Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող հաղորդագրություններ տարածել:
Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։
Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն։ Միևնույն ժամանակ ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել հրադադարը սահմանագծի տարբեր ուղղություններով: Այսպես, օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր օգօստոսի 19-ին դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է: Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը։ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 20-ին ժամը 15։15-ի սահմաններում փորձել են Քաշաթաղի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Օգոստոսի 21- ին, ժամը 05:50-ից 6։30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15-ից ժամը 10։23-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի-Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում ԱՀ օդային սահմանները։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով օրավուր խորացող հումանիտար աղետից։
orer.eu