armtimes.com Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական Le Point պարբերականին տված հարցազրույցում խոսել է Լաչինի միջանցքում ստեղված իրավիճակի մասին և անընդունելի համարել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
«Ֆրանսիայի դերն այն է, որ շարունակի ճնշում գործադրել հումանիտար հասանելիության վրա։ Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այդ նպատակին հասնելու համար», հարցազրույցի ժամանակ նշել է Մակրոնը։
Պարբերականի հաղորդմամբ՝ Մակրոնն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Ֆրանսիայի դերը, որը ձգտում է երաշխավորել մարդասիրական հասանելիությունը:
«Մեր մոտեցումը հստակ է, մենք ցավում ու դատապարտում ենք, բայց այլևս դիվանագիտության ժամանակը չէ։ Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովրդի ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Ես չեմ կարող անդրադառնալ այս թեմայի ամենասուր կողմերին:
Ֆրանսիան հստակորեն դատապարտեց 2020 թվականի պատերազմը և մի քանի մարդասիրական օգնություն կազմակերպեց։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի տևական խաղաղություն և պաշտպանված լինեն ժողովուրդներն ու մշակույթները: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,-հայտարարել է Մակրոնը:
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը խուսափել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռամբ ստեղծված իրավիճակը «ցեղասպանություն» որակել։
«Ես ձեռնպահ կմնայի այս տերմինն այդքան արագ գործածելուց: Այո, մենք ունենք հումանիտար իրավիճակ, որն անընդունելի է։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է, և մենք շարունակում ենք մեր բոլոր ջանքերը՝ դրան հասնելու համար: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու սննդամթերքի և դեղորայքի առաքումը և Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը։ Եվ բացի այդ, Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված»,- նշել է Մակրոնը:
orer.eu