Քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սա վերաբերվում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողություններին:
Իհարկե մենք ծանոթացանք տեքստին, ու քանի որ այդ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում հիշատակվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և խոսվում է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին:
Առաջինն՝ այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, այն պայմաններում՝ երբ բազմիցս ասել ենք, որ 2021թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից նրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն:
Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության հարցն է, և տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, ապրելու արժանապատիվ և անվտանգ: Եվ իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում: Չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ըստ էության, դրված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա, բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում, դուք գիտեք, որ մենք ունեցել ենք նաև որոշակի վերապահումներ:
Նաև իմ արձագանքն այն է, որ Հայաստանի Հանրապետության հետ, ըստ էության, կապ չունեցող տեքստում Հայաստանի Հանրապետության անունը հիշատակելն արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը և գնահատականը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությանը ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ: Եվ, իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ Հայաստանի Հանրապետությանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը:
Եվ այս առումով, իմ գնահատականն առնվազն նաև այսօրվա իրադարձությունների համատեքստում առնվազն գոյության շատ լուրջ իրավունք ունի, բայց դա ինչ որ առումով նաև իմ գնահատականն է և իմ համոզմունքը: Ամեն դեպքում մենք, կրկին ասում եմ, տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին:
Վերջին տեղեկատվությունը, որ ինձ հաջողվել է ստանալ Լեռնային Ղարաբաղից, հետևյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է: Եվ մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, որովհետև, առավել ևս այս պայմաններում, կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր է: Եվ մենք կշարունակենք հետևել իրադարձություններին, և եթե լրացուցիչ գնահատական և լրացուցիչ ասելիք ունենանք այս առումով, իհարկե, այդ ասելիքն անպայման կկիսենք ձեզ հետ:
Հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը, լիարժեք կերպով ապահովվի Ռուսաստանի Դաշնության կողմից: Եվ գործնական առումով մենք կհետևենք իրադարձություններին և, իհարկե, նաև որոշակի, գուցե մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված և լրացուցիչ գնահատականներ, ասելիք ունենալու պարագայում այն անպայման կկիսենք ձեզ հետ:
Շնորհակալություն, այս պահին՝ այսքանը:
Երեկ նա ուղերձով դիմել էր ժողովրդին՝ Ադրբեջանի կողմից Արցախը հրետակոծելուց հետո
Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը: Եվ որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան: Բայց ընդհանուր տեղեկությունը դա է, որ սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել Լեռնային Ղարաբաղի տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Այս ընթացքում, իհարկե, Ադրբեջանը նաև տեղեկատվական ուղեկցում է իրականացնում գործողությունների: Եվ նաև մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությանը: Իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է , տեղեկատվությունն է, և ուզում եմ սրա վրա ուշադրություն հրավիրել, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել: Իհարկե, նաև ասել, որ այս իրադրությունն անկանխատեսելի էր՝ չի կարելի, որովհետև ինչպես նախորդիվ ասել եմ Կառավարության նիստերում, մենք տեսնում էինք իրադրության լարումը: Եվ նաև այսօր Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր, և փաստորեն դա արդարացվեց: Իհարկե, մենք անմիջապես Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ են հրավիրել՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ, և քննարկել ենք իրադրությունը: Եվ պիտի արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: Եվ, ինչպես արդեն Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի: Իհարկե, այս ընթացքում արդեն կան մեկնաբանություններ, ցավոք, որոնք փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ: Բայց ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, այն ինչ բազմիցս ասել եմ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, և դա է եղել մշտապես մեր օրակարգում: Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար: Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել: Եվ այս տրամաբանությունը, որ զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը:
Բայց ես ուզում եմ նաև գնահատել իրադրությունը Հայաստանի տեսակետից: Նախ ասեմ, որ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, այսինքն իրադրության տեսանելի և էական փոփոխություն մենք չունենք: Բայց ինչպես ասել եմ և ասում եմ, հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է: Տեսեք, այսօր մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ և նաև պաշտոնական լրատվամիջոցներ, կամ իշխանությունների հետ կապ ունեցող լրատվամիջոցներ, տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը: Եվ, ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները:
Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
Եվ նաև մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ: Բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր՝ արտաքին, նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ: Ցավոք պիտի արձանագրեմ, որ, ինչպես և սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են, ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր:
Ահա Հայաստանի պետականությունը և պետությունն այս պայմաններում պետք է արձագանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց, իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որոնք, իմ խորը համոզմամբ, պիտի սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դա դժվար է: Պիտի կռահեք, որ ինչքան դժվար է յուրաքանչյուրի համար, առնվազն նույնքան դժվար է նաև ինձ համար, Անվտանգության խորհրդի անդամների համար, երկրի ղեկավարության համար, բայց մենք այս պահին որևէ չհաշվարկված, որևէ կտրուկ գործողություն, որևէ արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք:
Իհարկե, ես հասկանում եմ նաև, որ տեղեկատվության որոշակի պակաս կա և տեղեկատվության պակասը նաև պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նշեցի, հրետանային հարվածների պատճառով կապի հանգույցներ են վնասված և այդ պատճառով տեղեկատվության հոսքի որոշակի դժվարություններ կան, բայց այնուամենայնիվ, կարծում եմ մեր լրատվամիջոցները և մարմինները, ըստ հնարավորի, կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի հետ և նրանց հումանիտար բնույթի աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ ըստ իրավիճակի:
Այս պահին կարծում եմ այսքանն ունեմ ասելու և կրկին անգամ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ չտրվել սադրանքների, պահպանել սառնասրտություն, հետևել պաշտոնական տեղեկատվությանը և պաշտոնական լրահոսին: Իհարկե, բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պատշաճ կարգով բոլոր իրադարձություններից տեղեկացված լինի: և, իհարկե, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կարգով գործի իրավակարգը և պահպանվի կայունությունը, որովհետև բոլորիս հասկանալի է, որ իրավակարգի և կայունության խաթարումը հենց այն նպատակն է, որ իրենց առաջ դրել են այն ուժերը, որ գործում են և նպատակադրված են գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Այսքանն այս պահին, սիրելի հայրենակիցներ, ըստ անհրաժեշտության, նաև ես անձամբ, ձեզ տեղեկատվություն կտամ իրադրության վերաբերյալ, իրադրության իմ գնահատականները կիսեմ ձեզ հետ, և նաև պետական մարմինները՝ Արտաքին գործերի նախարարությունը, ըստ անհրաժեշտության մյուս պետական մարմինները, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:
Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի հետ։
Քննարկվել են Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր:
Հեռախոսազրույցներում ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը և դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում: