Չեխական մամուլը Լեռնային Ղարաբաղ ադրբեջանական ներխուժման մասին. «Առանց ռուսական օծման, էսկալացիան Ղարաբաղում հաջողություն չէր ունենա»

  • 21.09.2023
  • 0
  • 361 Views

Այս օրերին չեխական առցանց և տպագիր մամուլը ողողված է Լեռնային Ղարաբաղ ադրբեջանական ռազմական ներխուժման, քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ ինֆորմացիաներով ու վերլուծություններով, որոնց հրապարակումների ամփոփումը ներկայացվում է ստորև.

Սեպտեմբերի 19-ին «Ադրբեջանական ներխուժումը Ղարաբաղ խլել է 27 մարդկային կյանք։ Բախումներ են տեղի ունեցել Երևանում» վերնագրով հաղորդագրությամբ հանդես է եկել «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթի կայքէջը, որն անդրադարձել է Բաքվի հերթական ագրեսիային՝ ներկայացնելով.

«Երեքշաբթի կեսօրին ադրբեջանական ուժերը, խախտելով Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը, հրթիռային և հրետանային հարձակումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի վրա։ Զորքերը մի քանի վայրերում ճեղքել են հայկական ուժերի պաշտպանական գիծը և հաստատակամ են՝ հասնելու իրենց ռազմավարական նպատակին. «Ապահովել Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանությունը սեփական տարածքի վրա», Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը»։ Վերջինիս խոսքով՝ Բաքուն պատրաստ է բանակցել ԼՂ-ի հայերի հետ միայն այն դեպքում, եթե նրանք հանձնվեն, վայր դնեն զենքերը և լուծարեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրա մարմիններն ու կառույցները։

«Առնվազն 27 մարդկային զոհ կա և 138 վիրավոր, հայտնել են Ղարաբաղի իշխանությունները» ենթավերնագրի ներքո, անդրադառնալով նաև Ադրբեջանի ՊՆ խոսնակ Անար Էյվազովի հայտնած տվյալներին, երեքշաբթի օրվա լրատվության մեջ «iDNES.cz»-ը ներկայացրել է. «Ղարաբաղում ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված տեղական «հակաահաբեկչական» գործողությունների արդյունքում ոչնչացվել է՝ մոտ 20 հետևակի մարտական ​​մեքենա, մոտ չորս տասնյակ թնդանոթ, մոտ 30 ականանետ, հակաօդային հրթիռներով երկու սարք, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) վեց կայան, որը պատկանել է հայկական զինված ուժերին»։

Ռազմական գործողությունների հետևանքներին անտարբեր չի մնացել նաև սեպտեմբերի 20-ի չեխական «ՊՐԱՎՈ» օրաթերթը՝ «Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա» հոդվածով, որում, օգտվելով «Արմենպրես» գործակալության և «BBC News» սերվերի տվյալներից, մասնավորապես ներկայացրել է. «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ (միջազգայնորեն չճանաչված Ղարաբաղի Հանրապետության անվանումն է): Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոնում՝ Ստեփանակերտում, պայթյուններ են լսվում։ Քաղաքը ինտենսիվ ռմբակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից։ Երևանի հավաստմամբ կրակի տակ են առնվել նաև քաղաքացիական օբյեկտները»։

Բաքվի հայտարարած «Մենք միայն պաշտպանվում ենք…» ենթավերնագրի ներքո «ՊՐԱՎՈ»-ն և «iDNES.cz»-ը մեջբերում են կատարել ՊՆ խոսնակ Էյվազովի պնդումը՝ իբր «ադրբեջանական զորքերը հարձակվել են բացառապես ռազմական օբյեկտների վրա։ Քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները մեր թիրախները չեն»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նշել է նա։

Օգտվելով «Agence France-Presse (AFP)»-ի հաղորդագրություններից՝ «iDNES.cz»-ն ավելացրել է. «Ադրբեջանական ռազմական գործողության հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, այդ թվում՝ երկու խաղաղ բնակիչ, 138-ը վիրավորվել են, որոնցից 29-ը խաղաղ բնակիչներ են»,- հայտնել է ԼՂ-ի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ «7000 մարդ տարհանվել է Լեռնային Ղարաբաղի 16 վայրերից։

Ըստ «Meduza» սերվերի, որը հղում է անում հայկական տեղական աղբյուրներին և ռազմական թղթակիցներին, գնդակոծվել են Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքներ: Երեքշաբթի երեկոյան Ստեփանակերտում էլեկտրաէներգիան չի գործել»։

Չորեքշաբթի օրվա «ՊՐԱՎՈ» օրաթերթը խնամքով ներկայացրել է տիրող իրավիճակը մայրաքաղաք Երևանում՝ «Փաշինյանը՝ Մոսկվային. Մեզ ոչինչ չեք ասել» ենթավերնագրի ներքո խոսելով Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի. «Հայաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանին կոչ է արել «հստակ և միանշանակ քայլեր ձեռնարկել ագրեսիան դադարեցնելու համար»։

Անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ Հայաստանի խնդրանքը, կարճ ժամանակ անց, աջակցել է Ֆրանսիան։

«Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է նաև Պետական ​​անվտանգության խորհուրդ»,- ավելացրել է «ՊՐԱՎՈ» օրաթերթը՝ օգտվելով հայկական լրատու աղբյուրներից ձեռք բերված «РБК» գործակալության տվյալներից։

«ՊՐԱՎՈ»-ի աչքից չի վրիպել նաև Հայաստանի վարչապետի հայտարարությունը. «Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ՀՀ-ն Լեռնայն Ղարաբաղում  բանակ չունի։ Մենք այս պահին որևէ չհաշվարկված կտրուկ գործողություն չպետք է իրականացնենք»,- պաշտոնապես հայտնել է վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանը նաև մեղադրել է Մոսկվային՝ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի մտադրության մասին իրեն չտեղեկացնելու մեջ»,- շեշտում է օրաթերթը՝ նկարագրելով հայ բնակչության ըմբոստությունը ՀՀ կառավարության շենքի դիմաց. «ՏԱՍՍ-ի հաղորդագրությամբ՝ ՀՀ կառավարության նստավայրում երեկոյան բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև։ Ռուսական մեկ այլ գործակալության՝ «RIA Novosti»-ի թղթակցի փոխանցմամբ, ցուցարարները մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում բախվել են ոստիկանների հետ, փորձել են ճեղքել ոստիկանական շղթան և գրավել կառավարության շենքը։

Ցուցարարները վանկարկել են «Նիկո՛լ դավաճա՛ն» և «Ամո՛թ» կարգախոսներ, որոնց համոզմամբ վարչապետը «ոչինչ չի ձեռնարկում»՝ ի պատասխան Ղարաբաղում ադրբեջանական ռազմական օպերացիայի, որի հետ Հայաստանը չունի ցամաքային կապ։

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք, սակայն վարչապետը ներկա չի եղել նստավայրում»,- հոդվածն ավարտել է «ՊՐԱՎՈ» օրաթերթը։

«Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայի ամրոցում կայացած միջազգային գագաթնաժողովում սեղմեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը։ Իսպանական դահլիճում նրանք նույնիսկ միմյանց մոտ էին նստել այլ քաղաքական գործիչների հետ ոչ պաշտոնական քննարկման ժամանակ։ Այժմ երկու պետությունների միջև զինված հակամարտություն է, որից հետո սահմանները կարող են վերափոխվել»,- գրել է չեխական «Aktuálně.cz» կայքէջի խմբագիր Մարտին Նովակը։

Առհասարակ ի՞նչ կարծիքի են չեխերն այս հարցում։

«Առանց ռուսական օծման, էսկալացիան Ղարաբաղում հաջողություն չէր ունենա»,- ասում է Արևելյան Եվրոպայի փորձագետ Պավել Հավլիչեկը «iDNES.cz»-ին տված հարցազրույցում։

Այս վերլուծությանը կանդրադառնանք քիչ ավելի ուշ։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում