Հազարավոր մարդիկ կրկին ըմբոստացել էին կառավարության և բարձր գների դեմ. Չեխիա

  • 19.09.2023
  • 0
  • 221 Views

«Հազարավոր մարդիկ կրկին ըմբոստացել էին կառավարության և բարձր գների դեմ» հոդվածով հերթական անգամ հանդես է եկել սեպտեմբերի 18-ի «ՊՐԱՎՈ» օրաթերթը՝ նկարագրելով չեխ փաստաբան Յինդրիխ Ռայխլի ոչ խորհրդարանական «PRO/ՕՀՓ» /Օրենք, Հարգանք, Փորձագիտություն/ կուսակցության կողմից հրավիրված շաբաթօրյա հանրահավաքը, որի ընթացքում Պրահայի Վացլավյան հրապարակը կրկին լցվել էր ՉՀ-ի վարչապետ Պետր Ֆիալայի (ODS/ՔԴԿ) կառավարության դեմ բողոքարկող հազարավոր ցուցարարներով։

Ըստ «ՊՐԱՎՈ»-ի՝ երկուսուկես ժամ տևող միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է ապրիլյան հանրահավաքի ցուցարարների թվին։

«Չեխական դրոշներով և հակակառավարական ցուցապաստառներով հոծ բազմության մեջ ՉՀ-ի ոստիկանությունը, այնուամենայնիվ, ձերբակալել է մի մարդու, ով կրել է ռուս վարձկան «Վագներ գրուպ»-ի արգելված տարբերանշանով շապիկ։ Վերջինիս նկատմամբ կասկած է հարուցվել հարցաքննության ընթացքում ցեղասպանությունը որպես ոճիր հերքելու կամ այն արդարացնելու հանցանքի մեջ»,- նշում է օրաթերթը։

Բեմից ելույթ ունեցողների թվում եղել են՝ սենատոր Յանա Զվիրտեկ Համպլովան, (SPD/ԱԱԺ)-ի պատգամավոր Յարոսլավ Ֆոլդինան, փաստաբան Օնդրեյ Դոստալը և ՉՀ-ի Անկախ արհմիությունների ասոցիացիայի նախագահ Բոհումիր Դուֆեկը։

Կազմակերպիչ Յ. Ռայխլն անհրաժեշտություն է հայտնել, որպեսզի արհմիությունները զանգվածաբար միանան կառավարության դեմ բողոքի ակցիաներին, որոնք ունեն գործադուլ հայտարարելու միակ տարբերակը։

«Այնուհետև Վացլավյան հրապարակից ցուցարարները բողոքի երթով շարժվել են Լետնա փողոցի երկայնքով՝ հասնելով ՉՀ-ի ՆԳՆ շենքի դիմաց։ Ողջ քայլերթի ընթացքում ոստիկաններն աստիճանաբար փակել են երթուղու ճանապարհները, ինչի հետևանքով քաղաքի կենտրոնում մեքենաների երկար հերթեր են գոյացել»,- եզրափակում է օրաթերթը։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում