ՀԲԸՄ-ի համաշխարհային համայնքի հիմնասյուն հանդիսացող և արդյունաբերության և մարդասիրության ոլորտի առաջնորդ, հայ ականավոր բարերար Նազար Նազարյանը կյանքից հեռացավ 2023 թվականի օգոստոսի 28-ին, 98 տարեկան հասակում։ Նա իր կյանքն ապրեց իր անձնական հավատամքի համաձայն. այն է՝ «անմնացորդ նվիրվել սեփական ազգին և Հայ Եկեղեցուն և վայելել նրանց ծառայելու բերկրանքը»:
«Մեր սիրելի Նազարի մահը մեծ կորուստ է մեր համայնքի համար։ Նա վարել է նպատակային և հոգևոր կյանք՝ միշտ պատրաստակամ լինելով ներդրումներ կատարել խոստումնալից նախաձեռնություններում՝ օգնելու մեծաթիվ անհատների։ Ինձ համար մեծ պատիվ է նրան ընկեր, հուսալի թիկունք, հորեղբայր և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության գործընկեր-անդամ անվանելը»,- նշեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:
Որպես կրթության, առողջապահության, ազգաշինության և, առաջին հերթին, Հայ Առաքելական Եկեղեցու ականավոր հովանավորների իրավահաջորդ՝ Նազարյանն իր կյանքի ընթացքում հավատարիմ մնաց ճակատագրի սահմանած իր ուղուն։ Իր լուսահոգի կնոջ հետ միասին նա իր ընտանիքի անդամների՝ դուստր Սեդայի և որդի Լևոնի ու նրա կնոջ Կլաուդիայի, ինչպես նաև հինգ թոռների՝ Ուիլյամի, Մեթյուի, Նիկոլասի, Դանիելայի և Գրիգորի մեջ նույնպես սերմանել է այս առաքինի հատկանիշները։ Նազարը նույնիսկ բախտ ունեցավ տեսնել իր երկու ծոռներին՝ Հենրիին և Մադլենին:
Հալեպում Լևոն և Սաթենիկ Նազարյանների ընտանիքում ծնված Նազարը մեծացել է Լիբանանում՝ իր սիրելի քույր-եղբայրներ Կարպիսի, Նուբարի և Մարիի հետ միասին։ Այնտեղ նրանց ընտանիքը հայ համայնքի ակնառու գործիչներից էր։ Նազարյանն ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը՝ ստանալով դեղագործության բակալավրի աստիճան:
Ընտանեկան բիզնեսն ընդլայնելու նպատակով Նազարը 1950-ականներին արտագաղթում է ԱՄՆ, որտեղ հանդիպում է իր կյանքի սիրուն՝ Արտեմիս Թոփչյանին։ Վերջինս ծնունդով Ուոթերթաունից էր (ԱՄՆ): «Ամերիկյան երազանքի» բարձունքին հասնելուց հետո զույգը պարտավորվեց կիսել իրենց հաջողությունները հայ համայնքի հետ և աջակցել հայկական լայնածավալ նախաձեռնություններին: Նրանց հետևողական առատաձեռնությունը նպաստեց տեղի հայկական համայնքների զարգացմանը ոչ միայն Մեծ Նյու Յորքի շրջանում, որտեղ նրանք ապրում և աշխատում էին, այլև աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Լիբանանում և ավելի ուշ՝ անկախ Հայաստանում և Արցախում։
ՀԲԸՄ-ի հարգարժան բարերարն ու առաջնորդը
Նազարի նվիրվածությունը ՀԲԸՄ-ի տեսլականին և արժեքներին բխում էր ընտանեկան դաստիարակությունից և ՀԲԸՄ-ի հանդեպ ընտանիքի տածած խորը նվիրվածությունից: Զարմանալի չէր, որ նրա նվիրումն իր համար ուղի հարթեց կազմակերպությունում ղեկավար պաշտոնների հասնելու գործում:
1978-ից 2007 թվականներին նա եղել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ՝ զբաղեցնելով փոխնախագահի և գանձապահի պաշտոնները։ Այնուհետև ծառայել է որպես Հոգաբարձուների խորհրդի անդամ և Պատվավոր հոգաբարձու: Նա համարվում է ՀԲԸՄ-ի ժամանակակից պատմության ամենալայնամասշտաբ գործունեություն ծավալած գործիչներից մեկը:
Միշտ առաջնորդվելով նոր սերունդներին թևակից լինելու գաղափարով՝ ՀԲԸՄ-ի շրջանակներում նա և Արտեմիսը աշխարհի տարբեր անկյուններում աջակցել են մի շարք դպրոցների, հիմնել կրթաթոշակներ և ստեղծել համայնքային կենտրոններ, ինչպես օրինակ՝ «Լևոն և Սաթենիկ Նազարյան նախակրթարան»-ը (Բեյրութ), «Լևոն Նազարյան դահլիճ»-ը (Նյու Ջերսի), «Նուբար» ճամբարի «Նազարյան կենտրոն»-ը (Նյու Յորք), ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան վարժարան»-ի «Արտեմիս Նազարյան նախակրթարան»-ը (Կալիֆորնիա) և «Նազարյան սրահ»-ը (Բուենոս Այրես)։ Նազարյանների շնորհիվ այս կառույցներում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուրախություն ու ժպիտներ են պարգևել հազարավոր երեխաների։
Հայաստանի շարժիչ ուժը
