Ադրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 զոհ, որից 3–ը՝ երեխա. Դատարկվել է Մարտակերտը, 1050 բռնի տեղահանվածներ հասել են Գորիս

  • 24.09.2023
  • 0
  • 178 Views

Վերջին ժամ

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ:

Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։

ՀՀ Կառավարություն

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։  Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները.

Ալեքսանդր Ալեքսանյան

Գոհար Գրիգորյան

Նվեր Պողոսյան (երեխա)

Միքայել Պողոսյան (երեխա)

Դավիթ Ալեքսանյան (երեխա)։

Միեւնույն ժամանակ Լուսինե Զաքարյանը Մարտակերտից գրել է իր ֆեյսբուքյան էջում՝

Lusine Zaqaryan

Մարտակերտը թորքը էդպես էլ չկարողացավ գրավել` մարտագործողություններով.

Այսօր դուրս եկանք, ցավոք…

ու երևի առաջինը թուրքական գորշ գայլեր ջոկատն է մտել Մարտակերտ..

Ճանապարհին, հենց սկզբից , այդ ջոկատը զինված մեզ պատահեց, մատներով գորշ գայլերի նշանն էին ցույց տալիս…

Տեր Աստված , տեսնես ինչ վիճակում է այս պահին Մարտակերտը.

.բորենիների երազած դրախտային և լեգենդար Մարտակերտը…

Սյունաց երկիր թերթն էլ հայտնում է, որ Հայաստան բռնագաղթվող արցախցիները, ովքեր հանգրվանելու տեղ չունեն, Կորնիձորից տեղափոխվում են Գորիս, որտեղ՝ պետական դրամատիկական թատրոնի շենքում, կատարվում է հաշվառում, կարիքների գնահատում: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է բժշկական օգնություն:

Այնուհետեւ գաղթական դարձած արցախցիները բաժանվում են ըստ ժամանակավոր  կացության վայրերի:

Գորիսի պետական դրամատիկական թատրոնում  հանդիպեցինք  Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանին: Ըստ փոխհամայնքապետի՝ օրվա վերջին ու առաջիկա գիշերը սպասվում է բռնագաղթվածների նոր  խմբերի ժամանում Գորիս:

Բռնագաղթված արցախցիների մի մասը ժամանակավորապես կհանգրվանի Կապանում եւ Սիսիանում:

Թեեւ պատշաճ չէր այդ իրավիճակում արցախցիների հետ զրուցելը, սակայն մեկ հարց, այնուամենայնիվ, մեզ հետաքրքրում էր ի սկզբանե՝ արդյո՞ք տղամարդիկ նույնպես հնարավորություն ունեն անարգել անցնելու Հագարիի կամրջով: Ըստ ականատեսների՝ ադրբեջանական անցակետում առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերում այն տղամարդկանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախյան 1-ին պատերազմին:

ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի

Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:

216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են Կառավարության հատկացրած կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։

Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի:

Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ:

Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ:

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվեց, սա կարևոր քայլ է մարդկանց տառապանքը մեղմելու համար։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Սեպտեմբերի 19-ից քաղաքը հոսանքազրկված է»,-գրել է նա։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում