«Հայաստանի շուրջ լարվածությունը սաստկանում է։ ՚՚Մենք հեղաշրջում չենք ծրագրում՚՚ շնչահեղձ հայտնում է Մոսկվան».Չեխական մամուլ

  • 16.09.2023
  • 0
  • 328 Views

Հայաստանում տիրող պայթունավտանգ իրադրությանն է անդրադարձել սեպտեմբերի 15-ի չեխական «ՊՐԱՎՈ» օրաթերթը՝ վերը նշված վերնագրով փոքրիկ հոդվածում, որը ներկայացվում է ստորև.

«Այն պնդումը, թե Մոսկվան ծրագրում է բռնությամբ տապալել Հայաստանում զարգացող արևմտամետ իշխանությունը՝ պաշտոնազրկելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վճռականորեն մերժվել է ռուսական դիվանագիտության խոսնակ Մարիա Զախարովայի կողմից»,- գրում է հոդվածի հեղինակ Մարտին Դոհնալը, որի տեղեկացմամբ վարչապետ Փաշինյանի տրամադրության տակ գործող որոշ հայկական Telegram-ալիքներում վերջերս շրջանառվող լուրերի համաձայն, Ռուսաստանը մտադիր է հազարավոր վագներականների օգտագործել այդ նպատակի իրականացման համար՝ օգտվելով նրանց ենթադրյալ ներկայությունից Հայաստանում։

 

«Մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են սահմանին ընթացող ռազմական սադրանքների շուրջ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ՀՀ-ում
Ռուսաստանի կողմից ծրագրված հեղաշրջման, ինչպես նաև Հայաստանում «Վագներ» ՄՌԿ 3 հազար մարտիկների առկայության մասին արծարծվող լուրերը չորեքշաբթի օրը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Դա դիցաբանության ժանրից է։ Ես դա «իսկական անհեթեթություն» կանվանեի»,- գրում է օրաթերթը՝ փոքր-ինչ համեմատական զուգահեռներ անցկացնելով Զախարովայի տարբեր ժամանակների պաշտոնական հայտարարությունների մեջ. «Այդ նույն խոսնակն անցյալ տարի, դեպի Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ինը օր առաջ, մեկնաբանելով մոտալուտ ներխուժման մասին լուրերը, հեգնական տոնայնությամբ դիմել է արևմտյան զանգվածային միջոցներին՝ (Bloomberg-ին, The New York Times-ին, The Sun-ին)՝ ասելով. «Խնդրում եմ հրապարակեք գալիք տարվա մեր «ներխուժումների» ժամանակացույցը, որպեսզի կարողանանք արձակուրդ պլանավորել»,- վերհիշելով Telegram-ում տեղադրված Զախարովայի ելույթից մի հատված՝ շեշտում է հոդվածի հեղինակը:

 

«Վագներականներն ուժեղանում են» ենթավերնագրի ներքո հոդվածում պարզաբանվում է, թե ինչին է կոնկրետ արձագանքել Զախարովան։ «Սեպտեմբերի 8-ին «Telegram»-ում գործող «Բաղրամյան 26» ալիքը, որը, ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության, շատ մոտ է Փաշինյանին, հանդես է եկել հետևյալ հաղորդագրությամբ. «Կրեմլը հեղաշրջման սցենար է պատրաստել Հայաստանում։ Ծրագրի նպատակն է երկրում առկա վագներականների օգնությամբ իշխանազրկել Փաշինյանին և նրա համախոհներին։ Պուտինի համբերության վերջին կաթիլը հայ-ամերիկյան զորավարժությունն էր։ Ներկայումս Հայաստանում վագներականների թիվը հասել է 12 հազարի»,- գրում է հեղինակը։

 

Հոդվածի վերջաբանում ներկայացվում է, որ Ռուսաստանը Հայաստանում ունի մոտ 10 հազար զինծառայող, «որոնց կեսը, «Eurasianet» կայքի տեղեկացմամբ, Գյումրի քաղաքում տեղակայված ռազմական բազայում են։ Մյուսները Երևանում են։ Մոտավորապես երկու հազար ռուս «խաղաղապահներ» վերահսկում են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, որը հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով»: Հոդվածի եզրափակիչ հատվածում օրաթերթը հիշեցնում է, որ նշյալ «զինծառայողների մանդատը լրանում է 2025 թվականին»։

 

 Արսեն Քոչարյան

 Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում