց Բեռլինի հոգևոր հովիվ Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը Տեր Հրաչ քահանա Բիլիջյանի հետ միասին, ով այցելել էր Բրեմենից։

Ելույթ ունեցան բազմաթիվ մասնակիցներ։ Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի հիմնադիր անդամ, դր․ Ժիրայր Քոչարյանը խիստ ցասումով էր լցված․ «Սիրելի՛ ընկերներ, ես ինձ հազիվ եմ տիրապետում վերջին իրադարձություններից հետո։ Ես ցեղասպանության զոհերի երրորդ սերունդ եմ՝ մայրս՝ մշեցի, հայրս՝ արցախցի։ Նրա ծննդավայրը երբեք չեմ տեսել, որովհետև ազերիները հիմնահատակ քանդել էին։ Հայրս ադրբեջանական ԱԳՆ–ի հետապնդումներից փախուստով անցել էր Արաքսը և հաստատվել Իրանում։ Ես Երկար տարիներ հավատացած էի, որ ցեղասպանությունն արդեն պատմություն է դարձել, բայց․․․ լսեցիք, չէ Էրդողանը 20 թվականին Բաքվում հայտարարեց, որ իրենք շարունակում են իրենց տխրահռչակ նախնիների գործը։ Իրենք միայն դրան են ընդունակ։ 30 տարի առաջ Արցախում հայերի թիվը 700.000–ի էր հասնում, այսօր՝ 120.000։ Ախորժակն էլ դեռ չի փակվել․ ամբողջ Հայաստանն են ուզում։ Մենք ինչքա՞ն ենք հանդուրժելու սա»։

Նույն հանձնախմբի հիմնադիր անդամ, գերմանացի իրավապաշտպան, դր․, պրոֆ․ Թեսսա Հոֆմաննը ողջունելով ներկաներին՝ շեշտեց, որ աննխադեպ է, երբ մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամն է, որ կանցլերի նստավայրի դիմաց ենք կանգնած․ «Ընդ որում Արցախի վիճակն ավելի է վատթարացել»։ Տիկին Հոֆմանը, հստակ մանրամասներ հաղորդելով Արցախում տիրող ներկա իրավիճակի մասին, գնահատական տվեց․ «Այնտեղ ցեղասպանություն է տեղի ունենում։ Մեր նախորդ կոչին արձագանք չեղավ։ Այժմ հստակ պահանջով ենք հադես գալիս՝ աջակցել արցախցիներին, որ նրանց՝ իրենց հայրենիքում արժանապատիվ ապրելու մարդու իրավունքը ապահովվի»։

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը նույնպես իր խոսքում ընդգծեց, որ Արցախում տիրող իրավիճակն աղետալի է․ «Սիրելի ցուցարարներ, Արցախում զինված, ագրեսիայով դաժան սպանություններ են տեղի ունեցել, հարյուրավոր քանակով։ Ադրբեջանը դիտավորությամբ այն իրականացնում է՝ վերացնելով Արցախից հայերի հազարավոր տարիների ներկայությունը։ Բաքվի հակամարդկային հռետորիկան կասկածի տեղիք այլևս չի տալիս։ Նրա ագրեսիան փաստերով արձանագրված է, որը ցույց է տալիս մարդու իրավունքների կոպտագույն խախտում»։

Բանախոսի կարծիքով՝ Արցախի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերին՝ նախատոնական ժամանակահատվածում, Բաքուն խորամանկորեն է ընտել։ Այդ ժամանակ Բուդեսթագի միայն որոշ պատգամավորներ են արձագանքել ԳԿԽ–ի նամակներին։ Շարունակաբար սակայն խորհուրդը դիմել է ամենուր՝ ի փրկություն Արցախի։

«Տեսանյութեր կան, որոնք փաստում են, թե ինչպես են կրակում ադրբեջանցիները և ռուս խախաղապահները ոչինչ չեն ձեռնարկում։ Մենք իբրև 21–րդ դարի հասարակություն նորից թույլ ենք տալու, որ բռնապետ Ալիևը շատ նենգ կերպով իր խաղը խաղա՞»,– նշեց բանախոսը։

Պարոն Շպանգենբերգը հիշեցրեց կատարված մի շարք իրադարձությունների մասին, որոնք ուղղված են եղել իրավիճակի բարելավմանը, սակայն ապարդյուն։ Ապա Գերմանիային հիշեցնելով, որ Բունդեսթագն արդեն տարիներ իր վեր ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և քաջատեղյակ է պատմությանը։ Ելնելով դրանից նա պարտավոր է այժմ վատթարագույնից խուսափելու համար միջոցներ ձեռնարկել։ 

Մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Մաթիաս Բյոհնինգը նույնպես իր խոսքի մեկնարկին նշեց, որ տեղի ունեցած հարձակումը Արցախի բնակիչների վրա անպատմելի մեծ ցավ է և լռության րոպե խնդրեց անմեղ զոհերի համար։ «Ցավալի է, որ այսօր մենք նորից ենք տեսնում պատմության կրկնություն։ 20–րդ դարում ցեղասպանություն է ապրել հայը, այժմ ՝21–րդ դարում, նույնը՝ ժամանակակից անօդաչու զենքերով։ Պատերազմի բացատրվող հռետորաբանությունը որպես ԵՄ–ին հավատարիմ գործընկեր անտանելի է։ Այն մեր արժեքներին և համոզմունքներին չի համապատասխանում։ Սահմանադրական կարգը վերականգնելու մասին խոսելը ցինիզմ և մարդկային անարգանք եմ համարում։ Հետևաբար, հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական շահերը, դրանց հետ առնչվող ամեն բան, նորից հաստատում եմ, որ ամենակարևոր ֆակտորն այստեղ մարդն է։ Դրա համար կրկնում եմ մեր պահանջը կանցլերին, որ արցախցիների գոյության և ինքնորոշման իրավունքը հարկավոր է հարգել և մենք դրա համար պահաջում ենք ազդու պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ։ Գերմանիայի կառավարությունը չպետք է լռի, երբ հայերի դեմ երկրորդ ցեղասպանությունն է կատարվում։ Մենք հստակորեն կանգնած ենք Արցախի հայերի կողքին»,– իր խոսքն այսպես եզրափակեց պարոն Բյոհնինգը։

Վտանգված ժողովուրդների իրավունքները պաշտպանող միության տնօրեն պարոն Ռոման Կյուհնը նույնպես իր խոսքում շեշտեց, որ իրենք կանգնած են հայերի և արցախահայերի կողքին։ Խոսելով այն մասին, թե ինչ իրավիճակ է այժմ Արցախում և Հայաստանում, նշեց, որ կածեք, թե Ալիևի համար բռնությունը՝ իրեն հաջողություն բերող սովորություն է դարձել։ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, իսկ Հայաստանին մենք մենակ ենք թողել։ Պարո՛ն կանցլեր, նայի՛ր և տե՛ս, որ ցեղասպանություն է տեղի ունենում։ Արտգործնախարարի ելութով այդ մասին միայն խոսելը բավարար չէ։ Պահանջում ենք նպատակաուղղված աշխատանք»։

Հնչեցրած կոչ–պահանջագիրը, որի ներքո կարճ ժամանակահատվածում ստորագրել էին ներկաները, մի շարք կազմակերպություններ և 1․500–ից ավելի մարդիկ, միջոցառման ավարտին հանձնեցին կանցլերի նստավայր։

Պարոն Օլաֆ Շոլցին ուղված կոչն ուներ հինգ կետից բաղկացած պահանջ և ներկա իրավիճակի հստակ նկարագիր։ Այնտեղ մասնավորապես ասվում է, որ Գերմանիան պետք է պահանջի  ադրբեջանական զինուժի հետքաշումը Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքից, պատժամիջոցներ կիրառի ադրբեջանական ագրեսիայի դեմ, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևին և «Սոկար» ադրբեջանական նավթային ընկերության ղեկավար Ռովշան Նաջաֆին, գործուղի հրադադարի պահպանմանը հետևող դիտորդներ, հստակ կարծիք արտահայտի Ադրբեջանի կողմից կատարվող բռնություններին և  Արցախում արդի իրավաճակի միջազգային անկախ հետազոտություն կատարի, նաև նախաձեռնի միջազգային խաղաղապահների գործուղումը Արցախ։

Նմանատիպ պահանջներով ելույթ ունեցան շատերը։ ԳԿԽ խորհրդի անդամ պարոն Սամվել Լուլուկյանը խորհուրդ տվեց երբեք չհուսալքվել և պաքարը շարունակել համախմբված։ Ասորի Ամիլ Գեորգիսը վշտահար հայտարարեց, որ ինքն այսօր իրեն հայ ու արցախցի է զգում։ Յենայի հայկական համայնքի ներկայացուցիչ Փաուլ Գյուլօղլուն խստորեն դատապարտեց տեղի ունեցածը։ Թրքուհի Գյուլսեն Այթանը մանրամասնելով ներկա սոսկալի իրավիճակը՝ պահանջեց Թուրքիայից ու Ադրբեջանից դադարեցնել ցեղասպանությունը և ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Դուդուկի կատարումով հանդես եկավ գերմանացի երաժիշտ Թիլման Լուդվիգը։ Բանաստեղծուհի Զոյա Ասլանյանն իր պահանջը ներկայացնելուց հետո կարդաց Ալիևին ուղղված իր բանաստեղծությունը՝ «ալիևը  և իր վերջը» խորագրով։

Ցուցարարները ավարտին հայտարարեցին, որ անդադար գործելու են՝ մինչև շոշափելի արդյունքների հասնեն։ Սեպտեմբերի 24–ին Բեռլինի Լուիզեն եկեղեցում հոգեհանգստի պատարագ կմատուցվի։ Այնուհետև Բեռլինի հայկական համայնքի սրահում տեղի կունենա հավաք ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) կազմակերպության ներկայացուցչի հետ։  Հայտնի դարձավ նաև, որ հոկտեմբերի 1–ին Բրյուսելում նույն պահանջով մեծաքանակ ցույց են կազմակերպելու ողջ եվրոպահայերը։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում