
Իտալիայի Կարարա հռչակավոր քաղաքում տեղադրվել է իտալահայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի մոնումենտալ արձանախումբը։ Կարարան աշխարհին հայտնի է իր բարձրորակ մարմարի հարուստ քարհանքներով։ Դեռ հին Հռոմի ժամանակներից այդ ազնվական քարերով են կերտել իրենց գլուխգործոցները տարբեր ազգերի բազմաթիվ նշանավոր քանդակագործներ՝ Միքելանջելոյից մինչեւ Կանովա, Բեռնինիից Իսամի Նոգուչի, Ֆորսեկա, որոնց գործերը հանդիսանում են աշխարհի տարբեր քաղաքների թանգարանների եւ տաճարների անզուգական զարդերը։
Մեր օրերում Կարարայում, որն իր մարմարի հանքերից բացի հայտնի է նաեւ իր հնագույն գեղարվեստի ակադեմիայով, անցկացվում է WAIT CARARA խորագրով քանդակի ավանդական միջազգային բացօթյա ցուցադրություն։
Այս տարի նրա պատվավոր մասնակիցների թվում էր մեր հայրենակից Միքայել Օհանջանյանը։ Նա արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ապրում եւ ստեղծագործում է Իտալիայում։ Տաղանդավոր արվեստագետը անցնելով երկար, բարդ նաեւ վերելքներով լեցուն ճանապարհ, այսօր հայտնի եւ գնահատաված անուն է Իտալիայի եւ Եվրոպայի արվեստի աշխարհում։
Բազմաթիվ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներից մինչեւ Վենետիկի Բիենալե (2015թ. Ոսկե Առյուծի մրցանակակիր, Հայկական տաղավարի մասնակից), Լոնդոնի Ֆռիզ արվեստի միջազգային տոնավաճառից մինչեւ Յորքշիրի քանդակի հայտնի այգի եւ մի շարք միջազգային քանդակագործական մրցանակաբաշխությունների մասնակից եւ մրցանակակիր։

Կարարայում ներկայացված Օհանջանյանի «LEGAMI»(Կապեր) շարքի երկու կտորներից բաղկացած ստեղծագործությունը հաջողությամբ համադրում է բնական քարի բրուտալ էներգիան նրա մշակված մասերի եւ մետղայա լարերի նուրբ, միաժամանակ լարված դրամատիզմով։
Հեղինակն արդյունքում ստացել է բազմախորհուրդ մի ամբողջություն, որի ստատիկ բեկված դիմանիզմը կարեւոր ծավալային շեշտ է ավելացնում Կարարայի կենտրոնի դասական ճարատարպետությանը։
Ցուցադրությունը տեւելու է մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը։
Սեփ. Թղթ.
Լուսանկարները՝ Նիկոլա Նիեզիի եւ Ջուզեպպե Դալեայի
ՕՐԵՐ