1998թ.-ին ՀԲԸՄ-ի տեսլականին ընդառաջ՝ Նազարը ֆինանսավորեց եղբոր՝ Նուբարի հիշատակին նվիրված շենքի կառուցումը Լիբանանում, որն առ այսօր ծառայում է որպես Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Ռազմավարական այս որոշումը համայնքի զարգացմանն ուղղված նպատակային նվիրատվությունների երկար շարքից էր՝ միտված նպաստելու սփյուռքի ու հայրենիքի միջև կապերի խթանմանն ու ազգի բարգավաճմանը։
2000թ.-ին, երբ Հայաստանը դեռ կրում էր խորհրդային առողջապահական համակարգի փլուզման ծանր հետևանքները, Նազարյանը ևս մեկ հեռատես որոշում կայացրեց՝ ֆինանսավորելով երկրում առաջին ուլտրաձայնային հաստատության՝ ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան» ռադիոլոգիայի կենտրոնի հիմնումը: Ուլտրաձայնային այս գերժամանակակից տեխնիկայով հարուստ կենտրոնը հիմնադրման օրից ի վեր Հայաստանում փրկել է բազմաթիվ կյանքեր: Բացի այդ, Նազարյանները տասնյակ ուլտրաձայնային սարքեր են նվիրաբերել Հայաստանի, Արցախի և Ջավախքի հիվանդանոցներին:
Նազարի և Արտեմիսի շնորհիվ՝ 2015 թվականին Երևանում բացվեց 5,000 քմ գրասենյակային տարածքով ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղին, որի արդյունքում ՀԲԸՄ-ն մշտական ֆիզիկական ներկայություն ապահովեց հայրենիքում՝ անմիջականորեն ծառայելու Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներին: Այդ ժամանակից ի վեր ՀԲԸՄ-ն իրականացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական զարգացման և մարդասիրական օգնության նախաձեռնություններ և դարձել մշակութային միջոցառումների կենտրոն՝ նպաստելով Հայաստանի ստեղծագործ համայնքի աշխուժացմանը:
Հավատք և նվիրվածություն
Բարեգործական ծրագրերում Նազարի ակտիվ, կամավոր ներգրավվածությունը բխում էր իր հավատի հանդեպ անմնացորդ նվիրումից։ Վաղ տարիքից Եկեղեցու հավատարիմ հետևորդ լինելով՝ 1969 թվականին ԱՄՆ-ում նա դարձավ Սուրբ Վարդան եկեղեցու (Նյու Յորք) կառուցման հովանավորներից մեկը: Նա եղել է Թենաֆլիի (Նյու Ջերսի) Սուրբ Թովմաս հայկական եկեղեցու հիմնադիր-առաջնորդներից և բարերարներից, ինչպես նաև՝ Նյու Ռոշելի (Նյու Յորք) Սուրբ Ներսես հայկական ճեմարանի հովանավորը, որտեղ երկար տարիներ ծառայել է խորհրդի կազմում: Կնոջ հետ միասին մեծ ներդրում է ունեցել նաև հայ քահանաների և եկեղեցական առաջնորդների կրթության մեջ։
Նազարյանները մեծ դեր ունեցան նաև նորանկախ Հայաստանում Եկեղեցուն աջակցելու գործում՝ ֆինանսավորելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շինարարությունը, որտեղ այժմ գտնվում են կաթողիկոսական գրասենյակը և Մայր Աթոռի քարտուղարությունը։ Նրանք նաև հովանավորել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սուրբ Տրդատ մատուռի կառուցումը։ Նազարը Սուրբ Էջմիածնի կողմից արժանացել է բարձրագույն պարգևների, ինչպես նաև բազմիցս պարգևատրվել ու կոչումներ է ստացել աշխարհի մի շարք եկեղեցիների առաջնորդների և պետությունների ղեկավարների կողմից։
«Նազարը մեր Եկեղեցու համար ավելին է եղել, քան պարզապես առատաձեռն նվիրատուն կարող էր լինել: Նա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մտերիմ ընկերն ու խորհրդականն էր և իր ներդրումն է ունեցել Վեհափառ հայրապետի նախաձեռնած բազմաթիվ կրոնական ծրագրերում և միջոցառումներում»,- նշեց Սեդրակյանը։
Նազարյանների բարեգործությունը ծառայել է ոչ միայն ի նպաստ հայերի։ Նրանց հետևողական նվիրատվությունների արդյունքում ծաղկում էին մշակութային և արվեստի ոլորտներին ուղղված ծրագրերը: Բացի այդ, նրանք հիմնադրամներ և կրթաթոշակներ են հիմնել այնպիսի հեղինակավոր հաստատություններում, ինչպիսիք են՝ Բոստոնի և Ուեսլեյան համալսարանները՝ անհատական դրամաշնորհներ տրամադրելով հայ և օտարերկրյա ուսանողներին և հետամուտ լինելով նրանց երազանքների իրականացմանը:
ՀԲԸՄ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Նազարյան ընտանիքի անդամներին իրենց սիրող հոր, պապի և մեծ պապի կորստի այս դժվարին պահին. մարդ, ով չուներ սահմաններ իր ազգին և Եկեղեցուն ծառայելու հարցում և ով քրիստոնեական հավատի, հույսի և բարեգործության արժեքները կիրառում էր նույնիսկ իր առօրյա կյանքում։
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:
ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org: