
Ստեփանավան օդանավակայանում կկայանա Air Fest IV Stepanavan փառատոնը
Օգոստոսի 26-ին Ստեփանավան օդանավակայանում (Տաշիր համայնք) կկայանա Air Fest IV Stepanavan փառատոնը։ Ժամը 12:00-ից սկսած Ստեփանավանի օդանավակայանում ներկաները ականատես կլինեն մեծ օդային փառատոնի․ երկինքը կզարդարեն տարատեսակ թռչող սարքեր՝ ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ։ Միջոցառմանը կներկայացվեն ժամանցային ծրագրեր, իմերսիվ փորձառություններ՝ զուգորդված բենդների և DJ-ների կատարումներով։
Սակայն, Air Fest IV Stepanavan-ը միայն հետաքրքիր ժամանցի մասին չէ․ վերջինիս առաջնային նպատակը Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը նպաստելն է։ Air Fest-ի շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ և շնորհանդեսներ ոլորտի առաջատարների կողմից։ Նրանք կկիսվեն իրենց փորձով, գիտելիքներով և գաղափարներով՝ Հայաստանում փոքր ավիացիայի հետագա զարգացման վերաբերյալ։
«Armenia Air Fest-ը ավելին է, քան պարզապես միջոցառում, այն ճանապարհորդություն է դեպի փոքր ավիացիայի հետաքրքրաշարժ աշխարհ: Մեր միջոցառումը ցուցադրում է ինքնաթիռների, օդապարիկների, անօդաչու թռչող սարքերի, ավիամոդելների բազմազան տեսականի և որպես փոքր ավիացիայի զարգացման հարթակ՝ փառատոնը նպատակ ունի ոգեշնչել օդաչուների և ավիացիայի էնտուզիաստների հաջորդ սերնդին և նպաստել մարզպետների, մասնավոր հատվածի և կարծիքի առաջնորդների միջև երկխոսությանը, ինչը պետք է օգնի ոլորտի զարգացմանը»,- նշում են կազմակերպիչները։
Նշենք, որ Air Fest IV Stepanavan-ը կազմակերպվում է Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աջակցությամբ