Հայոց լեզուն տունն է հայուն…

  • 14.09.2023
  • 0
  • 285 Views

19 տարի է անցել այն օրվանից, երբ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, հյուրընկալ Իսպանիայի գեղատեսիլ Վալենսիա քաղաքում, հիմնադրվեց երկրում առաջին հայկական կրթօջախը, որը քիչ անց հիմնասյունը պիտի հանդիսանար հայկական կազմակերպության հիմնադրմանը։

Արարատ հայկական միության հովանու ներքո այս էլ արդեն 19 տարի անխափան գործող հայկական կրթօջախի դռները հերթական անգամ բացվեցին հայ երեխաների առջև` հրավիրելով նրանց ուղեկիցը դառնալ այն արկածներով լի ճանապարհորդությանը, որն ամեն տարի նոր անակնկալներ, բազում անմոռանալի և հիշարժան պահեր է նվիրում բոլոր մասնակիցներին։ 57 հայ մանուկներ ու պատանիներ այս տարի կճանապարհորդնեն այդ բավիղներով` հայտնաբերելու աշխարհի լեզուների ակունքներից բխող հայերենի գանձարանը։

Շատերը գիտակցաբար, իսկ մեծ մասը, գուցե, անգիտակցորեն, պիտի ստանձնեն իրենց վրա հայապահպանության սուրբ գործը` վերածվելով մերօրյա հերոսների և մայրենին անմահ պահող անխոնջ մարտիկների։ Հենց սրանում է, անշուշտ, հայոց լեզվի հարատևության և հավիտենականության առհավատչյան “աշխարհի չորս ծագերում”: Եվ շուրջբոլորը տիրող “ահեղ լափումին կուլ չէրթալու” պայքարի ջահակիրներն, իհարկե, ուսուցիչներն են, ովքեր, չնայած առօրյա բազմաթիվ ու բազմաբնույթ հոգսերին, անմնացորդ են կատարում իրենց առջև ծառացած հայ ինքնության պահպանման մարտահրավերը։

Հայկական դպրոց մուտքի մոտ աշակերտները բարիգալստյան ասմունքներ հնչեցրեցին հավաքված ծնողների և հյուրերի առջև` խոստանալով լավագույնս կատարել իրենց առջև դրված պարտականությունները։ Իսկ, որ ամենակարևորն է, նրանք նաև կոչ արեցին միջազգային հանրությանը` միջոցներ ձեռնարկել` բացելու Բերձորի միջանցքը։ Նրանք նշեցին, որ իրենք հնարավորություն ունեն հաճախելու հայկական դպրոց, գտնվելով հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, իսկ ահա, արցախցի ավելի քան 30.000 երեխա զրկված է այդ և մի շարք այլ իրավունքներից` գտնվելով մեր բոլորիս հայրենիքում։

Դե ինչ, ևս մեկ տարի ասենք բարի երթ դեպի հոբելյանական 20-ամյակ ընթացող հայկական կազմակերպությանն ու կրթօջախին` մաղթելով նրանց անխափան ընթացք և բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք։ Իսկ աշխարհասփյուռ հայությանը ցանկանանք կամք և ուժ` աստիճանաբար խորացող ուծացման դեմ պայքարում, քանզի հիշենք` “ի՞նչ ունենք այս աշխարհում, որ այսքան մերը լինի”:

Արարատ հայկական միություն

Վալենսիա, Իսպանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում