Երեւանում կբացվի Բելգիայի դեսպանություն

  • 22.08.2023
  • 0
  • 63 Views

Օգոստոսի 22-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ: Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը. Որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը մասնավորապես անդրադարձել է հանդիպման արդյունքներին։

« Սա Ձեր առաջին այցն է Հայաստան, և կարող եմ վստահությամբ նշել, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման, նոր ծրագրերի նախանշման համար։

Տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում գործընկերոջս հետ գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել մասնավորապես տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու, հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ։ Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման, ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված փոխգործակցությունը կունենա իր դրական արդյունքը:

Նաև այս համատեքստում մեծապես ողջունում ենք Բելգիայի կառավարության որոշումը՝ Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ: Այս որոշումը վստահաբար նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների դինամիկ զարգացմանը։ Օգտվելով առիթից, տիկին նախարար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս գործում Ձեր անձնական ջանքերի համար։ 

Իհարկե, ցանկանում եմ այս առիթն օգտագործել և թե՛ ԱԳՆ, թե՛ մեր հանրության անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բելգիայի արտաքին գործերի նախարարության կողմից Երևանի «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» տրամադրված աջակցության համար: Մենք լիահույս ենք շարունակել փոխգործակցությունն այս ուղղությամբ ևս» շեշտել է Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցության, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում համագործակցության հարցերը։

Նախարարը նշել է, որ քննարկված հարցերի շրջանակը լայն է՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությունից մինչև տնտեսական զարգացում, անվտանգային հարցերի շուրջ երկխոսություն և Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեություն: «Եվ վերջինիս մասով կրկին ցանկանում եմ կարևորել և գոհունակություն հայտնել Բելգիայի կառավարությանը առաքելության կազմում անմիջական ներկայացվածության համար» ասել է նա:

Նախարարները քննարկել են նաեւ Արցախում ստեղծված հումանիտար աղետը։

Այցի շրջանակներում Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Հաջա Լահբիբը Երևանում այցելել է նաև «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»՝ հաշվի առնելով Բելգիայի կառավարության կողմից 2021 թվականին կենտրոնին տրամադրված աջակցությունը, որը մեծապես նպաստել էր կենտրոնում միկրովիրաբուժական բաժանմունքի ստեղծմանը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում