ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ 21.08.2023թ, 12:00-ից մարդու հիմնարար իրավունքների ու մարդասիրության վրա հիմնված խաղաղ միջոցով սկսում է փակել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ինչն ահազանգ է միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը և իր հովանավորները Արցախի շրջափակումով ՄԱԿ-ի սահմանած աշխարհակարգի խարխլման գործընթաց են փորձում իրականացնել:
Սա ահազանգ է հայ հանրությանը, որ աշխարհակարգի խարխլմանը հետևելու է Ադրբեջանի և իր հովանավորների կողմից բառացիորեն ցեղասպանության իրականացումը և այն տարածվելու է ամբողջ աշխարհով մեկ, որովհետև անպատիժելիությունը նախադեպ կդառնա մեր օրերում:
Եվ դրա կանխարգելման միակ ձևն առաջին փուլում Արցախը Հայաստանին կապող միջանցքի բացումն է և հումանիտար աղետի ու ցեղասպանության կանխումը: Ո՛չ տեղահանումը և հայրենազրկումը, ո՛չ Արցախի հայ ժողովրդի կամքը հպատակեցնելը, այլընտրանք առաջարկելով ու կեղծ ինտեգրացիաներով, չի կարող փրկել աշխարհակարգի տապալումը և հետագա ճգնաժամը:
Միջանցքը ճանաչված է բոլորի կողմից, և դա կենսական նշանակություն ունի 120000 մարդու համար: Խաղաղության հասնելու և էսկալացիաները տարածաշրջանում չեզոքացնելու միակ միջոցը բացումն է, որը չունի այլընտրանք:
Ի՞նչ պահանջներով ենք իրականացնում մեր խաղաղ անհնազանդությունը.
1. ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք բացել միջանցքը։
2. ՄԱԿ-ից պահանջում ենք հումանիտար բեռները տեղափոխել Արցախ:
3. ՄԱԿ-ից պահանջում ենք գրավոր պատասխանել մեր առաջին տված նամակին և վերջին նամակում ներառված հարցերի մասով ներկայացնել և՛ իրավիճակը, և՛ իրենց մոտեցումները:
4. ՄԱԿ ԱԽ-ից պահանջում ենք պատասխանատվության կանչել ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարությանը:
Հույս ունենք, որ ներկա կլինեք և կլուսաբանեք մեր ակցիան։ Հարցերի դեպքում ազատ զգացեք կապվել մեզ հետ batsum.opening@gmail.com էլեկտրոնային հասցեով։
Հիշեցնենք նաև, որ երեկ տեղի է ունեցել Ստեփանակերտ-Երևան-Սփյուռք հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի իրավունքների պաշտպանության։ Հանրահավաքի մասին տեղեկություններ կարող եք գտնել մեր էջում։ Նաև ազատ զգացեք ցանկության դեպքում տարածել մեր էջում տեղադրված նյութերը հանրահավաքի մասին։
Հարգանքով՝
«Բացում» քաղաքացիական նախաձեռնություն