ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը թափանցիկության եւ հաշվետվողականության կոչ է անում:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օգոստոսի 15-ին հաստատել է, որ Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության: Չնայած վերջինիս նախնական հերքումին, հրապարակվեցին տեսաապացույցներ, որոնք հաստատեցին ինչպես ԵՄ դիտորդների, այնպես էլ նրանց մեքենաների ուղղությամբ կրակոցների փաստը, ինչից հետո միայն ԵՄ առաքելությունը սոցցանցից հեռացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վարկաբեկող նախնական հայտարարությունը եւ հաստատեց հարձակումը իրենց պարեկության տարածքում։ Բարեբախտաբար, այս միջադեպի ընթացքում դիտորդական առաքելության անդամները չեն տուժել:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը: Այդ մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը, այլեւ լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա: Նման անխոհեմ պահվածքը զգալի քաղաքական հետեւանքներ է պարունակում եւ, որ ավելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելության անձնակազմի եւ խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգությունը, որոնք հետեւողականորեն ենթարկվում են հարձակումների:
Հուսահատեցնող է նաեւ այն փաստը, որ ԵՄ առաքելությունը ձեռնպահ է մնում ագրեսորին բացահայտ մատնանշելուց եւ չի հստակեցնում, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում կրակոցների համար, որոնք թիրախավորում էին նաեւ ԵՄ առաքելության անձնակազմին:
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը կոչ է անում գործել թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։ Սա խսիտ անհրաժեշտ է ԵՄ առաքելության արժանահավատության եւ աշխատանքի արդյունավետության համար։
Ավելին, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ ԵՄ-ի համար հրամայական է թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, հանդես գալ շարունակական սադրանքների եւ միջազգային իրավունքի անտեսման ադրբեջանական քաղաքականության դեմ: ԵՄ-ն չպետք է դառնա Ադրբեջանի անօրինական գործողությունների հետեւորդը»: